Հայր Կոմիտաս Ծ. Վրդ. Մանուկեան՝ Փանիկի բարի Հայրիկը

Կիսվել

Ինչպես ստացվեց, որ Հայր Կոմիտաս Ծ. Վրդ. Մանուկյանը նշանակվեց Փանիկ գյուղի հոգեւոր հովիվ… Այս մասին է https://www.vaticannews.va կայքում 01/06/2020 20:00) զետեղված նյութը, որը տեղադրում ենք որպես հիշատակի տուրք եկեղեցու եւ համայնքի մեծ նվիրյալի։

Հայր Կոմիտասի միջոցով սկսուեց Հայաստանի հոգեւոր առաքելութիւնը, որ դադարել էր վեց տասնամեակ առաջ՝ անաստուած վարչակազմի հալածանքների հետեւանքով:

Հայր Կոմիտաս Ծ. Վրդ. Մանուկեանը (աւազանի անունով՝ Նորայր Ունճեան), ծնուել է 1921 թ. օգոստոսի 16-ին Արեւմտեան Հայաստանի Մարաշ քաղաքում: Համեստ պայմաններով ապրող ընտանիքի զաւակ էր, ունէր մէկ քոյր:

1930 թ. աշնանը՝ 9 տարեկան հասակում փոքրիկ տղան մտնում է Վենետիկի Սուրբ Ղազար վանք:

1937 թ.  արդէն ընդունւում է նորընծայարան: Չորս տարի նորընծայարանում ուսուցանելուց, ապա բարձրագոյն երկրորդ ուսումը աւարտելուց յետոյ, 1941 թ. դառնում է Մխիթարեան Միաբանութեան ուխտեալ անդամ:

1940-1947թթ. սովորել է Հռոմի Գրիգորեան համալսարանում՝ ուսումնասիրելով աստուածաբանութիւն եւ փիլիսոփայութիւն:

1946 թ.  Հայր Կոմիտաս Վրդ. Մանուկեանը թոքերի բորբոքում է ստանում եւ ուղիղ մէկ տարի հետ է մնում կրթութիւնից, նոյն թուականի սեպտեմբերի 8-ին Սուրբ Ղազարում իր դասընկերները ձեռնադրւում են կուսակրօն աբեղայ, իսկ Հայր Կոմիտաս Վրդ. Մանուկեանը հիւանդութեան պատճառով կուսակրօն քահանայ է ձեռնադրւում մէկ տարի անց՝ 1947 թ. դեկտեմբերի 9-ին Հռոմում, ձեռամբ՝ Տէր Սարգիս Արքեպս. Տէր-Աբրահամեանի:

Հայր Կոմիտաս վրդ. Մանուկեանի հետ սովորել են նաեւ՝ Հայր Ներսէս Տէր- Ներսէսեանը, Հայր Եփրեմ Տէր –Ղազարեանը, Հայր Պօղոս վրդ. Անանեանը եւ այլոք:

1948 թ. Հայր Կոմիտաս Վրդ. Մանուկեանը ուղեւորւում է Պէյրութ՝ տեղի Բիք-Ֆայայ կոչուող հայաբնակ գիւղի Մխիթարեան վարժարան եւ այնտեղ աշխատել է որպէս տեսուչի փոխանորդ: Տասը տարի տեսուչի փոխանորդ աշխատելուց յետոյ վերադառնում է Սուրբ Ղազար: 1958 թ.  ստանում է ծայրագոյն վարդապետի աստիճան:

1958-1964 թթ. եղել է Մուրատ-Ռափայելեան վարժարանի ուսումնական վարիչ, ապա՝ Սուրբ Ղազարի վանքի մատակարար:

1972-1984 թթ. Հայր Կոմիտաս Վրդ. Մանուկեանը դառնում է Սուրբ Ղազարի տպարանի տնօրէն: Տպարանը հարստացնում է նոր սարքաւորումներով՝ այն դարձնելով Վենետիկի ամենայայտնի տպարաններից մէկը, հրատարակելով բազում արժէքաւոր հատորներ:

