Ու երկիրը կծաղկի իր զինվորի սիրուց

Կիսվել

«Տուֆաշխարհի առօրյա»  թերթի ընթերցողները գիտեին եւ հիշում են, որ թերթը հայ զինվորի եւ զինծառայողի լավագույն բարեկամն էր։ Չկար թերթի թեկուզ մեկ համար, որտեղ չլիներ պատմություն հայրենիքի նվիրյալների, նրանց ծնողների հետ հանդիպումների մասին։ Այդպես այն մեկ անգամ էլ անդրադարձ էր կատարել բարեգործ ու օրինակելի զինվոր, մեր հայրենակից Արթուր Համբարձումյանին։ Եւ դա առիթ է հանդիսացել, որ « Հայզինվոր» թերթն էլ  անդրադառնա այժմ արդեն պայմանագրային զինծառայող  Արթուր Համբարձումյանին։

Լրագրող ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԸ գրում է․ « Օրեր առաջ ես մի  հոդված կարդացի՝ «Բարեգործ ու օրինակելի զինվորը» վերնագրով, որը պատմում էր, թե ինչպես է ժամկետային զինծառայող Արթուր Համբարձումյանը իր համախոհների՝ զինակից ընկերների հետ օգնում հաշմանդամներին, ամանորյա նվերներ բաժանում մանկապարտեզի սաներին, միևնույն ժամանակ հերոսաբար ու նվիրումով պաշտպանում հայրենիքի սահմանի իրեն վստահված հատվածը: Ես սկսեցի փնտրել զինվորին: Ու պարզեցի, որ նա ավարտել է ժամկետային զինծառայությունը, բայց չի հեռացել բանակից, այլ անցել է պայմանագրային ծառայության և այսօր հյուսիսարևելյան սահմանի դիրքերից մեկի ավագն է»: 

-Արթուր, զինակից ընկերներդ այնքան են քեզ գովել,  որ ես ուզում եմ ամեն ինչ իմանալ քո մասին: Արի սկսենք մանկությունից:

-Երբ լսում եմ մանկություն բառը, անմիջապես հիշում եմ մի դեպք, որը  ճակատագրական եղավ ինձ համար: Երկու տարեկան էի, բակում խաղալիս մեր աքլորը հարձակվեց վրաս ու սկսեց կտցահարել: Մոտակայքում հակառակի պես ոչ ոք չկար,  ոչ ոք չէր լսում  ճիչերս: Երբ ինձ ազատեցին աքլորի ճանկերից, արդեն ուշ էր: Ես կորցրել էի խոսելու ունակությունը, լեզուս կապվել էր: Մերոնք ինձ որ բժշկի մոտ ասես չտարան, բայց օգուտ չեղավ: Մինչեւ յոթերորդ դասարան: Յոթերորդ դասարանում միանգամից լեզուս բացվեց:

-Մինչեւ յոթերորդ դասարան չե՞ս խոսել:

-Դպրոցական տարիներին  կակազելով կարող էի ինչ-որ բան հասկացնել: Ես հոգեպես մեկուսացա, ներամփոփվեցի: Երբեմն փորձ էի անում մարդկանց պատմել իմ գլխում պտտվող մտքերը, բայց երբ տեսնում էի, թե նրանք ինչպես են լարվում իմ կակազելուց, դադարում էի խոսել: Իրականում, ես խաղաղ մարդ եմ, բայց խոսքով հաղորդակցվելու անկարողությունը ինձ դարձրել էր կռվարար:  Ես իմ մանկությունն ու պատանեկությունն անցա երազելով:

-Երազում էիր խոսե՞լ:

-Գիտե՞ք ինչով են տարբերվում միմյանցից երազանքներն ու նպատակները:

-Ինչո՞վ:

-Նպատակի կողքին այն իրականացնելու հնարավորություններն են, երազանքի կողքին ապրում է հրաշքի սպասումը: Ու հավատը, որ հրաշք է լինելու:

-Դու ի՞նչ էիր երազում:

-Իմ երազանքները պտտվում էին այս համազգեստի շուրջ, որ հիմա հագիս է: Ես չէի կարողանում խոսել, չէի կարողանում պատմել դասերս, թեև պարտաճանաչորեն սովորում էի, բայց… երազում էի իմ զորքն ունենալ, ուսադիրներ կրել:

Հետո, ինչպես և սպասում էի, հրաշք եղավ: Յոթերորդ դասարանում անակնկալ լեզուս բացվեց: Ու իմ կյանքը փոխվեց միանգամից: Փոխվեց իմ կարգավիճակը՝ տանը, բակում, դպրոցում, ընկերական շրջապատում: Երբ սկսեցի խոսել, մարդիկ ճանաչեցին ինձ…

