ՀՅԴ Արթիկի կոմիտեի նախաձեռնությամբ սկսվեց թիվ 4 դպրոցի հիմնանորոգումը

Կիսվել

ՀՅԴ Արթիկի կոմիտեն վերջերս դիմել էր Հայ կրթական հիմնարկությանը՝ Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցի  հիմնանորոգման խնդրանքով։ ։ Հայ կրթական հիմնարկությունը, քննության առնելով հարցի հրատապությունը, արձագանքել և ստանձնել է խնդրի լուծումը՝ թիվ 4 հիմնական դպրոցի հիմնանորոգումը, որի համար երախտագիտություն ենք հայտնում Նշան Փիրումյանին,բարերարներին և Հայ կրթական հիմնարկությանը։ Այս եւ ընթացիկ այլ խնդիրների շուրջ զրուցել ենք  ՀՅԴ Արթիկի «Թաթուլ Կրպեյան» կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանի հետ։

Պարոն Մելքոնյան, ինչպիսի՞ գործունեություն է ծավալում կուսակցության մարզային կառույցը, այս դեպքում՝  Արթիկի կոմիտեն։

-ՀՅԴ մարզային կառույցները համայնքային խնդիրների ակտիվ գնահատողական-վերլուծական ու փաստագրման աշխատանք են տանում և, ելնելով խնդիրների հրատապությունից ու մեր ունեցած հնարավորություններից, մասնակցություն ենք ունենում համայնքային խնդիրների լուծման մեջ, աջակցություն ենք ցուցաբերում կամ կազմակերպում ենք աջակցությունը։

ՀՅԴ Արթիկի «Թաթուլ Կրպեյան» կոմիտեի գրասենյակում շուրջ երկու տարի արդեն գործում է քաղաքացիների ամենօրյա ընդունելություն, քաղաքացիները դիմում են իրենց հուզող հարցերով ու առաջարկություններով։

Կոմիտեին կից գործում է ՀՕՄ բարեսիրական կազմակերպությունը, որը երկար տարիներ է արդեն հայտնի բնակչության շրջանում՝ իր մարդասիրական գործունեությամբ։ Կարիքավոր ընտանիքներ կան, որ մշտապես մեր ՀՕՄ-ի ընկերուհիների ուշադրության և հոգացության կենտրոնում են։

 2019 թվականի նոյեմբերից ՀՅԴ Արթիկի «Թաթուլ Կրպեյան» կոմիտեի գրասենյակում գործում է աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ, կազմակերպում ենք անվճար խորհրդատվություն աշխատանքային իրավունքների, նպաստի, թոշակի և այլ սոցիալական հարցերով։  Հունվար ամսին մեր գրասենյակում կազմակերպեցինք աշխատանքային իրավունքի մասնագետ իրավաբանների հետ հանդիպում-խորհրդատվություն այն քաղաքացիների համար, ովքեր դիմել էին աշխատաքնքային  իրավունքների ոտնահարման խնդրով։ Այս պահին ունենք աշխատավորների աշխատանքային իրավունքով կազմված գործեր, որոնք իրենց լուծումն են ստանալու դատարանում։

 ՀՅԴ Արթիկի «Թաթուլ Կրպեյան» կոմիտեն նաև մշտական սերտ կապ ունի Հայ Առաքելական եկեղեցու Արթիկի թեմի-ի հետ, կան որոշ սոցիալական աջակցության ծրագրեր, օրինակ «Ձեռք մեկնիր»-ը, որ համատեղ ջանքերով են իրականացվում։ Կարևորելով Հայ Առաքելական   Եկեղեցու դերը երիտասարդ սերնդի դաստիարակության հարցում՝ կազմակերպել և կազմակերպում ենք հանդիպում-քննարկումներ թեմի հոգևորականների հետ, հաղորդակից ենք դարձնում պատանիներին և երիտասարդներին ազգային եկեղեցական տոներին և ծիսակարգերին։

  Մի փոքր խոսենք Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցի վերանորոգման մասին, և ինչ կապ ունի ՀՅԴ Արթիկի «Թաթուլ Կրպեյան» կոմիտեն այդ խնդրի լուծման հետ։

-Նախ ասեմ, որ այս հարցում մենք ունեցել ենք նախաձեռնողական գործառույթ, և, քաղաքական շահարկումներից զերծ մնալով, շեշտեմ, որ ՀՅԴ Արթիկի «Թաթուլ Կրպեյան» կոմիտեի միջնորդությամբ ու անմիջական  երաշխավորությամբ են սկսվել դպրոցի հիմնանորոգման աշխատանքները։ Անհատի, հասարակության և պետության վրա կրթության համակարգի խնդիրներն անմիջական ազդեցություն ունեն։ Դաշնակցությունն զգայուն է այդ հարցերի հանդեպ և, գործում ենք՝ մեր բոլոր հնարավորություններն օգտագործելով։

 Ծանոթանալով դպրոցի շենքային պայմաններին՝ կոմիտեն դիմեց Հայ կրթական հիմնարկությանը Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցի  հիմնանորոգման խնդրանքով։ ։ Հայ կրթական հիմնարկությունը, քննության առնելով հարցի հրատապությունը, արձագանքեց և ստանձնեց համայնքի առաջ ծառացած այդ լուրջ խնդրի լուծումը՝ թիվ 4 հիմնական դպրոցի հիմնանորոգումը, որի համար, օգտվելով առիթից, մեր առանձնահատուկ երախտագիտությունն ենք հայտնում Նշան Փիրումյանին,բարերարներին և Հայ կրթական հիմնարկությանը։ Այս պահին դպրոցում մեծ ծավալի շինարարական աշխատանքներ են ընթանում։ Փորձելու ենք շարունակել Արթիկ քաղաքի և գյուղական համայնքների դպրոցների վերանորոգման հարցերը բարձրաձայնել և հնարավորինս լուծումներ գտնել։

