Ավարտվեց Արթիկի բժշկական կենտրոնի բակում մատուռի շինարարությունը

Կիսվել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք մեր կայքի ընթերցողին, Արթիկի բժշկական կենտրոնի բակում նախաձեռնվել է եւ սկսվել մատուռի շինարարություն։ Աստվածահաճո  այս մտահղացման եւ նախաձեռնության  հեղինակը Արթիկի բժշկական կենտրոնի վիրաբույժ Տիգրան Մահորյանն է։

Նախ կատարվեց մատուռի հիմնարկեքը, որին հետեւեցին շինարարական աշխատանքները։ Այսօր արդեն Արթիկի բժշկական կենտրոնի բակում կառուցված մատուռն ունի այսպիսի չքնաղ ավարտուն տեսք։

Արթիկի բժշկական կենտրոնի բժիշկ Հակոբ Դարբինյանի ֆեսբուքյան էջից տեղեկանում ենք, որ շինարարական աշխատանքներն ավարտվել են, եւ այսօր, Արթիկի հոգեւոր թեմի հոգեւորականների մասնակցությամբ, պահպանելով համաճարակային իրավիճակում սահմանված բոլոր կանոնները, կատարվեց մատուռի, մատուռի խաչի եւ մասունքների օրհնության արարողակարգ, որն անցկացրեց Արթիկի թեմի առաջնորդ Հայր Նարեկ Ավագյանը։

Օրհնության տեսաագրությունը առավել բարձր որակով եւ ըստ անհրաժեշտ չափերի դիտելու համար սեղմել՝
https://www.facebook.com/100013476544502/videos/943614216097788/?id=100013476544502 ։

Տեսագրությանը զուգահեռ, բժիշկ Հակոբ Դարբինյանը (ով նաեւ ակտիվ մասնակցություն է ունեցել մտահղացումը իրականություն դարձնելուն), գրագետ խոսքով մեկնաբանում է արարողության ողջ ընթացքը։ Նա նաեւ կատարել եւ կայքին է ուղարկել արարողակարգի լուսանկարները, ինչի համար խորին շնորհակալություն բժշկին։

Posted by Hakob Darbinyan on Thursday, June 18, 2020

Աստվածահաճո այս գործին մասնակից եղան նաեւ մեր շատ համաքաղաքացիներ։ Մասնավորապես՝ Արթիկի գեղարվեստի դպրոցի տնօրեն Արա Մերգելյանը մատուռին նվիրեց իր նկարած սրբապատկերը, եւ ընդհանրապես, մատուռում տեղադրված բոլոր նկարները եւ իրերը նվիրատվություն են բժշկական կենտրոնի որոշ բժիշկների, բուժաշխատողների, եւ ապա՝ մեր համայնքի քաղաքացիների կողմից։

Այո, չվարանելով կրկնել, մեկ անգամ էլ ասեմ՝ Աղոթքը զրույց է Աստծո հետ, Աստծո հետ հաղորդակցվելու միջոց: Աղոթքը հավատքի զորացումն է: Այն հոգու սնունդ է,  փորձությունների դեմ պայքարի հզոր զենք:

Առողջություն բոլոր հիվանդներին։

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Ավարտվեց Արթիկի բժշկական կենտրոնի բակում մատուռի շինարարությունը