Արթիկի բժշկական կենտրոնի բակում սկսվել է մատուռի շինարարություն

Կիսվել

Արթիկի բժշկական կենտրոնի բակում սկսվել է մատուռի շինարարություն։ Աստվածահաճո  այս մտահղացման եւ նախաձեռնության  հեղինակը Արթիկի բժշկական կենտրոնի վիրաբույժ Տիգրան Մահորյանն է։

Աղոթքը զրույց է Աստծո հետ, Աստծո հետ հաղորդակցվելու միջոց: Աղոթքը հավատքի զորացումն է: Այն հոգու սնունդ է,  փորձությունների դեմ պայքարի հզոր զենք: Աղոթելիս մարդը ուժ է ստանում: Աղոթքը սիրո եւ հավատի այն առհավատչյան է, որ  մարդը մատուցում է Աստծուն: Առանց աղոթքի մարդը  չի կարող փրկվել:

Անտարակույս, այս ճշմարտությունն էր այն իրողության հիմքը, որ նոր ժամանակներում  Հայկական բանակի զորամասերում սկսվեցին կառուցվել մատուռներ։ Հիմա չկա որեւէ զորամաս, որտեղ մատուռ չլինի։ Եւ զինվորները սրբությամբ են պահպանում իրենց իսկ ձեռամբ կառուցված այս փոքրիկ սրբատեղիները, մտնում են եւ աղոթում, մտովի կիսվում իրենց մտահոգող խնդիրների, դժվարությունների շուրջ։

Հոգու այդ զրույցը անկասկած է, որ անհրաժեշտություն է նաեւ մարմնով տկարների համար։ Փորձության դեմ կանգնած մարդը ոչ միայն բժշկի աջակցության կարիքն ունի։ Իրավամբ, հզոր է աղոթքի ուժը։ Անկասկած է, որ այս համոզմունքն ունենալով է Արթիկի բժշկական կենտրոնի վիրաբույժ Տիգրան Մահորյանը հանդես եկել  Արթիկի բժշկական կենտրոնի բակում մատուռի կառուցման նախաձեռնությամբ։

Եւ օրերս մեկնարկեց աստվածահաճո այդ գործի հիմնարկեքը՝ Արթիկի բժշկական կենտրոնի բակում սկսվեց մատուռի շինարարությունը։ Ներկաները մեկ մաղթանքով գոտեպնդեցին  աստվածաղերս նախաձեռնությունը՝  ամուր հիմք, բարի ավարտ։

Տիգրան Մահորյանը երիտասարդ է, իր համայնքում առավել կայանալու եւ համայնքին ծառայելու դեռ շատ ժամանակ ունի։ Սակայն, այն, որ նա հասկացել է եւ հանրությանը ներկայանում է Սարոյանական ճշմարտության ի՛ր մատուցմամբ, արդեն իսկ ամեն ինչ ասում է նրա Մարդ-տեսակի մասին: Որպես ասելիքիս հաստատում՝ մեջբերեմ Տիգրան Մահորյանի՝ ֆեսբուքյան իր էջում կատարած գրառումը․ <<Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:
Աչքի լույսի պես պահի՛ր, փայփայի՛ր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև այն
անցավոր է:
Ամեն ինչի մեջ գտի՛ր լուսավորը, գտի՛ր այն, ինչ չի կարող արատավորվել: Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով` արար աշխարհի ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերի՛ր նրան:
Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին: Ոչ մեկին մի՛ ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի՛ ենթարկիր: Հիշի՛ր, որ ամեն մարդ քո նմանակն է: Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ:
Արհամարի՛ր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց. հասկացի՛ր սա: Մի՛ ամաչիր բարի ու քնքուշ լինել…
Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:Վիլյամ Սարոյան>>։

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Համայնքներ » Արթիկի բժշկական կենտրոնի բակում սկսվել է մատուռի շինարարություն