-Արթուր, դու որտե՞ղ ես մեծացել, որտե՞ղ է քո տունը:

-Արթիկում: Մի քաղաքում, որտեղ մարդիկ արտաքուստ իրենց բնության պես սառն են ու խիստ, բայց հոգիները տուֆ քարի պես արեւագույն է ու տաք: Մեկ տարի անց՝ ութերորդ դասարանում պատահեց երկրորդ ճակատագրական հաջողությունը՝ հանդիպեցի իմ ռազմագիտության ուսուցչին՝ ընկեր Կարապետյանին, որն անմիջապես նկատեց ինձ, իմ սերը բանակի հանդեպ: Նա մտավ հոգիս, ճանաչեց ու սիրեց ինձ:

Ես ծնվել եմ Մոնթե Մելքոնյանի մահվան օրը, հենց այն ժամին,  երբ նա զոհվեց: Այս զուգադիպությունն ինձ թվում էր խորհրդավոր ու լի թաքուն ուղերձներով: Մտածում էի, որ ես առաքելություն ունեմ: Ու սպասում էի իմ ժամին:

-Հատկապես՝ ինչի՞ն:

-Յոթերորդ դասարանից սկսած՝ ես պատրաստվում էի իմ կյանքի ամենամեծ իրադարձությանը՝ զորակոչվելուն: Մարզվում էի, պատմական ու ռազմական գրքեր էի կարդում: Եվ պատկերացրեք իմ ապրումները, երբ զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովն ինձ ուղարկեց կենտրոնական հանձնաժողով: Ես խնդրում էի բժիշկներին, համոզում էի, որ առողջ եմ, բայց… ապարդյուն: Տարկետման թերթիկը  տվեցին ձեռքս եւ ինձ ճամփեցին տուն: Սարսափելի հուզված էի, բայց ես այնպիսի դժվարություններ էի հաղթահարել կյանքում,  տարկետումն ի՞նչ էր, որ ինձ կոտրեր: Բժիշկներն ասել էին, որ սրտիս խնդիրները հիմնականում գիրությունից է (ես 130 կգ էի այդ ժամանակ), ուստի սկսեցի եռանդով մարզվել ու հետեւել սննդակարգիս:

-Այսինքն՝ դիետա պահեցի՞ր:

-Այո՛, շատ քիչ էի ուտում ու մեկ տարում 30 կիլոգրամ նիհարելուց հետո հերթական զորակոչին, չսպասելով, որ տարկետման երեք տարիները լրանան, դիմեցի զինկոմիսարիատ՝ ինձ զորակոչելու խնդրանքով: Բժշկական հետազոտության ժամանակ բժիշկները  ինչ-որ հիվանդություններ արձանագրեցին ու կրկին տարկետում տվեցին: Ես շարունակեցի բուժվել ու կոփել մարմինս: Հոգիս առողջ էր ու հավատով լի, հույսը ուժ էր տալիս: Ու ես հաղթեցի. տարկետման երեք տարին չլրացած՝ զորակոչվեցի: Չեմ ուզում պատմել ապրումներս, երբ զորահավաքակայանում սիրտս ստուգելիս բժիշկները կասկածանքով ինչ-որ բան էին փսփսում, խորհրդակցում էին: Մոտեցա, ասացի, որ ես ոչ մի խնդիր չունեմ, կարող եմ վազել, թռչել, մագլցել՝ առանց հոգնելու… մի խոսքով, հասա վիճակահանության փուլ ու… այ քեզ բան՝ ընկա Հայաստանի ամենահարավային շրջանը: Հիմա զինվորականներին խնդրում եմ, որ ինձ Արցախ տանեն, բանի տեղ չեն դնում: Հետո (գլուխները պրծացնելու համար) ասացին՝ հասիր զորամաս, այնտեղ զեկուցագիր կգրես, կտեղափոխեն Արցախ: Հասա ու ընկա «դժոխք»: Ես Արթիկի սառնամանիքին սովոր տղա, այնտեղ՝ շոգ, տոթ: Էդքանն էլ քիչ էր, ինձ ուղարկեցին շարային վաշտ՝ որպես կապավոր: Ես իրենց ասում եմ՝ ինձ Արցախ ուղարկեք, իրենք նույնիսկ սահման չեն ուղարկում, ուղարկում են շարային վաշտ:

