Հա՛յ զինվոր, ուզում եմ քեզ գրել այսպես.

Կիսվել

Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի Շող Կակոյանի նամակ-զրույցը Հայ Զինորի հետ՝ Հայոց բանակի օրվա կապակցությամբ, անչափ հուզիչ է եւ սրտաբուխ։ Այսպիսի տողերը այն ոգեղենիկ սնունդն են, որն ավելի ուժեղ եւ անվրեպ են դարձնում Հայ Զինվորին։

«Շնորհավորում եմ հայոց բանակի անվախ ու քաջ զինվորներին և սպաներին։ Տողերս, որոնք գալիս են սրտիցս հաճախ են հոսում ժամանակի միջով, այնքան արագ, որ չեմ էլ հասցնում հանձնել թղթին։ Երկար եմ մտածել գրելուց առաջ, շատ բաներ պահել ներսումս, մի քանի բան էլ գրել՝ կոկորդումս արցունքներս խեղդելով։

Հա՛յ զինվոր, ուզում եմ քեզ գրել այսպես.

«Ողջույն… Իմ մտքերն էլի քեզ հետ են։ Նստած եմ տաք վառարանի կողքին ու մտածում եմ՝ ինչպես ես լեզու գտնում այս ցրտերի հետ։ Ինչպես ես արթուն մնում ողջ գիշեր ու չես դժգոհում։ Ինչպես ես հաղթահարում կարոտդ… Ավելի ռոմանտիկները քեզ կգրեն, որ երկու տարին հավերժություն է։ Մեկն էլ կգրի հայրենիքի, անկախության մասին։ Չեմ ուզում քեզ գրել, որ դու հայրենասեր ես, որովհետև այն քո արյան մեջ է, քո ոգու։ Ես այնպես հպարտ եմ քեզնով։ Չեմ ուզում խոսել դժվարությունների մասին։ Ուզում եմ գրել քո մասին, քեզ համար։ Չեմ ուզում խոսել այն երեկոների մասին, որոնք անցկացնում ես՝ հիշելով ծանոթ վայրերն ու ծանոթ մարդկանց, իմ կամակորություններն ու քո բարկության խենթ պահերը։

Ուզում եմ առաջվա նման լինել այն մեկը, ում կողքին միշտ մոռանում էիր բոլոր խնդիրներդ, այն մեկը, ով քեզ պատմում էր սիրուն-սիրուն հրաշքների մասին։ Դու պետք է իմանաս՝ ինչքան թանկ ես ինձ համար։ Իմանաս՝ ինչպես եմ սպասում զանգիդ, իմանաս, որ թանկ ես ինձ համար։ Իմանաս, որ կամ ես…

Ես գիտեմ, որ հեռվում դու մտածում ես իմ մասին, պաշտպանում ես ինձ։ Գիտեմ քո խիզախության, քո ամուր ոգու, հայրենիքի հանդեպ քո նվիրվածության, ինչես նաև սրտիդ ամենանուրբ լարերի մասին։ Ես հավատում եմ քեզ… Հավատում եմ այնպես, ինչպես հավատում էի Ապրիլյան պատերազմի օրերին, երբ հավատացնում էիր, որ ամեն բան լավ է։ Երբեք չտխրես, չմտածես վատ բաների մասին, դու պիտի վերադառնաս գրկես մայրիկիդ ամուր, քո ջերմությամբ պիտի տաքացնես քեզ այդքան սպասող սիրող հայուհուն։ Պետք է կատարես ձեր երազը։ Ճիշտ է օրերը դանդաղ են գլորվում, բայց չէ՞ որ դու խնդրել ես չտխրել և չվախենալ, չէ՞ որ դու խնդրել ես ինձ… Ես հավատում եմ քեզ… Շնորհակալ եմ ամեն բացվող օրվա համար, շնորհակալ եմ խաղաղության համար, որ այսօր ամենամեծ պարգևն է»։

Կիսվել
Գլխավոր » Հասարակություն » Հա՛յ զինվոր, ուզում եմ քեզ գրել այսպես.