Շիրակի մարզում 120 գործարար հետաքրքրված է սպանդանոց կառուցելու առաջարկով

Կիսվել

Շիրակի մարզպետարանն այսօր քննարկման էր հրավիրել սպանդանոցների կառուցման ծրագրերով հետաքրքրվող և շահագրգիռ բոլոր կազմակերպություններին ու անհատ ձեռներեցներին։

Շիրակի մարզից 120 գործարար սննդի անվտանգության ծառայությունում դիմել և հետաքրքրվել են սպանդանոց կառուցելու թուլատրություն ստանալու համար։

«Ընդդեմ սպանդանոցների» Շիրակի մարզում բողոքի ցույցերը դադարել են, այսօր քննարկում էր, թե ինչպես կարելի է մսի մթերումը կազմակերպել և սպանդանոցներ կառուցել, որ շահավետ լինի և՛ անասնապահի, և սպանդանոց կառուցողի համար։ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը բիզնես հարմարավետությունն է ներկայացնում։

«Սպանդանոց՝  այսօր չի նշանանակում տարածք, որտեղ տեղի է ունենալու կենդանու մորթ, ինքը շղթայով կարող է շուկայում մատակարար լինել, վերամշակել։ Սա կախված է այն մոդելից, որը դուք կառաջարկեք, մենք այս պարագայում պարզապես 1 խնդիր պետք է լուծենք, որ բոլորիդ համար քիչ, թե շատ պարզ ներկայացնենք իրավիճակը»,- ասաց Շիրակի մարզպետը։   

Շիրակում 2 սպանդանոց արդեն գործում է, Բանդիվանում և Արփիում, բայց՝ սեփական անասնագլխաքանակի համար, դրսից անասուն չեն ընդունում։  Շիրակի մարզում այսօր հաշվառված է  87 000 գլուխ  խոշոր եղջերավոր, 60 000 գլուխ մանր եղջերավոր կենդանի և  23 600 գլուխ խոզ։  Տարեկան միջին հաշվով 25- 30 000 գլուխ  խոշոր ու նույնքան մանր և 20 000 գլուխ խոզ է վաճառվում  և մորթի ենթարկվում։  Որպիսի մարզում խնդիր չառաջանա առնվազն 5,  արդյունավետ գործունեության համար 10 միջին հզորության սպանդանոց պետք է կառուցվի, ասում են մասնագետները։  

«Ես չեմ ուզում, որ մարզպետարանում որոշվի քարտեզ, թե որտեղ պետք է լինի սպանդանոց, որտեղ ինչ քանակի մորթ պիտի իրականացվի օրական կամ ամսական կտրվածքով։ Սյս գործընթացը թողնում ենք շուկայի ազատ կարգավորմանը»,-նշեց Տիգրան Պետրոսյանը։ 

Արթիկցի անասնապահ Դավիթ Կիկոյանը երկար տարիներ խոզաբուծությամբ է զբաղվել, ասում է, միակ խնդիրը մսի սպառումն է, կցանկանար, որ սպանդանոցներն ամբողջությամբ մթերեին միսը։ Այսօր կենդանու մորթով զբաղվող մսավաճառները կենդանու 1 կիլոգրամի դիմաց 100 դրամ հաշվարկով գումար են վերցնում, միսն էլ՝ ընտրովի են տանում։   

«Գուկա ինքը սալը կհանե, մաքուր միսը կտանի, ես էդ սալը պահեմ ինչ էնեմ, բայց որ սպանդանոց էղնի, ես էլ չեմ մտածե խոզի սալ կա, ինչ կա»,- ասաց անասնապահ Դավիթ Կիկոյանը։

Տելեմակ Մարտիրոսյան՝ գործարար․«Եթե ես սպանդանոց սարքեմ, պետք է խանութ բացեմ ու միսը վաճառեմ, որ մթերողը, պրծնի ամեն ինչից, բերեց հանձնեց ու վերջ»։

Արթիկցի գործարարն ասում է սպանդանոց կառուցելու բիզնեսը շահավետ կլինի և՛ սպառողի, և՛ գործարարի համար այն դեպքում, երբ օրենքն աշխատի ողջ ուժով։

«2 տարի առաջ եթե սպանդանոց սարքեի, օրենքը չկար, մարդը մի՞ս կբերեր հանձներ, չէ՛, ինքը մորթեր կծախեր։ Այս նոր տարուն սաղ մայթերը միս էր, մարդիկ չէին կռնա անցնեին։ Եթե էդպես պետք է շարունակվի, բնական է սպանդանոցը բդի պարապուրդի ենթարկվի, ինչղ օր տուն սարքես, էրթաս վրանի մեջ քնիս»,- ասաց գործարարը։

Առափի համայնքից և Գյումրիից էլ գործարարները  շարժական սպանդանոց կառուցելուցելու առաջարկ ներկայացրին։ Արթուր Կարապետյանը Ռուսաստանի փորձն է ուսումնասիրել, հաշվարկներ արել ու պատրաստ է ներդրումների։ Իր առաջարկած շարժական սպանդանոցը ենթադրում է մեծ մեքենա, սանիտարահիգիենիկ պայմաններով ու լաբորատորիայով։

Արթուր Կարապետյան՝ գործարար․ «Մեր առաջարկն ավելի լավ է փոքր տնտեսության համար։ Ավելի ճիշտ կլինի մենք մեր շարժական սպանդանոցով գնանք, որ անասունը տեղափոխելուց վնասվածք չստանա»։

Շիրակի մարզից 120 գործարար սննդի անվտանգության ծառայություն դիմել և հետաքրքրվել են սպանդանոց կառուցելու թույլատվություն ստանալու համար։ Աղբյուրը՝  hy.armradio.am/

Կիսվել
Գլխավոր » Հասարակություն » Շիրակի մարզում 120 գործարար հետաքրքրված է սպանդանոց կառուցելու առաջարկով