Մի խուրձ զեկուցագիր էի գրել՝ Արցախ տեղափոխվելու խնդրանքով, ու երբ գնդի հրամանատարի գլուխը շատ տարա, ասաց՝ թող քո ծնողները դիմում գրեն, գցեն նախարարի փոստարկղի մեջ: Երկար սպասելուց հետո տեսա՝ նախարարությունից պատասխան չկա, Ձեզ ֆեյսբուքով նամակ գրեցի:

-Ի՞նձ, չեմ հիշում, դա ո՞ր թվին էր…

-2014: Բնականաբար, չեք հիշի: Ես Ձեզ բացատրում եմ, թախանձագին խնդրում եմ, որ օգնեք ինձ Արցախ՝ առաջնագիծ տեղափոխվել, Դուք նամակս կարդում եք ու սմայլիկ եք ուղարկում:

-Արթուր, ես հավանաբար ուրախացել եմ, որ անծանոթ մի զինվոր, մի հզոր տղա ուզում է շտաբային ծառայությունը փոխել սահմանապահի ծառայությամբ:

-Հրամանատարն ասաց՝ մեզ էլ են քաջ զինվորներ պետք, ու այստեղ էլ վտանգավոր դիրք կա, արի Արցախի մասին մոռացիր, գնա էդ դիրքը պաշտպանիր: ….Ինչ վտանգավոր, ադրբեջանցիները հեռադիտակով հազիվ էին երեւում: Բայց ես հեռահար երազանքներ ունեի բանակի հետ կապված ու համակերպվեցի:

-Ի՞նչ հեռահար երազանքներ…

-Դե, պիտի մնայի բանակում, սպայի կոչում ստանայի: Այդ պատճառով էլ հիմա սովորում եմ համալսարանում:

– Ես էլ ասում եմ՝ ապագա դեղագործն ի՞նչ գործ ունի բանակում:

-Իմ տարերքը ԱԿՍ ավտոմատն է, ես գերազանց եմ կրակում, բայց ՌՊԿ գնդացիրն էլ վատը չէր, ու հետզհետե սկսեցի սիրել զենքս: Մեր դիրքը նույնպես որոշ ժամանակ անց դարձավ սիրելի ու հարազատ: Դիրքը բարձունքին էր, դիմացը փռված էր ադրբեջանական Օրդուբադ քաղաքը, ու մենք էինք դրության տերը: Մեր դիրքի ավագը՝ Հրայրը, պայմանագրային զինծառայող էր, մի հիանալի մարդ, անմնացորդ նվիրված բանակին (մենք հիմա էլ ենք միասին ծառայում): Դիրքը դարձավ իմ աշխարհը, իմ տունը, իմ փոքրիկ հայրենիքը: Ամեն ինչ մնաց հետեւում, ասես միանգամից հեռացավ ինձնից: Մնացինք ես, սահմանը, դիրքն ու զինակից տղերքը:

Սիրած կին, լավ ընտանիք ունեցող թասիբով տղամարդը ո՞նց կնորոգի իր տունը, էդպիսի բծախնդրությամբ  սկսեցինք մեր դիրքը նորոգել: Դարձրինք կատարյալ: Մի օր էլ սահմանը հսկելիս ուղեղիս մեջ միտք ծագեց՝ ականապատված տարածքում նոր դիտակետ դնել: Դիրքիս ավագին ասացի՝ «Բելազի» պագրիշկա է պետք:  Զարմացավ: Բացատրեցի՝ պագրիշկան կգլորենք, ականներ եթե լինեն, կպայթեն, պագրիշկայի հետագծով անվտանգ  կմտնենք տարածք: Զեկուցեցինք հրամանատարությանը, թույլտվություն ստացանք:

