Տողատակին՝ ապրելու բանաձևը

Կիսվել

Մեծ հայրենականում տարած հաղթանակի 75-ամյակի տոնի նախաշեմին իր ինքնատիպ մտորումներն է կիսում մեր կայքի ընթերցողի հետ Արթիկի թիվ 3 ավագ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Զարուհի Պետրոսյանը։

«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»: Սա կարճ, տարողունակ բանաձև է՝ սերունդների համար, ովքեր չեն լսել հրանոթների որոտը և չեն տեսել ռմբակոծիչների խոյահարումներն օդում: Չեն զգացել ամենօրյա մարդկային ողբերգությունների վիշտը և ավերումների սարսափը: Բայց գիտակցում են՝ ինչ կլիներ աշխարհի կերպը, եթե չլիներ Մեծ հաղթանակը:

…Ես ծնվել եմ իմ պապերի մահվանից շա~տ հետո, չեմ ըմբոշխնել նրանց ձեռքը բռնած զբոսնելու երջանկությունը: Բայց իմ ապրած ամեն մի օրվա մեջ նրանք կան: Ու դա ոչ միայն գենետիկ հիշողություն է: Դա ցավ է, հպարտություն է, ինքնաճանաչում է… Չլիներ այդ պատերազմը՝ հորս ու մորս աչքերը այլ կերպ կժպտային, թախիծն այնքան շատ չէր լինի նրանց ուրախության մեջ, ու շատ երազանքներ նրանք չէին հետաձգի՝ գոնե իրենց զավակների մեջ մարմնավորված տեսնելու թաքուն հույսով…

Հայրական պապս՝ Զավեն Պապիկյանը (լուսանկարում՝ ձախից), պատերազմ գնաց՝ երբ 33 տարեկան էր: 1941թ. հունիսին, զորակոչման նախորդ օրը, նա ջրեց իր փոքր բանջարանոցը և կռացած, մի բուռ դարձած ծնողներին խնդրեց՝ լաց չլինել ու կնոջ, քրոջ կողքին  հավատի սպասումով ապրել, որ երեք փոքրիկները ոչ էլ մի լավ հասկանային, թե ինչ արհավիրք է, ու սպասեին հոր գալուստին, որը շուտով, շուտով էր լինելու՝ «մինչև ձմեռնամուտ»: Բայց ձմեռն էլ անցավ, գարունն էլ, ու տարիներ էլ… Նրա վերջին նամակը Լուգանսկից էր: Ընտանիքը երբե՛ք չհավատաց, որ դա վերջինն էր…

Այսօր Նոր Կյանք գյուղի հուշարձանին նրա անունը քարե տարեգրության մի մասն է դարձել, ու մինչև իր կյանքի վերջը հայրս մայիսի 9-ին բարձրանում էր այնտեղ՝ շոյելու հոր անվան տառերը ու ինչ որ բան մտքում շշնջալու: Տեսնես՝ ի~նչ…

Մորական պապս՝ Գրիգոր Պապիկյանը (լուսանկարում՝ աջից) (իմ ծնողների ճակատագրերը նույնիսկ ազգանուններով էին «խառնված» իրար), պատերազմն սկսելու օրը Ապարանի շրջանում էր. երիտասարդ, քսաներկուամյա տաղանդավոր ու թիկնեղ տղամարդ էր, որ արդեն համալսարան էր ավարտել ու դպրոցի տնօրեն էր: Փոքրիկ տղային գրկած՝ ուսուցչուհի կնոջ հետ անմիջապես վերադարձավ հայրենի Մեղրաշեն: Ու թեև կրթության (ախր մատների~ վրա կարելի էր հաշվել այն տարիների, ու այդ տարիքի՝ համալսարանականներին) և պաշտոնի բերումով «բրոնյա» ուներ, եկավ իր համագյուղացիների՛ հետ ճակատ գնալու, որովհետև հայրենիքի՛ խնդիր էր, որովհետև իր աշակերտներին կենսաբանություն կսովորեցներ հետո, իսկ այժմ պատմությու՛նը պաշտպանելու ժամն էր… Մայրս դեռ չէր ծնվել, նա լույս աշխարհ էր գալու 1942թ.-ի ապրիլի 7-ին միայն…

Գրիգոր պապիս՝ սպայի ու հրամանատարի գերեզմանը քեռիս գտավ, երբ նրա թոռներն արդեն մեծ էին. նա նահատակվել էր 1944թ.-ին՝ Ռիգայում, կռվելով Հ. Բաղրամյանի հրամանատարությամբ…

Եղբայրս իմ մի պապի անունն է կրում, քեռուս տղան՝ մյուս պապիկիս: Հայրս ու քեռիս նաև այդպե՛ս էին ուզեցել, որ իրենց հայրիկը միշտ  կողքներին լիներ, ու նրա անունը տանը միշտ հնչեր…

Բայց չէ՛, պատերազմների հրանոթների ու պայթյունների ձայների արձագանքները ես էլ ցավոք լսեցի, երբ արցախյան գոյամարտն սկսվեց, ու եղավ նաև ապրիլյան քառօրյան… Մեր տան զինվորի բազկի զարկը գումարվեց իր ընկերների խենթացած հերոսությանը, ու իրենց մեծ պապերին արժանի տղաներն արեցին այն, ինչի արժեքն ու գնահատականը մենք դեռ տալու ենք…

   …Փառք մեր հայրենյաց…

Ես բան ունեմ իմ աշակերտներին ասելու…

Զարուհի Պետրոսյան, ուսուցչուհի

Կիսվել
Գլխավոր » Հասարակություն » Տողատակին՝ ապրելու բանաձևը