Թարմացված․Արթիկ համայնքում կորոնավիրուսով վարակված քաղաքացու ընտանիքի անդամներին մեկուսացնում են

Կիսվել

Էլեկտրոնային որոշ լրատվամիջոցներ այսօր, համաձայն Արթիկ համայնքի օպերատիվ շտաբի հաղորդման, տեղեկություն տարածեցին այն մասին, որ Արթիկ համայնքում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 1 դեպք։

«Մեր համաքաղաքացու մոտ թեստավորման արդյունքը դրական է եղել։ Օպերատիվ շտաբը միաժամանակ տեղեկացնում է, որ կազմակերպվում են տվյալ անձի ընտանիքի մյուս անդամների մեկուսացումը, ճշտվում շփման շրջանակը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Կորոնավիրուսով վարակված քաղաքացուն տեղափոխել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց։

Որպես թարմացված տեղեկատվություն մեջբերենք այս կապակցությամբ SHANTNEWS.am-ի թղթակցի զրույցը Արթիկի բժշկական կենտրոնի տնօրեն Բաբիկ Մարտիրոսյանի հետ․

Արթիկում նոր կորոնավիրուսով վարակված 65-ամյա տղամարդը ապրիլի 23-ին վատ ինքնազգացողութամբ դիմել է Արթիկի պոլիկլինիկա, որտեղ էլ վերջինիս առաջին բուժօգնություն են ցուցաբերել:

Նրա խոսքով՝ պացիենտը ունեցել է թոքերի քրոնիկ հիվանդություն:

«Ապրիլի 23-ի ցերեկը ընտանեկան բժշիկին է դիմել հիվանդը, նախ՝ նրան ուղեկցել են մեկուսարան, որն առանձնացրել ենք նման գանգատներով հիվանդների համար: Այնուհետև նրան ռենտգեն են արել ու պարզվել է, որ նոր սկսվող  թոքաբորբային պատկեր ունենք: Ասեմ, որ պացիենտը նաև քրոնիկ բրոնխիտներ ուներ:

Բուժաշխատողները, որոնք արդեն նախապես տեղեկացված էին, թե նման հիվանդների հետ ինչպես են աշխատում ու նմուշառում կատարում, նմուշառում են վերցրել, ուղարկել լաբորատորիա՝ պարզելու՝ արդյո՞ք նոր վիրուսով վարակված է, թե՞ ոչ: Պատասխաններն այս գիշեր ժամը 01:15-ին ունեցանք արդեն, որը դրական էր: Այս ընթացքում պացիենտը մեկուսացված է եղել տանը: Կինը բուժաշխատող է եղել, հետևաբար նրանք արդեն լավ գիտակցում էին ու ենթարկվում մեր ցուցումներին, թե ինչ է պետք անել: Մենք նաև հետաքրքվել ենք տան անդամների առողջական վիճակով, տանը ունեն հղի հարս, բայց գանգատներ չունեն: Այսօր առավոտյան վիրուսակիր հիվանդին արդեն տեղափոխել են Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց»,- ասել է Արթիկի բժշկական կենտրոնի տնօրենը։

Խմբագրության կողմից․ Արթիկում կորոնավիրուսային իրավիճակի մասին տեղեկություններ ստանալ միայն օպերատիվ շտաբի կողմից՝ զանգահարելով
0244 5 20 21 և 093 34 44 30 հեռախոսահամարներով:

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Թարմացված․Արթիկ համայնքում կորոնավիրուսով վարակված քաղաքացու ընտանիքի անդամներին մեկուսացնում են