Պարոն Մելքոնյան, Արթիկում ՀՅԴ Երիտասարդական միությունը բավականին հայտնի է երիտասարդության շրջանում և ակտիվ գործունեություն է ծավալում, կխնդրեինք մի փոքր ներկայացնեիք։

Ճիշտ եք նկատել, Արթիկում թե՛ Երիտասարդական, թե՛ Պատանեկան կառույցն ակտիվ կրթա-դաստիարակչական գործունեություն է ծավալում։  Պայմանավորված կորոնավիրուսային իրավիճակի հետ՝ այս տարվա վաղօրոք պլանավորած ակտիվ հավաքային գործունեությունը կասեցրել ենք։ Սակայն նախատեսել ենք հեռավար ուսուցողական-կրթադաստիարակչական դասախոսությունների շարք՝ մշակույթի, արվեստի և քաղաքական գործիչների հետ։ ՀՅԴ Արթիկի «Թաթուլ Կրպեյան» կոմիտեի նախաձեռնությամբ, և Արթիկի երիտասարդական և պատանեկան միությունների հետ համատեղ ջանքերով՝ նախապատրաստում ենք Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհված հերոսների էջերը Վիքիպեդիա(hy.wikipedia.org)ազատ հանրագիտարանի համար։ Պետք է ասեմ, որ դա շատ կարևոր, մեծածավալ և լուրջ աշխատանք է։

 Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին ուղղված միջոցառումների շարք ունեցանք  ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների հետ համատեղ։ «Օգնիր հայրենակցիդ – #Միասինկհաղթենք» ծրագրի մասին է խոսքս, որի նպատակը Հայաստանում բնակվող սոցիալապես անապահով և ճգնաժամի առջև միայնակ մնացած ընտանիքներին օգնություն տրամադրելն է: Մեր աջակցությամբ Արթիկ քաղաքի և գյուղական համայնքների 130 ընտանիքի տրամադրվեց պարենամթերքի փաթեթներ։ Ծրագիրն իրականացվելու է փուլային եղանակով, և մենք հետևողականորեն շարունակելու ենք աջակցությունը սոցիալապես ծանր վիճակում հայտնված ընտանիքներին, որոնց ցուցակագրումը նույնպես մեր կոմիտեի ամենօրյա աշխատանքն է։

Նոր նախաձեռնություն ունեք, պարոն Մելքոնյան, “Նվիրիր գիրք գյուղական գրադարանին “, կխնդրեմ ներկայացնեք։

  Այո, Արթիկի տարածաշրջանի գյուղական համայնքային գրադարանների գրքային հավաքածուներն անհրաժեշտ է գրականությամբ համալրել։ Տեղեկատվական դարը նոր մարտահրավեր է երեխաների գրքի հետ հաղորդակից դառնալու հարցում։ Այդ մարտահրավերին դիամգրավելու խոչընդոտ է առաջանում, երբ գրադարանները ժամանակակից որակյալ մանկական գրականության և ֆիզիկական գրքի պակաս են ունենում։ Դա հատկապես վերաբերվում է գյուղական բնակավայրերի գրադարաններին, որտեղ նոր գրքերը գրեթե չեն հասնում։ Այս ծրագրով նպատակ ունենք հավաքել գրականություն և փոխանցել գյուղական համայնքների դպրոցների գրադարաններին։ Ի ուրախություն մեզ բոլորիս, ասեմ, որ ՀՅԴ Արթիկի «Թաթուլ Կրպեյան» կոմիտեի գրասենյակում ունենք արդեն բավականին մեծ քանակությամբ հավաքված գրականություն, որը մոտ ժամանակ կծառայի իր նպատակին։

  Ի՞նչ կավելացնեք առաջիկա ծրագրերից, պարոն Մելքոնյան, ի՞նչ ունեք նախատեսած։

– Կուզեմ նաև հիշեցնել, որ 8-15 տարեկան պատանիների համար կոմիտեն հայտարարել է նկարչական մրցույթ՝ «Իմ հրաշք երկիր Հայաստան» խորագրով, մրցույթի պայմանները մեր ֆեյսբուքյան էջին կա և հետաքրքրվողները կարող են ծանոթանալ։

Մեր կոմիտեի և Երիտասարդական միության ուժերով պատրաստում ենք Ֆիլմ  «Լիզբոն 5» արդարության մարտիկների նահատակությանն ու Հայ դատին նվիրված՝ գործողության 37 ամյակի կապակցությամբ, որը ինչպես գիտեք լրանում է հուլիսի 27-ին։ Այս տարի լրանում է Սեվրի պայմանագրի 100 ամյակը և օգոստոսի 10-ին պլանավորել ենք կազմակերպել քննարկում այդ թմայով օնլայն հարթակում։

Սեպտեմբերի 2-ին ավտոերթ ենք կազմակերպելու Արցախի Հանրապետության անկախության հռչակման 29 ամյակի առթիվ։ Սեպտեմբերի  21-ին ևս կունենանք միջոցառում, նախատեսվում է կազմակերպել վազքի մարաթոն, թատերական ներկայացում՝ Արթիկի Պատանեկան միության պատանիների մասնակցությամբ։ Պատանեկան և Երիտասարդական միությունների համար դասախոսությունների շարքը կհամալրենք նաև Նեմեսիս գործողության մասին դասախոսությամբ։

Զրույցը վարեց՝ Լիլիթ Բզնունին

Կիսվել
Գլխավոր » Հասարակություն » ՀՅԴ Արթիկի կոմիտեի նախաձեռնությամբ սկսվեց թիվ 4 դպրոցի հիմնանորոգումը