…Մենք դիրքի տղերքով 30 կիլոգրամանոց քարերը մեջքներիցս կախած՝ 6 կմ զառիվերով բարձրանում էինք, որ նոր դիտակետ ու բլինդաժ կառուցենք: Մի ոտատեղ ճանապարհ էր, տակը՝  ահռելի ձոր: Բարձրանում էինք, քարերը դատարկում, հետո զառիթափով վազելով իջնում: Հերթական վայրէջքի ժամանակ  մեկ էլ որտեղից որտեղ դիմացս հայտնվեցին գնդի հրամանատար, գնդապետ Կարեն Սեդրակյանն  ու մեր զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը: Թափս չկարողացա պահել, ուսով խփեցի հրամանատարին ու դեմ առա ծառին: Անդրանիկ Մակարյանը նայեց դեմքիս, երեսս՝ մրոտ, հագուստս՝ ցեխի մեջ կորած, ես քրտնած… Հայացքի մեջ էնպիսի հարազատություն,  հայրական ջերմություն կար, որ բառերով չես պատմի: Քանի՞ քար ես բարձրացրել՝ հարցրեց: Ասացի՝ չորս: Զարմացավ՝ էս ճանապարհը չորս անգամ ո՞նց ես անցել: Հետո դարձավ մեր հրամանատարին, թե՝ էս զինվորը ի՞նչ պարգեւ ունի: Հրամանատարն ասաց՝ զինվորին հասանելիք բոլոր հնարավոր պարգեւներն ունի: Ու սկսեց գովել ինձ: Անդրանիկ Մակարյանը նայեց ուսադիրներիս, ասաց՝ սերժանտի կոչում տվեք զինվորին: Երբ իջա դիրքերից, գնդի հրամանատարը իր աշխատասենյակ հրավիրեց տարվա լավագույն զինվորներին: Մեր գումարտակից միայն ես էի լավագույնը լինելու պատվին արժանացել:…Հետո նշանակվեցի դիրքի ավագ:

Նոր տարին որքան մոտենում էր, դիրքում կանգնած զգում էի՝ Ամանորի   գալուստը պիտի ինչ-որ բանով նշեմ, որ սիրտս իսկապես ուրախանա: Ու որոշեցի Ագարակի մանկապարտեզների 270 երեխաներին ամանորյա նվերներ բաժանել:

-Ի՞նչ միջոցներով:

-Իմ: Ես շատ ընկերներ ունեմ՝ հրաշալի տղաներ, որոնք սիրում են իրենց երկիրն ու լավ գործի համար ոչինչ չեն խնայի: Ես էլ իմ զինվորավարձն էի հավաքել: Մի խոսքով, հանդիսավոր պայմաններում, միջոցառման ժամանակ, որին մասնակցում էին Ագարակի քաղաքապետը ու էլի շատ հյուրեր, 270 երեխա տարեմուտի նվերներ ստացան:

-Ես այդ մասին կարդացել եմ թերթում:

-Չորս սայլակ էլ հաշմանդամների համար գնեցինք ու տարին փակեցինք հանգիստ խղճով: Ես բանակից վերադարձա ավագ սերժանտի ուսադիրները ուսերիս, բազմաթիվ պատվոգրերով ու շնորհակալագրերով, զինվորի համար նախատեսված բոլոր հնարավոր պարգեւներով: Հրամանատարները լավ ծառայության համար ինձ անընդհատ արձակուրդ էին տալիս՝ որպես խրախուսանք, բայց ես մերժում էի: Ես սահմանին ինձ ավելի լավ էի զգում, քան տանը:

-Իսկ մամայի եփած համով ճաշերը:

-Ես քարից փափուկ ամեն ինչ ուտում եմ: Չգիտեմ՝ ոնց բացատրեմ, թիկունքում, ասֆալտի վրա իմ հոգին մի բուռ է դառնում, կծկվում է մարմնիս մեջ, իսկ սահմանին դուրս է գալիս մարմնիցս ու ճախրում լեռների վրա…

-Ժամկետային ծառայությունն ավարտել ես ու հիմա պայմանագրային զինծառայող ես:

-Այո, մեր դիրքի ավագն եմ: Զուգահեռ սովորում եմ բուհում, դեղագործի մասնագիտություն եմ ստանում, դիրքում պետք կգա: Երազում եմ սպայի ուսադիրներ կրել:

-Արթուր, անընդհատ ուղեղիս մեջ էն աքլորի դաժան պատմությունն է: Մտածում եմ՝ մարդ ի՞նչ ուժ պիտի ունենա, որ դուրս գա էդ մղձավանջից էսքան ուժեղ, մարդասեր, լավատեսությամբ լի: Ու հաղթած: Դու սկսել ես քո վերելքը…

-Հենց զինվորական համազգեստ հագա, հայտնվեցի ամենաբարձրում: Հիմա ոչ թե վերելք է, այլ տարածքի ընդլայնում հորիզոնական տիրույթում: Այսօր դիրքի ավագ եմ, վաղը մեծ զորք կունենամ: Հետո ավելի մեծ… Սահմանին, լեռան վրա լեռ կբարձրանա՝ մեծ ու ուժեղ զորք: Երկիրը իր զինվորի սիրուց կծաղկի:

Աղբյուրը՝ http://www.hayzinvor.am/ #3 (1323) 22.01.2020 – 28.01.2020

Կիսվել
Գլխավոր » Հասարակություն » Ու երկիրը կծաղկի իր զինվորի սիրուց