28 տարի առաջ այս օրը ազատագրվեց Շուշի քաղաքը

Կիսվել

28 տարի առաջ այս օրը՝ 1992 թվականի մայիսի 8-ին հայկական զինված ուժերի ու կամավորականների ջանքերի, անձնազոհության ու նվիրումի շնորհիվ ազատագրվեց Շուշի քաղաքը:

Շուշիի ազատագրումը մանրակրկտորեն մշակված ու պլանավորված բազմաքայլ ռազմական օպերացիա էր, որը հետագայում պիտի մտներ ռազմական գործի տեսության ու պատմության մեջ՝ զինվորականների նոր սերունդների համար դառնալով ուսանելի ու օրինակելի գործողություն: Շուշիի ազատագրումը բացի ռազմարվեստի հաջողված գործողություն լինելուց, ուներ և ունեցավ հսկայական քաղաքական ու բարոյական նշանակություն և բեկումնային դարձավ ռազմական գործողությունների հետագա ընթացքի ու պատերազմի ելքի համար:

Շուշին հիմք դրեց մեր հետագա ռազմական հաջողությունների ու պատերազմի հաղթական ավարտի համար: Որպեսզի արցախյան ազատամարտում հայկական զինված ուժերի գրանցած առաջին խոշորամասշտաբ ռազմական գործողություն՝ Շուշիի ազատագրումը ճանապարհ բացեց նաև Լաչինի միջանցքի ազատագրման համար, ինչը հնարավոր դարձրեց ճեղքել Արցախի շրջափակումը և կապ հաստատել Հայաստանի հետ:

Շուշիի հաղթանակը հիմք դարձավ նաև Արցախի կամավորական ուժերը վերակազմավորելու ու դրանց հիմքի վրա պաշտպանության կանոնավոր բանակ ձևավորելու համար:
Ամեն տարի մայիսի 8-ին մենք հպարտությամբ ու ակնածանքով հիշում ենք Շուշիի ազատագրումը հնարավոր դարձրած բոլոր զինվորականներին՝ գործողությունը մանրակրկտորեն պլանավորած հրամանատարներից մինչև շարքային մարտիկներ: Մենք հիշում ու խոնարհվում ենք Շուշիի ազատագրման օպերացիայի ժամանակ զոհված բոլոր նվիրյալների սուրբ հիշատակի առաջ՝ պարտավորվելով նրանց հիշատակին արժանի պետություն ու հայրենիք կառուցել:

Հավերժ փառք բոլոր նրանց, ովքեր հնարավոր են դարձրել Շուշիի հերոսապատումը և հավերժ հիշատակ ու խոնարհում Շուշիի ազատագրման ժամանակ զոհված բոլոր հերոսների հիշատակի առաջ:

Շնորհավոր Հաղթանակի օրը:

Աղբյուրը՝ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեսբուքյան էջ (Arman Babajanyan)

Կիսվել
Գլխավոր » Հասարակություն » 28 տարի առաջ այս օրը ազատագրվեց Շուշի քաղաքը