Դուրս մղենք չարության որոմնը մեզանից

Կիսվել

Ավարտվեցին ամանորյա ու սուրբծննդյան արձակուրդները, և վերադառնում ենք բնականոն կյանք: Բնական է՝ նոր մտահղացումներով, նոր մոտեցումներով եւ նախաձեռնություններով։

Նոր տարվա առիթով եղան բազմաթիվ բարեմաղթանքներ եւ արժեվորումներ, եւ դրական  տպավորությունները ուղեկցում են եւ կուղեկցեն մեզ։ Կուզենամ, որ այդ դրականը արմատավորվի մեր հոգեբանության եւ գործելակերպի մեջ, եւ մենք նախորդ երկու տարիներից վերցնենք առավելապես եւ միայն  դրականը։

Այդ դրականից ամենադրականը այն գիտակցումն է, որ  հեղափոխությունը բոլորիս ձեռքբերումն է և այն հսկելը և պահպանելը բոլորիս սրբազան պարտքն է։ Հեղափոխությունն արժեվորող յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է սթափ եւ անքեն գնահատի բոլոր ձեռքբերումները։

Որպես մեդիաոլորտի ներկայացուցիչ, առանձնացնել եմ ուզում ազատ խոսքի գերակայության մթնոլորտի ստեղծումը մեր իրականությունում, որը լրատվական դաշտի մենաշնորհ լինելուց դուրս եկավ ընդհանրության սահմաններ։ Եւ ազատ խոսքին տիրապետել սկսեցին բոլորը։ Ցավոք, ազատ խոսքը թյուր ընկալմամբ հավասարեցվեց ամեն ինչ ասելու եւ ասել կարողանալու հետ, ինչը շատ դեպքերում մեր հասարակությանը տանում է բարոյականության անապատ՝ չար, անհանդուրժող  ու աններող դառնալու աստիճան։

Տարին մեկնարկ վերցրեց։ Մենք այնքան անելիքներ ունենք։ Հանդուրժող լինենք միմյանց հանդեպ, դուրս մղենք մեզանից չարության որոմնը, այլապես մեր առատության ցանքսը կհեղեղվի այդ որոմնով, եւ բերքն ամբարել չենք կարողանա, որքան էլ սերմացուն լավը լինի եւ ակնկալիքը՝ սրբագույն։

Անահիտ Նահապետյան
artiknews.com կայքի պատասխանատու

Կիսվել
Գլխավոր » Հասարակություն » Դուրս մղենք չարության որոմնը մեզանից