«Մեզ ասում էր հուդա, իրենց ձրի աշխատուժն ենք»

Կիսվել

Արթիկի կարի ֆաբրիկայում բարձիթողի վիճակ է, քաղաքապետն էլ մեղադրում է աշխատողներին

Տարիներ առաջ Շիրակի մարզի Արթիկի թիվ 7 դպրոցի շենքը անհատույց օգտագործման իրավունքով 20 տարով հանձնվեց «Չեխարմինվեստ» ՍՊԸ-ին։ Օպտիմալացման արդյունքում թիվ 3 և 7 դպրոցները միացվեցին, և թիվ 7 դպրոցի շենքն ազատվեց: Ընկերության նպատակն է ՀՀ տարբեր քաղաքներում և սահմանամերձ գոտում ստեղծել նոր աշխատատեղեր, ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան սարքավորումների միջոցով կազմակերպել հայրենական մրցունակ, տարբեր տեսակի հագուստի արտադրություն և արտահանել ՌԴ, եվրոպական երկրներ: Ընկերությունը պարտավորվել էր 3 տարում կատարել 1 մլն դոլարի ներդրում, որը կուղղվի անշարժ գույքի վերանորոգմանը և անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը, ինչպես նաև կստեղծվի 500 աշխատատեղ:

Հայ-չեխական ընկերության հայկական կողմը պատկանում է կարի ու տեքստիլի բնագավառում մոնոպոլիա ստեղծած ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստերը։ Ինչպես և այն ժամանակ ասվում էր՝ 500 աշխատատեղ, բնականաբար չստեղծվեց, կարի ֆաբրիկան, բացի սեփական բիզնես շահերին ծառայեցնելուց, այլ բանի չծառայեց։

Նախօրեին կարի ֆաբրիկայի աշխատողները արդարացի բողոքի ձայն բարձրացրին, որ իրենց չնչին աշխատավարձերը վերանայվեն, աշխատանքային ստորացուցիչ պայմանները փոխվեն։ «Առաջին լրատվական»-ը զրուցեց ֆաբրիկայի արդեն նախկին աշխատակիցների հետ, ովքեր նախընտրեցին իրենց անունները չհրապարակել։ Աշխատակիցները շոկային տեղեկություններ տրամադրեցին ֆաբրիկայում տիրող իրավիճակի մասին։

Մարզի կանայք այդ ֆաբրիկայում աշխատել են առանց գումարի, առանց գրանցվելու, աշխատել են առանց հանգստյան օրերի, աշխատել են բոլոր տոն օրերին, մեռելոցներին, Ամանորին։ Նրանց ստիպել են աշխատել նաև կարանտինի առաջին մեկ շաբաթը ու վճարել են չնչին՝ 25 հազար դրամ աշխատավարձ, պատմում են աշխատակիցները։ Դա էլ, աշխատողների բնորոշմամբ, ողորմություն են տվել։

«Տնօրենն ասում էր՝ իմ գործարանն է, ինչ կուզեմ՝ կանեմ, արթիկցիներին ասում էր հուդա։ Մեզ վիրավորում էր։ Ասում էր՝ չեք ուզում, մի աշխատեք, գնացեք։ Մենք ընդունվել ենք աշխատանքի արդեն որպես պատրաստի կարի բանվորներ։ Բայց մեզ ասում էր՝ դուք փորձաշրջան եք անցնում։

Անցած տարվա դեկտեմբեր ամսից աշխատել ենք առանց գումար ստանալու, առանց աշխատանքային մարդավայել պայմանների։ Հիմա արդեն չենք կարողանում։ Մենք մեր իրավունքների համար ենք պայքարել ու էսօր մնացել ենք առանց աշխատանքի։ Տնօրենը՝ անունը Անուշավան Սարգսյան է, մեզնից անընդհատ դժգոհ էր, կարի մեքենան փչանում էր, չէր սարքում, թել չէր բերում։ Ամեն ինչ անում էր, որ մեզ գումար չտա»,- պատմեցին ֆաբրիկայի արդեն նախկին աշխատակիցները։

Նրանք նշեցին, որ չեն իմացել, որ գրանցված աշխատողներ չեն մինչև այն պահը, երբ արտակարգ դրության պայմաններում հարկադիր պարապուրդի մեջ հայտնվեցին ու, դիմելով կառավարության աջակցման ծրագրին, մերժում ստացան՝ գրանցված չլինելու հիմքով։ «Մեզանից փաստաթղթերը վերցրել են, մենք մտածել ենք, որ գրանցել են։ Դիմեցինք աջակցության ծրագրին, մերժում ստացանք, որովհետև գրանցված աշխատող չենք։ Տնօրենը Երևանում ևս ֆաբրիկա ունի, ինքը մեր կարածը տանում է Երևան, ներկայացնում իբր էնտեղի ֆաբրիկայի արտադրանք ու վաճառում։ Մենք էլ իր ձրի աշխատուժն ենք ստեղ։ Ուղղակի մենք չենք ուզեցել աշխատանքը կորցնել, մտածել ենք, որ լավ կլինի»,- պատմեցին աշխատողները։ Նրանք նշեցին, որ բողոքի ցույցի մյուս մասնակից աշխատողներին ինչ-որ ձևով համոզել են, խոստացել են աշխատավարձ բարձրացնել, նրանք էլ հետ են վերադարձել ֆաբրիկա, հիմա չեն բողոքում, հետ են կանգնել իրենց խոսքից։

Կարի ֆաբրիկայում կատարված աշխատանքի գումարային հաշվումը կատարվում է հագուստի դետալների առանձին-առանձին կարման աշխատանքներով։ Օրինակ՝ տաբատի գոտին շուկայական գներով կարվում է 20 դրամով, գրպանը 50 դրամով և այլն։ Սակայն Արթիկի կարի ֆաբրիկայի տնօրենը աշխատողներին ստիպել է 5,10 դրամով կարել, որի արդյունքում մարդիկ չնչին աշխատավարձեր են ստացել։

