Պրոֆեսոր Սուրեն Ստեփանյան․ մեր հայրենակիցը

Կիսվել

Օրերս էլեկտրոնային առողջապահական կայքերում շրջանառվում է ուշագրավ մի տեղեկատվություն՝ «Լապարասկոպիկ ձախակողմյան հեմիկոլէկտոմիայի դեպք Միքայելյան Համալսարանական հիվանդանոցում» վերնագրով։

Դեպքի մանրամասներն հետեւյալն են․Միքայելյան Համալսարանական հիվանդանոցի Վիրաբուժության կլինիկա էր դիմել երիտասարդ տղամարդ, որը նշում էր մի քանի օր տևողությամբ փորկապություններ, պարբերական ցավ ձախ զստափոսի շրջանում: Ռենտգենաբանական հետազոտությամբ և կոլոնոսկոպիայով հայտնաբերվեց երկար սիգմայաձև աղի, որն ուներ ծռվածություններ երկու հատվածներում:
Կատարվեց լապարասկոպիա (վիրաբույժներ՝ պրոֆ. Սուրեն Ա. Ստեփանյան, Հակոբ Հ. Շմավոնյան, Վահան Ս. Բադոյան, անէսթեզիոլոգներ՝ Արիստ Ս. Ղազարյան, Սասուն Ա.Ղազարյան), հայտնաբերվեց վայրէջ հաստ աղու և երկար սիգմայաձև աղու դեֆորմացիա կպումային պրոցեսով: Լապարասկոպիկ մեթոդով կատարվեց սիգմայաձև աղու և վայրէջ հաստ աղու մոբիլիզացիա և ռեզեկցիա, փայծաղային անկյունը մոբիլիզացվեց և ապարատային անաստամոզով միացվեց ռեկտոսիգմոիդալ հատվածին: Ձևավորվեց կանթային իլեստոմա, որը փակվեց երեք շաբաթ անց: Հետվիրահատական շրջանն անցավ առանց բարդությունների, հիվանդը դուրս գրվեց առողջացումով: Հետվիրահատական մեկ ամսվա ընթացքում դիտվեց աղիների ֆունկցիայի կանոնավորում:

Artiknews.am կայքի ընթերցողներից շատերը կռահեցին, որ պրոֆեսոր Սուրեն Ստեփանյանը մեր հայրենակիցն է, ծնունդով Անուշավան գյուղից։ Նա մեր տարածաշրջանում բորեհամբավ վիրաբույժ Աղասի Ստեփանյանի որդին է։ Ավարտել է Արթիկի թիվ 2 դպրոցը։

«Ազգային գույներ» հաղորդաշար

«Ազգային գույներ» հաղորդաշարի հյուրն է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»- ի վիրաբուժության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ Սուրեն Ստեփանյանը։Dr.Stepanyan☎ +374 93 50 35 40➡ ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ ➡«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»- ի վիրաբուժության կլինիկայի ղեկավար #Վիրաբույժ #Surgeon #Хирург #Surgery#IHC #medical #conference

Posted by Dr.Stepanyan on Sunday, July 14, 2019


 Այժմ Սուրեն Ստեփանյանը ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչն է, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»- ի վիրաբուժության կլինիկայի ղեկավարը, նաեւ՝  ՀՀ Առողջապահության նախարարության խորհրդատու՝ ընդհանուր վիրաբուժության գծով։

