Լուծվեց Արթիկի գեղարվեստի դպրոցի ջեռուցման խնդիրը

Կիսվել

Արթիկի գեղարվեստի դպրոցի համար լուծվեց կարվորագույն հարցերից մեկը՝ ջեռուցման խնդիրը: Դպրոցում այս տարի անցկացվեց գազիֆիկացում, տեղադրվեց ջեռուցման համակարգն իր առանձնացված կաթսայով:

Դպրոցը շուրջ 40 տարի ջեռուցվում էր վառելափայտով, որն անհարմարություններ էր ստեղծում դասապրոցեսները լիարժեք կազմակերպելու համար: Արթիկի համայնքապետարանը համայնքի բյուջեից 3 200 000 դրամ հատկացրեց հիմնախնդրի լուծման համար, ևս 479 000 դրամ՝ հետնամուտքի դռան, պատուհանի և պատերի մասնակի հարդարման համար:

Կոսմետիկ նորոգման աշխատանքները կատարելիս որպես կամավորականներ հանդես են եկել դպրոցի տնօրենն ու ողջ կոլեկտիվը:

-Նախկինում փայտե վառարաններով ու էլեկտրականությամբ կատարվող ջեռուցումն այսօր արդեն փոխարինվել է գազով ջեռուցմամբ, որը շատ ավելի հարմար է և արդյունավետ, քանի որ կենցաղային դժվարությունները բացասական ազդեցություն են թողնում ստեղծագործող երեխաների հոգեվիճակի վրա,- իր խոսքում նշեց դպրոցի տնօրեն Ա. Մերգելյանը:

Նա նաև հավելեց, որ փայտե վառարաններից մեկը, որպես դպրոցի կենցաղի 40 տարվա անբաժանելի մաս, պահվել է որպես ցուցանմուշ:

Արթիկի գեղարվեստի դպրոցը հիմնադրվել է 1973թ.-ին, այստեղ սովորում է 132 աշակերտ Արթիկից և մոտակա համայնքներից: Դպրոցում դասավանդվում է նկարչություն, քանդակ, գրաֆիկա, կիրառական արվեստ (խեցեգործություն), դիզայն: Դպրոցի աշակերտները հաջողությամբ, մասնակցում են հանրապետական և միջազգային մրցույթների՝ գրավելով պատվավոր հորիզոնականներ։
Աղբյուրը՝ Արթիկի համայնքապետարան

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Համայնքներ » Լուծվեց Արթիկի գեղարվեստի դպրոցի ջեռուցման խնդիրը