Ըստ աշխատակիցների՝ Արթիկի կարի ֆաբրիկայում ոտնահարվել են մարդկանց աշխատանքային իրավունքները, ղեկավարության կողմից վիրավորանքներ ու ստորացումներ են եղել աշխատող կանանց նկատմամբ։ Դրանից բացի, աշխատողներին չեն գրանցել, թաքցրել են հարկերը։ Ու այդ ամենն արվել է Արթիկի համայնքապետարանի ու նախկին ռեժիմի կարկառուն ներկայացուցիչ, համայնքապետ Մխիթար Վարագյանի լուռ համաձայնությամբ։

Քաղաքապետարանը, տրամադրելով համայնքապատկան տարածքը մասնավորին, չի հետևել աշխատանքների ընթացքին, հանցավոր անգործություն է ցուցաբերել ու օրենքի խախտման գործում աջակցել ֆաբրիկայի ղեկավարությանը։

«Առաջին լրատվական»-ը զրուցեց նաև Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի հետ, որը մեզ տեղեկացրեց, որ այսօր ավագանու նիստ են ունեցել, որին հրավիրել են կարի ֆաբրիկայի տնօրենին։ Քաղաքապետի փոխանցմամբ՝ կարի ֆաբրիկայի տնօրենը սպառիչ պատասխանել է բոլոր հարցերին։

«Մենք ֆաբրիկայի տնօրենին հրավիրել ենք ավագանու նիստին։ Ավագանու անդամներն էլ են այդ նույն հարցերը բարձրացրել։ Տնօրենը բոլոր հարցերին տվել է սպառիչ պատասխան։ Ի՞նչ է նշանակում աշխատակիցները գրանցված չեն եղել։ Էդ մարդը ավագանու նիստի ժամանակ ցույց տվեց, որ բոլորի հետ ունի կնքած ժամանակավոր պայմանագիր՝ ուսուցման պահով»,- ասաց քաղաքապետը։ Ի դեպ՝ աշխատակիցները մեզ հայտնեցին, որ իրենք ուսուցման համար չեն ընդունվել աշխատանքի, այլ որպես պատրաստի կարելու բանվորներ։

Այս մասով քաղաքապետը նշեց․ «Դե, հիմա իրենք դա են պնդում, իսկ մարդը փաստացի թղթով, ամեն ինչով ցույց է տվել։ Ես չգիտեմ՝ թղթի՞ն հավատամ, թե՞ իրենց պնդածին։ Ի՞նչ է նշանակում չգրանցված աշխատող։ Եթե չգրանցված է, ուրեմն աշխատող չի համարվում։ Եթե մարդը չգրանցված է, ո՞նց կարա ասի՝ աշխատող եմ։ Գործատուն բոլոր հարցերին պատասխանել է ու սպառիչ պատասխան տվել։ Մենք տնօրենին հարց ենք ուղղել, ասել է՝ որևէ չգրանցված աշխատող չի ունեցել»։

Չվճարված աշխատավարձերի մասով քաղաքապետն ասաց՝ գործատուն հայտնել է, որ մինիմալ աշխատավարձը պահպանվել է, իսկ մնացածը աշխատողի աշխատասիրությունից է կախված։ Երբ ֆաբրիկան ստեղծվում էր, նախատեսվում էր 500 աշխատատեղ ստեղծել։ Ինչո՞ւ դա տեղի չունեցավ։

Այս առնչությամբ Արթիկի քաղաքապետն ասաց՝ այս պահին ֆաբրիկան ունի 200 աշխատատեղ, որը, սակայն, ամբողջությամբ լրացված չէ։ Զուգահեռ էլ շինարարություն է գնում։

«Մարդիկ շինարարության մեջ են։ Մասնակի մի հատվածում աշխատատեղերը ստեղծել են, հիմա համատեղ և՛ շինարարություն են կատարում, և՛ աշխատատեղ են ստեղծում։ Փոխանակ էդ մարդիկ տնօրենին, մարդկանց, որ դրսից եկել, ներդրում են արել մեր քաղաքում, ոգևորեն, մի բան էլ ցե՞խ են շպրտում այդ մարդու վրա, ես չեմ հասկանում։ Մենք այսօր այս խնդրին լիովին ծանոթացել ենք։ Ո՞նց կարա մի մասը բողոքի, մի մասը՝ ոչ։ Ես դա համարում եմ կազմակերպված բան։ Երեկ մենք շրջել ենք ֆաբրիկայում, նայել ենք, մարդիկ նստած աշխատում են, բոլոր աշխատողներին հարցրել ենք, հենց այս պահին մարդիկ նստած սովորում են կարել՝ ըստ իրենց պայմանագրի։ Ու բոլորը շատ նորմալ, շատ լավ, զարմացած ու ապշած են, թե ինչի համար է այդ խոչընդոտը ստեղծվել։ Բոլոր աշխատողները չեն եղել, մի քանի հոգի են եղել։ Մենք երբ գնացել ենք, մարդիկ իրենց տեղում նստած աշխատել են։ Եվրոպայի պատվերներ են մարդիկ կատարում»,- փոքր-ինչ վրդովված ասաց Արթիկի քաղաքապետը։ Իսկ կարանտինի օրերին աշխատելու վերաբերյալ, Մխիթար Վարագյանը նշեց՝ հնարավոր չէ աշխատած լինեն։

Աղբյուրը՝ 1in.am/

Կիսվել
Գլխավոր » Հասարակություն » «Մեզ ասում էր հուդա, իրենց ձրի աշխատուժն ենք»