Համայնքային այցելություններ․ ԱՆՈւՇԱՎԱՆ համայնք

Կիսվել

Համայնքային այցելությունների շրջանակներում՝ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ մարզպետարանի պատասխանատուները նախօրեին այցելել են Անուշավան համայնք։

Համայնքապետարանում կայացած խորհրդակցության, ինչպես նաև համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ մարզային իշխանության ներկայացուցիչները լսել են անուշավանցիների մտահոգությունները, համայնքի առջև ծառացած մի շարք հիմնահարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերել են ճանապարհների նորոգմանը, հողային բազաներում առկա անճշտությունների վերացմանը։

«Իմ նպատակը համայնքներ այցելելու ոչ թե խնդիրների գույքագրումն է, որովհետև դրանց մասին բոլորս գիտենք, այլև արդեն իսկ բոլորիս հայտնի խնդիրների լուծման վերաբերյալ` ձեր մոտեցումների ու տեսակետերի հստակեցումը։ Շատ կարևոր է լսել տեղի մարդկանց, հասկանալ նրանց մոտեցումներն ու խնդիրների լուծմանը միտված նրանց դիրքորոշումը»,- բնակիչների հետ զրույցում նշել է Հովհաննես Հարությունյանը։

Անդրադառնալով համայնքներում ենթակառուցվածքների վերականգնման խնդրրին՝ մարզպետն ընդգծել է սուբվենցիոն ծրագրերի իրականացման կարևորությունը։

Մարզային իշխանություններն այցելել են Անուշավանի արվեստի դպրոց, որի ջեռուցման համակարգն անցկացվել է 2020 թվականի սուբվենցիոն ծրագրրի շրջանակներում՝ հնարավորություն տալով համայնքի երեխաներին ձմռան ամիսներին ևս չընդհատել պարապմունքները։ Համայնքում սուբվենցիոն ծրագրով տեղադրվել է նաև արևային ֆոտովոլտային 30կվտ հզորությամբ համակարգ, նորոգվել ոռոգման համակարգի 800 մետր հատված։

2021 թվականին նախատեսում են երկու փողոցների նորոգման աշխատանքներ իրականացնել՝ 14 մլն դրամի շրջանակներում, գումարի 60 տոկոսը կտրամադրի պետությունը։Հովհաննես Հարությունյանը հանդիպել է նաև անուշավանցի հացահատիկ մշակող ֆերմերին, լսել նրան մտահոգող հարցերը, վստահեցրել, որ դրանց լուծման առնչությամբ քայլեր կձեռնարկի հնարավորությունների սահմաններում։Հաջորդ կանգառը եղել է Գետափ համայնքում, որտեղ ևս տեղի է ունեցել հանդիպում բնակիչների հետ, խնդիրների ու առաջիկա անելիքների քննարկում։

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Համայնքներ » Համայնքային այցելություններ․ ԱՆՈւՇԱՎԱՆ համայնք