Ամեն օր գոռում են՝ աշխատավարձերը բարձրացրել ենք եւ ուզում են 6% հարկ սահմանե՞լ. Էդմոն Մարուքյան

Կիսվել

Առողջապահության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը», որի համաձայն, ՀՀ բոլոր աշխատող և ինքնազբաղված քաղաքացիներն առողջության հարկ կվճարեն: Այսպես, ավելի քան 150 հազար դրամ ստացողների համար, որոնք կազմում են աշխատողների 59%-ը, դա կկազմի աշխատավարձի 6%-ը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունում դեռ չեն ուսումնասիրել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ներկայացրած նախագիծը՝ առողջության ապահովագրման համապարփակ համակարգ ներդրելու մասին, բայց նախնական տպավորությունը վատն է:

«Ես կարծում եմ՝ առողջապահության նախարարը ուզում է ցույց տալ, որ ինքն ամենաշատ ռեֆորմներ առաջարկող նախարարն է: Դա նորմալ է, ուզում է ցույց տալ, ցույց է տալիս, ինչ ասես»,- PrimeNews.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորը տրամաբանական չի համարում նախարարի ներկայացրած նախագծով առողջության ապահովագրման համար առաջարկվող 6 տոկոս եկամտահարկի գանձումը:

«Ամեն օր բոլորը այստեղ գոռում են, որ աշխատավարձերը բարձրացրել ենք ու դրանից հետո ուզում են 6 տոկոս հարկ սահմանե՞լ ապահովագրման համար, հետ հավաքեն այդ բարձրացրած մասը», – նշեց Մարուքյանը:

Նա տեղեկացրեց, որ խմբակցությունում մասնագետներն այժմ մանրամասն քննարկում, ուսումնասիրում են նախագիծը, բայց միևնույն է, նրա կարծիքով, իրենք դեմ կլինեն այդ առաջարկությանը:

Հիշեցնենք՝

Նախարարության դիտարկմամբ, դա կմեղմվի եկամտահարկի համահարթեցման արդյունքում, քանի որ եկամտահարկը 2021թ-ից նվազեցվում է 4%-ով, և ակնկալվում է, որ առողջության հարկը սահմանված 6 տոկոս, չի ունենա զգալի բացասական ազդեցություն այս խմբի աշխատողների եկամուտների վրա: Իսկ շուրջ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար, որոնք 41%-ն են, ըստ նախագծի, առողջության հարկը չի լինի հավելյալ բեռ: Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով առաջարկվում է ներդնել մեխանիզմ, որով անկախ սոցիալական կարգավիճակից՝ բնակչության բոլոր, ինչպես նաև սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձինք, կունենան առողջության ապահովագրական միևնույն փաթեթ։

Աղբյուրը՝ primenews.am

Կիսվել
Գլխավոր » Հասարակություն » Ամեն օր գոռում են՝ աշխատավարձերը բարձրացրել ենք եւ ուզում են 6% հարկ սահմանե՞լ. Էդմոն Մարուքյան