Էս փոսը ո՞ւմն է, էս սյունը՝ ո՞ւմը

Կիսվել

Տարին թումանյանական է, մեր տրամադրությունները՝ նույնպես, ուստի մեր բողոքն ու դժգոհությունն էլ պիտի որ թումանյանական երանգով լինի։

Artiknews.com կայքի ամենաակտիվ ընթերցող Դավիթ Կիկոյանը երեկ երեկոյան վրդովված նամակ էր հղել կայքին։ Նա նաեւ լուսանկարներ էր ուղարկել՝ կատարված նույն օրում, նույն տեղում՝ մեր համայնք մտնող ամենագլխավոր ճանապարհի վրա։

<< Ճանապարհի այս հատվածով օրական քանի՞ ավտոմեքենա է անցնում՝ բոլորս ենք ենթադրում։  Անհանգստացնողն այն չէ, որ այն գցում է քաղաքի մոտքի տեսքը։ Կարելի է նայել եւ ենթադրել՝ օրական քանի՞ դժբախտ պատահարի պատճառ կարող են լինես այս փոսերն ու վայր ընկնող հենասյուները>>։

<<Որոշ հնարամիտ մարդիկ,-շարունակում է դժգոհել Դավիթ Կիկոյանը,- հույսները կտրած համայնքային իշխանությունից, որ կվերացվեն ճանապարհի գրեթե կենտրոնում այս վտանգահարույց փոսերը, ինքնագործունեության են գնացել․  ծառի ճյուղեր են տնկել՝ փոսերը հեռվից տեսանելի դարձնելու համար, ժապավենով կապել են՝ նոր տարվա կամ զատկի ծառի նման։ Թեքված եւ ընկնող սյուների համար ելք չեն գտել․․․>>

<<Եւ արդեն տեւական ժամանակ։ Այսպիսի փոսեր եւ ծառատունկ (ճյուղատունկ) էլի կգտնես մեր ճանապարհներին։ Որքա՞ն կարող է տեւել այս վիճակը, մինչեւ մի դժբախտ պատահա՞ր գրանցվի։ Եւ հետո, համայնքի ճանապարհների նորոգում չի նշանակում հրապարակամերձ կենտրոնում մի երկու տեղ ասֆալտի կարկատան գցելը։ Ախր համայնքի ղեկավարներն էլ են անցնում այս ճանապարհներով․․․․>>։

Ու կրկին թումանյանաբար հարցնենք՝ <<Էս փոսը ո՞ւմն է, էս սյունը՝ ո՞ւմը>>։ Չգիտենք։ Բայց գիտենք, որ համայնքը մերն է՝ Արթիկ քաղաքի բնակչինը, ով երկար չի հանդուրժի այսպիսի վիճակը։

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Էս փոսը ո՞ւմն է, էս սյունը՝ ո՞ւմը