Գերեվարվածների 62 հոգանոց խմբի մյուս անդամներից տեղեկություն կա՝ նույն վիճակում են

Կիսվել

Երեկ Ադրբեջանից Հայաստան վերադարձած 5 գերեվարվածներից 3-ը Շիրակի մարզից էին և 62 հոգանոց խմբի անդամներ։ Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասել է Արթիկի փոխքաղաքապետ, Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Ավագյանը, ով զբաղվում է ռազմագերիների խնդիրներով։

62 զինծառայողներ, հիշեցնենք, հրադադարի հաստատումից հետո գերեվարվել էին Հադրութի Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերի տարածքներից։ Ադրբեջանական կողմը հայտարարել էր, թե նրանք «դիվերսանտներ» են։ Ավելի վաղ վերադարձել էին 62 հոգանոց խմբի 5 անդամներ, երեկ վերադարձել է 3 անձ։ Բորիս Ավագյանն ասաց, որ գործընթացն առաջ է գնում։

Հարցին, թե ինչո՞ւ են փոքր խմբերով վերադարձնում գերեվարված զինծառայողներին, Բորիս Ավագյանը պատասխանեց․ «Որովհետև դա շատ բարդ գործընթաց է։ Եվ այդ գործընթացը գտնվում է Ռուսաստանի նախագահի վերահսկողության տակ, ՌԴ պաշտպանության նախարարն է շատ աջակցում։ Շատ բարդ գործընթաց է, բայց, ինչպես տեսնում ենք, գնում է առաջ։ Եվ հույս ունենք, որ կարագանա, բոլորը շուտափույթ կվերադառնան տուն։ Ես չեմ համարում, որ կա ադրբեջանական կամ թուրքական ինչ-որ ուժ, որը կկարողանա խոչընդոտել ՌԴ նախագահին այս գործընթացում»։

Բորիս Ավագյանի խոսքով՝ ադրբեջանական կողմը պնդում է, որ 62 զինծառայողները հայտնվել են Հադրութի շրջանում հրադադարի փաստաթղթի ստորագրումից հետո։ «Եվ նրանք մեր զինծառայողներին որակավորում են տեռորիստ։ Նրանք չեն ընդունում այդ թղթի հղումը, որ գերիները պետք է վերադարձվեն, ասում են՝ երբ մենք ստորագրել ենք այդ եռակողմ հայտարարությունը, նրանք այնտեղ չեն եղել, հետո են եկել»,- հավելեց նա։

Ըստ նրա՝ հույսեր կան, որ բոլոր գերեվարվածները առաջիկայում կվերադառնան։ «Երբ առաջին խումբը եկավ, ես բոլորին ասում էի՝ մեկ է, մենք գալու ենք նրան, որ ռուսական միջնորդությամբ նրանք կվերադառնան։ Շատ ծնողներ հուսահատվել էին, մտածում էին՝ քանի որ իրենց երեխաներին տեռորիստ են որակավորել, այլևս չեն վերադարձնելու։ Բայց մենք տեսնում ենք, որ գործընթացը գնում է»,- ասաց նա։ Գերեվարվածների 62 հոգանոց խմբի մյուս անդամների մասին, ըստ Ավագյանի, կա տեղեկություն, Ադրբեջանում ռուս խաղաղապահների հրամանատարը հանդիպել է նրանց, նրանք նույն վիճակում են, ինչ վիճակում վերադարձված տղաներն են։

Ռոզա Հավհաննիսյան
Աղբյուրը՝Lragir.am

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Գերեվարվածների 62 հոգանոց խմբի մյուս անդամներից տեղեկություն կա՝ նույն վիճակում են