Սկսվում է աստղագիտական գարունը․ գարնանային գիշերահավասար

Կիսվել

Արթիկի թիվ 1 հիմնական դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Մարիամ Միքայելյանը, հղում կատարելով Byurakan Astrophysical Observatory – Բյուրականի աստղադիտարան ի կայքէջին, գրում է․

Մարտի 20-ին՝ Երևանի ժամանակով 13:37-ին, Արեգակը երկնքի հարավային կիսագնդից կանցնի հյուսիսային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական գարնան սկիզբն է: Այդ պահին Արեգակը գտնվում է Երկրի հասարակածի հարթության մեջ: Այս օրը կոչվում է գարնանային գիշերահավասարի օր, այսինքն՝ գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են:

Նշենք, որ խոսքն Արեգակի` հորիզոնից բարձր և ցածր գտնվելու տևողության մասին է: Իրականում օրվա լուսավոր մասն ավելի երկար կլինի, քանի որ գումարվում են նաև առավոտյան և երեկոյան մթնշաղի ժամերը:Տարիներ առաջ գարնանային գիշերահավասարը մարտի 22-ին էր, և ավագ սերնդի մոտ դեռևս կա այդ կարծրատիպը։

Սակայն ամեն տարի այն փոխվում է և ավելի վաղ է տեղի ունենում: Այդ փոփոխության պատճառը Երկրի պրեցեսիան է. նրա պտտման առանցքը ժամանակի ընթացքում տեղաշարժվում է՝ մոտ 25772 տարում կատարելով մեկ լրիվ պտույտ:

Մոտ 70 տարին մեկ այդ կետը տեղաշարժվում է մեկ օրով դեպի առաջ: Աստղագետները գարնանային գիշերահավասարի կետի հետ են կապում երկնային հասարակածային կոորդինատների հաշվանքի համակարգը. այդ կետից է սկսվում կոորդինատներից մեկի` ուղղակի ծագման հաշվարկը:

Մեր՝ հայերիս կողմից ամենասիրված եկեղեցական շարժական տոներից մեկի` Զատիկի օրվա հաշվարկը նույնպես կապված է գարնանային գիշերահավասարի օրվա հետ: Ամեն տարի Զատիկի օրը գարնանային գիշերահավասարին հաջորդող առաջին լիալուսնից հետո եկող կիրակին է, և այս տարի այն կնշվի ապրիլի 4-ին:Նախկինում գարնանային գիշերահավասարի օրը Հայաստանում համարվում էր տարվա սկիզբ։ Որոշ իսլամական երկրներում (մասնավորապես Իրանում) գարնանային գիշերահավասարի օրը ներկայումս էլ համարվում է նոր տարվա սկիզբը (Նովրուզ), որն ի դեպ ծագում է դեռ զրադաշտական կրոնի ժամանակներից և շուրջ 3000 տարվա պատմություն ունի:

Կիսվել
Գլխավոր » Մամուլ » Սկսվում է աստղագիտական գարունը․ գարնանային գիշերահավասար