Կատարում է որովայնային և թորակալ, բաց և էնդոսկոպիկ, ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքների, գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս լեղուղիների , լեղաքարային հիվանդությունների բաց և լապարասկոպիկ, լյարդի ուռուցքների և կիստաների վիրահատություններ, ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների՝ պանկրեատոդուոդենալ մասնահատում, պանկրեատոդիգեստիվ բերանակցումներ, ձախակողմյան մասնահատում: Կատարում է նաև էխինակոկային բշտերի տարբեր տեղակայման, վահանագեղձի և հարվահանագեղձերի հիվանդությունների, դիֆուզ տոքսիկ խպիպի, հանգուցավոր խպիպի, թիրեոիդիտների, ուռուցքների, հարվահանագեղձի ադենոմաների, մակերիկամների հիվանդությունների՝ հորմոնալ ակտիվ ուռուցքների, ինցիդենտալոմաների, կերակրափողի հիվանդությունների՝ դիվերտիկուլների, ախալազիայի, ուռուցքների վիրահատություններ, Լյուիսի, ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցային, բարակ աղու հիվանդությունների ստամոքսի ուռուցքների, տարբեր տեղակայման և բարդության որովայնային ճողվածքների, կոլոպրոկտոլոգիական վիրահատություններ:

Կլինիկական աշխատանքի ընթացքում ներդրել է սուր կպումային բարակաղիքային անանցանելիությունների լապարասկոպիկ վիրահատությունները, կպումային հիվանդության կանխարգելման նպատակով հակակպումային միջոցների կիրառումը, 12 մատնյա աղու պերֆորատիվ խոցի դեպքում լապարասկոպիկ վիրահատությունները, աճուկային ճողվածքների TEP մեթոդով լապարասկոպիկ վիրահատությունները՝ Swing-Contact ինքնաֆիքսվող ցանցերով:

Որովայնային վիրաբուժության բնագավառում երեք առաջադեմ ու նորարական առաջարկությունների հեղինակ է:

Վերապատրաստումներ է անցել ՀՀ Ազգային առողջապահության ինստիտուտի Էնդոսկոպիկ վիրաբուժության ամբիոնում, Գերմանիայի Հայդելբերգի համալսարանի վիրաբուժական կլինիկայում (ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժություն), Վիեննայի համալսարանի թորակալ վիրաբուժության կլինիկայում, Գերմանիայի Մեմմինգենի հիվանդանոցում (Մյունխենի Լյուդվիգ-Մաքսիմիլիան համալսարանի կլինիկական բազա), Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի Ա.Վ.Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտի լյարդի և ենթաստամոքսային գեղձի վիրաբուժության բաժանմունքում: Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում մասնակցել է

Կարդիոթորակալ վիրաբուժությանը նվիրված գիտական սեմինարի:

Հեղինակ է 125 գիտական հոդվածների և հրապարակումների: «Վիրաբուժական հիվանդություններ» հայերեն լեզվով դասագրքի երկու հատորների /1999թ. և 2010թ. հրատարակում/ մասնագիտական խմբագիրն է: ԵՊԲՀ «Վիրաբուժական հիվանդություններ» ուսումնական ձեռնարկների 12 հատորների (հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով) համահեղինակն է և խմբագիրը:

Պաշտպանել է «Ստամոքսաելքը պահպանող վիրահատությունները ստամոքսի խոցային հիվանդության վիրաբուժական բուժման մեջ» թեմայով թեկնածուական և «Որովայնի կպումային հիվանդության պաթոգենեզի, կանխարգելման և բուժման որոշ ասպեկտներ» թեմաներով դոկտորական գիտական ատենախոսություններ:

Անդամակցում է Վիրաբուժության Եվրոպական ընկերությանը /ESS/,

Էնդոսկոպիկ վիրաբույժների Եվրոպական ասոցիացիային /EAES/, Հայկական վիրաբուժական ասոցիացիային:

Պարգևատրվել է ԵՊԲՀ «Ոսկե մեդալով» և «Մխիթար Հերացի» մեդալով:

Վերջում ավելացնենք, որ ծննդավայրն հպարտանում եւ առանձնակի երջանկություն է զգում իր շնորհաշատ եւ ոսկեձեռիկ զավակի համար, ում աշխատանքային յուրաքանչյուր ձեռքբերումը նաեւ ծննդավայրինն է։

Կիսվել
Գլխավոր » Հասարակություն » Պրոֆեսոր Սուրեն Ստեփանյան․ մեր հայրենակիցը