Կարճ ասած՝ լավ չեն այս արդյունքները

Կիսվել

Անահիտ Բախշյանը այսպես է արտահայտվել իր ֆեսբուքյան էջում՝ մեջբերելով
լրագրող Անի Ավագյանի՝armtimes.com -ում զետեղված <<Հայոց լեզվից անբավարար է ստացել քննություն հանձնածների 21.1%-ը, հանրահաշվից՝ 25.1 %-ը. որոշ մարզերում 9-10 միավոր չկա>> վերնագրված հոդվածը։

Հոդվածագիրը գրում է․ <<Հայոց լեզվից անբավարար է ստացել քննություն հանձնածների 21.1%-ը, հանրահաշվից՝ 25.1 %-ը. որոշ մարզերում 9-10 միավոր չկա

ՀՀ հանրակրթական դպրոցների ընթացիկ գնահատմամբ 6 825 աշակերտից 1 440-ը, այսինքն՝ 21.1%-ը հայոց լեզվի քննությունից անբավարար է ստացել: Հանրահաշվի դեպքում պատկերն այսպիսին է. քննություն հանձնած 6 784 աշակերտներից դրական գնահատական չի ստացել 1703-ը կամ 25.1 %-ը: Սրանք Գնահատման եւ թեստավորման կենտրոնի անցկացրած վերջին գնահատման ամփոփված արդյունքներն են:

Նշենք, որ ԳԹԿ-ն հանրակրթական դպրոցներում հայոց լեզու եւ հանրահաշիվ առարկաներից պարբերաբար անցկացնում է գնահատումներ: Կենտրոնի աշխատակիցները հսկում են ողջ գործընթացը, որպեսզի աշակերտներն ինքնուրույն կատարեն առաջադրանքները: Վերջին գնահատումը եղել է 2019 թվականի հոկտեմբերի 7-ից մինչեւ դեկտեմբերի 6-ը՝ 9-րդ դասարանցիների շրջանում: Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը, ընթացիկ գնահատում անցկացվել է շուրջ 235 կրթական հաստատությունում՝ 113 միջնակարգ եւ 110 հիմնական դպրոցներում, 3 կրթահամալիրներում, 1 ավագ դպրոցում, 1 վարժարանում, 1 հատուկ դպրոցում, 1 միջնակարգ մասնագիտական եւ 4 ոչ պետական ուսումնական հաստատություններում:

ԳԹԿ մամուլի քարտուղարը մեզ տրամադրեց գնահատման արդյունքները՝ ամփոփված ըստ վարչատարածքային միավորների, որոնք ցույց են տալիս, թե որ մարզում որ գնահատականներն են առավել շատ կամ պակաս եղել: 

Ըստ այդ տվյալների՝ հայոց լեզվից 1-3 գնահատական, այսինքն՝ անբավարար, ամենաքիչը ստացել են Երեւանում՝ 12.04 % եւ ամենաշատը Գեղարքունիքի մարզում՝ 30.7 %:

4-5 գնահատականներն ամենաքիչը ստացել են Արարատի մարզում՝ 40.5%, ամենաշատը՝ Լոռու մարզում, տոկոսը հասնում է 52.4-ի:

6-8-ը միավորներն ամենաքիչը գրանցվել են Վայոց Ձորի մարզում՝ 23.1 %, առավել շատ՝ Սյունիքի մարզում՝ 40.4 %:

9 եւ 10 գնահատականներ չեն արձանագրվել Սյունիքի մարզում, իսկ առավել շատ գրանցվել են Շիրակի մարզում՝ 2.6 %:

Հանրահաշվի դեպքում եւս անբավարար գնահատականը՝ 1-3, ամենաքիչն արձանագրվել է Երեւանում՝ 17.5 %, համեմատաբար շատ է եղել Արարատի մարզում՝ 40.2 %:

4-5 գնահատականները քիչ են եղել Սյունիքում՝ 40.8 % եւ շատ Վայոց Ձորում՝ 58.3 %:

6-8-ի դեպքում պատկերն այսպիսին է. քիչ են Արարատի մարզում՝ 10.1 % եւ շատ՝ Երեւանում՝ 29.3 %:

9 եւ 10 բալեր չեն արձանագրվել Արագածոտնի, Արարատի, Լոռու եւ Կոտայքի մարզերում, սակայն շատ են եղել Սյունքի մարզում:

Նշենք, որ քննությունը տեւել է 60 րոպե: Յուրաքանչյուր առարկայի գնահատման համար օգտագործվել է թեստերի 8 տարբերակ: Դրանք կազմվել են աշակերտների նախորդ տարիների ուսումնասիրած թեմաներից:

Թեստերի պատասխանների ձեւաթղթերը տեղափոխվել են ԳԹԿ, որտեղ առաջադրանքները ստուգվել, գնահատվել են մասնագետների կողմից: Այնուհետեւ դրանք նաեւ ստուգվել են համակարգչով: Արդյունքները փոխանցվել են ուսումնական հաստատություններ, գրանցվել դասամատյաններում:

Խաչանուշ Գրիգորյանի խոսքով՝ ընթացիկ գնահատումը հնարավորություն է տալիս հասկանալու՝ աշակերտներն ինչքան են տիրապետում առարկաներին: Դրա միջոցով դպրոցականները ծանոթանում են կենտրոնացված ավարտական քննության անցկացման ձեւաչափին, սովորում՝ ինչպես լրացնել թեստը եւ պատասխանները ճիշտ անցկացնել ձեւաթուղթ: Աշակերտներն այսպես նաեւ վարժվում են՝ առաջադրանքները կատարել սահմանված ժամանակահատվածում:

Փորձեցինք ճշտել անցած տարի իրականացած գնահատումից համեմատական տվյալներ, սակայն ԳԹԿ մամուլի քարտուղարի խոսքով՝ մինչեւ այս ուսումնական տարին արտաքին ընթացիկ գնահատումն անցկացվել է ավագ դպրոցներում, իսկ 2019-ին արդեն հիմնական դպրոցի 9-րդ դասարանններում, այդ պատճառով համեմատելու տվյալներ չկան:

ԳԹԿ-ում ընթացիկ գնահատման վերաբերյալ մի շարք ծրագրեր կան, որոնք, դեռեւս քննարկումների փուլում են: Դրանցից մեկն էլ ընթացիկ գնահատումն ավագ դպրոցում շարունակելն է՝ 10, 11, ապա նաեւ 12-րդ դասարաններում: Ծրագիրը նպատակ ունի ստուգել նույն երեխաների գիտելիքի փոփոխությունը տարիների ընթացքում>>:

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Կարճ ասած՝ լավ չեն այս արդյունքները