Միշտ էլ ուզում ես մի բան ավելին անել, քան երեկ, վաղը՝ մի բան ավելին, քան` այսօր

Կիսվել

ՀՀ Շիրակի մարզպետարանի ՏԻ ԵՎ ՀԳՄՀ վարչության ՏԻ ԵՎ ՀԾՀ բաժնի առաջատար մասնագետ, մեր հայրենակից Վաղինակ Հովհաննիսյանի հետ հարցազրույց է վարել Գյումրի ինֆոտան  մեդիագրագիտության ուսանող Անի Մազմանյանը։

-Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում որոշումներ կայացնելիս։

-Որպես այդպիսին, քաղաքացիական ծառայությունում առաջատար մասնագետը որոշումներ կայացնելու իրավասություն չունի…նա իրականացնում է տեղական ինքնակառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մարզպետին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ ապահովմանն ուղղված աշխատանքներ

Ինչ վերաբերում է օրինակ քաղաքացիների հետ հարաբերվելու և նրանց կողմից բարձրացված հարցերին, դիմումների պատասխանելու իրավիճաներին, ապա նշեմ, որ կոնկրոտ ինձ համար առաջնայինը մարդակենտրոնությունն ու բարոյական նորմի առաջնահերթությունն են, որոնց միայն կարող է հաջորդել իրավական նորմի դիտարկումը: Առաջնային ու կարևոր սկզբունք է՝ կյանքում հաջողելու համար բարոյական նորմերը պետք է դարձնես գերակա իրավական նորմի նկատմամբ:

-Քաղաքացիների կողմից հաճախ հանդիպող,լուծում պահանջող ի՞նչ խնդիրներ կամ առաջարկներ կառանձնացնեք։

Քաղաքացիների կողմից առաջարկություններ կարելի է ասել չենք ստանում: Միայն վերջերս մարզպետարանում ձևավորվել է հանրային հաշվետվողականության հարթակ, որի շրջանակներում յուրաքանչյուր հինգշաբթի տեղի են ունենում ոլորտային քննարկումներ (յուրաքանչյուր անգամ մեկ հարց), որոնց կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ անձինք: Եվ գործընթացը ինքնին տանում է նրան, որ շարքային քաղաքացին կամա-ակամա ներգրավվում է պետական կառավարման մեջ և գուցե իր կողմից արված մեկ առաջարկությունն անգամ ունենա առավել բարձր արդյունավետություն, քան կառույցում աշխատող ոլորտի մասնագետի երկարամյա փորձն ու գիտելիքը : Դիմումները բազմաթիվ են ու բազմաբովանդակ՝ սկսած կենցաղայինից, մինչև սոցիալական աջակցություն, առողջապահություն, հողային վեճ և այլն…

-Ի՞նչ ծրագրային ռազմավարություն կա աղքատության մակարդակի նվազեցման հետ կապված։

Հարցը շատ խորն է և պահանջում է համակարգային լուծում: Մարզպետարանը հանդիսանում է կառավարության տարածքային քաղաքականություն իրականացնող մարմին: Բոլոր ոլորտների ու խնդիրների լուծման ուղղությամբ քաղաքականություն մշակող և այսպես կոչված <<ճանապարհային քարտեզ>> պատկերողը ՀՀ կառավարությունն է, իսկ մարզպետարաններն ընդամենը մշակված քաղաքականության իրականացնողները: Վերջին հաշվով, սակայն, ցանկացած պետական ծառայողի առաքելությունն է իր գործունեության արդյունքում հասնել բնակչութան բարեկեցության մակարդակի բարձրացմանը: Իսկ ՀՀ Սահմանադրությունը հստակ ամրագրում է, որ ՀՀ-ն սոցիալական պետություն է, այսինքն պետություն, որտեղ քաղաքացին, մարդը, անհատը ունեն արժանավայել աշխատանք և վաստակում են գոնե այնքան, որ կարողանան բավարարել ընտանիքի մինիմալ պահանջները:

Իսկ ծրագրային փատաթղթերից թերևս այս պահին առանձնացնեմ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014-2025 ԹԹ. ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

-Մարդիկ հաճախ են բողոքում ,որ ոչ մի բարեփոխում չի լինում ,այս պահին ի՞նչ կարևոր գործընթաց է ընթանում։

-Ներկայումս մեծ արդյունավետությամբ շարունակվում է համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի սուբվենցիոն հայտերի մշակման և դրանցում ներկայացված ծրագրերի իրականացման գործընթացը: Սա համայնքներին հնարավորություն է տալիս տարիներ շարունակ կուտակված բազմաթիվ մեծ ու փոքր խնդիրներ լուծել՝ հիմնականում կապված ենթակառուցվածքների հետ(ճանապարհներ, լուսավորության ցանց, ոռոգման ցանց և այլն): Մյուս կարևոր նախաձեռնությունը դա համայնքների միավորման գործընթացն է, ինչի ամբողջական իրականացման դեպքում բարձրանում է համայնքների կառավարման արդյունավետությունը և միավորվող համայնքների բյուջեների մեկտեղման արդյունքում հնարավորություն է ընձեռվելու առավել խոշորամասշտաբ ծրագրեր իրականացնել, որոնք էլ բերելու են տեսանելի արդյունքների:

-Որպես հանրային գործընթացում ներառված անձ,ինչպիսի՞ լուծումներ եք տեսնում և դրանց ուղղությամբ աշխատում,ինչո՞վ կոգեշնչեք քաղաքացիներին։

-Քաղաքացիներին միայն քո ընթացիկ աշխատանքով չես կարող ոգևորել: Միշտ էլ կա դժգոհությունների նոր ալիք, միշտ էլ ի հայտ են գալիս գործոններ, որոնք հարուցում են հանրության ամենատարբեր շերտերի դժգոհությունը: Սակայն գիտակից քաղաքացին ու գիտակից պետական ծառայողը եթե իսկապես իրենց տեղում են, ապա անցնող ամեն օրն էլ կարող է լինել ոգեշնչման աղբյուր: Միշտ էլ ուզում ես մի բան ավելին անել, քան երեկ, վաղը՝ մի բան ավելին, քան այսօր: Երբեմն ստացվում է, իսկ երբեմն… բայց ամեն դեպքում, եթե այդ օրը գոնե մի քաղաքացի քո աշխատասենյակից դուրս է գալիս բավարարված, ապա դա հաջողված օր կարելի է համարել:

-Շնորհակալություն։

Աղբյուրը՝  gyumriinfotun 

Կիսվել
Գլխավոր » Հասարակություն » Միշտ էլ ուզում ես մի բան ավելին անել, քան երեկ, վաղը՝ մի բան ավելին, քան` այսօր