Լիտվայի դեսպանի այցն Արթիկ

Կիսվել

Փետրվարի 20-ին Արթիկում էր  Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին, ով  նպատակ ուներ ծանոթանալու Արթիկ քաղաքի հետ համագործակցելու հնարավորություններին ու հեռանկարներին՝ հաշվի առնելով ոչ հեռու անցյալի համագործակցության ամուր ու առանձնահատուկ դրական հիմքերը:

Համայնքի անունից համայնքի ղեկավար Մ․Վարագյանը գնահատանքի և երախտագիտության խոսքեր հղեց դեսպանին 1988 թվականի աղետալի երկրաշարժին լիտվացիների կողմից ցուցաբերած մարդասիրական օգնության համար:

Տիկին Տոլոչկիենեն ծանոթացավ համայնքում վերականգնվող էներգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև աղբի ու հատկապես պլաստիկի վերամշակման ոլորտում առկա ծրագրերին և հեռանկարներին՝ հայտնելով իր պատրաստակամությունն աջակցելու այդ օրակարգին, ինչպես նաև կիսվելու իրենց փորձառությամբ:

Դեսպանն այցելեց նաև Լմբատ թաղամասում գտնվող Արթիկի թիվ 8 հիմնական դպրոց, որի, ինչպես նաեւ Լմբատ-2 թաղամասի բնակելի շենքերի կառուցապատման հասցեատերերը լիտվացի շինարարներն են։ Կրթօջախում կազմակերպվել էր ջերմ ընդունելություն, ինչից հաճելիորեն զարմացած էր դեսպանը:


«Շատ ուրախ եմ նման ջերմ ընդունելության համար: Մենք արդեն իսկ համագործակցության լավ հիմքեր ունենք, համոզված եմ, որ մեզ արդյունավետ համագործակցություն է սպասվում՝ հաշվի առնելով երկկողմ պատրաստակամությունը: Նաև շատ ուրախ եմ, որ ինձ բախտ վիճակվեց առաքելությունս ստանձնել Հայաստանում՝ այս հյուրընկալ երկրում, հատկապես այս ժամանակահատվածում: Օտարների համար դժվար է պատկերացնել այն ամենն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում: Ես շատ ուրախ եմ հանդիպել այսքան նվիրված և կիրթ մարդկանց, ովքեր պատրաստ են աշխատելու՝ ջանք չխնայելով: Այս զգացողությունն ինձ հիշեցնում է իմ հայրենի Լիտվայում տարիներ առաջ առկա տրամադրությունները: Այն փոփոխությունները, որ տեղի են ունենում Հայաստանում, մեզ համար համագործակցության նոր հնարավորություններ ստեղծեցին: Ուրախ կլինենք մեր ներդրումն ունենալ այն բարեփոխումներում, որ տեղի են ունենում Հայաստանում և ձեր հաջողության պատմության մասը դառնալու»,- ասաց դեսպան Ինգա Տոլոչկիենեն իր խոսքում:
Նա նաև իրենց պատրաստակամությունը հայտնեց աջակցելու դպրոցի նորոգման աշխատանքներին:

Աղբյուրը՝ Արթիկի համայնքապետարան
Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Կրթօջախներ » Լիտվայի դեսպանի այցն Արթիկ