Նրա անմիջական ջանքերով հրատարակուել են՝

«Հայագիտական մատենաշար» հատորները,

«Հայկական մանրանկարչութեան» գեղատիպ եւ չորս լեզուներով հրատարակուած հատորները,

«Քրիստոնէականների» ութ շարքերը, որի հեղինակը Հայրապետիկ Տալաթինեանն է,

«Իմ Նախնիներուս պատմութիւնը» գիրքը, որի հեղինակը հէնց ինքն է՝ Հայր Կոմիտաս Ծ. Վրդ. Մանուկեանը:

Տպարանի տնօրինութեան տարիներին Հայր Կոմիտասը պատրաստել է նաեւ շուրջ 60 տեսակի հայկական մեդալեօնների շարք: Մեդալեօնների վրայ տպագրուել են թագաւորներ, գրական դէմքեր, հերոսներ, յեղափոխական գործիչներ եւ այլ յայտնի մարդիկ:

1984 թ. Հայր Կոմիտասը իր հոգեւոր առաքելութիւնը շարունակում է Հալեպի Մխիթարեան վարժարանում՝ որպէս տեսուչի փոխանորդ:

 1984-1990 թթ. Մխիթարեան Միաբանութիւնը ցանկանում է Մխիթարեան կենդրոն հիմնել Հայատանում: Հայր Ներսէս Թ. Ծ. Վրդ. Տէր-Ներսէսեանը, ով եղել է Սուրբ Ղազարի Մխիթարեան Միաբանութեան Ընդհանուր Աբբահայր՝ շատ լաւ ծանօթ էր թէ՛ Սփիւռքի եւ թէ՛ Հայաստանի եկեղեցական ու մշակոյթային կեանքին:

1990թ. սեպտեմբերի 18-ին Հայր Ներսէս Թ. Ծ. Վրդ. Տէր-Ներսէսեանը նամակ (թիւ 570) է ուղարկում Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Ա Վեհափառ Հայրապետին, որում ասւում է, որ նոյն թուականի յունիսին Մխիթարեան տպարանի տեսուչ Հ. Մարտիրոս Վրդ. Ապաճեանը Հայաստանից Սուրբ Ղազար վերադառանալով փոխանցել է Վազգէն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութիւնը՝ սկզբնաւորելու հոգեւոր առաքելութիւն՝ Կովկասի եւ Հայաստանի Հայ Կաթողիկէ համայնքներում՝ Մխիթարեան Միաբան Հ. Կոմիտաս Ծ. Վրդ. Մանուկեանի ձեռքով: Մխիթարեանների Աբբահայրը գրում է, որ Վազգեն Ա-ի սրտաբաց վերաբերմունքն ու օրհնութիւնը մեծապէս տպաւորել է Հռոմի Սուրբ Աթոռին եւ Յովհաննէս Պօղոս Բ Պապին:

Բեռլինի պատի եւ Խորհրդային կարգերի փլուզման ժամանակահատուածում, Յովհաննէս Պօղոս Բ Պապը հաստատում է Առաջնորդութիւն՝ Խորհրդային միութեան մէջ գտնուող հայ կաթողիկէների՝ յատկապէս Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրանիայի երկրների ժողովրդի համար:

1991 թ. հոկտեմբերի 2-ին Հռոմի Յովհաննէս Պօղոս Բ Պապը առաջնորդական պատուիրակութիւնը յանձնում է Հայր Ներսէս Թ. Ծ. Վրդ. Տէր-Ներսէսեանին: Նա իր նոր պաշտօնի բերումով ՀՀ Ամենայն Հայոց Կաթողիկոս Տ. Տ. Վազգէն Ա Հայրապետի հրաւէրով շուրջ 40 օր որպէս հիւր մնում է Սուրբ Էջմիածնի հիւրանոց-վանատան մէջ եւ արժանանում է Վեհափառ Վազգէն Ա-ի բարեացակամ վերաբերմունքին:

Գերյ. Հայր Կոմիտաս Ծ. Վրդ. Մանուկեանը, ով առաջին անգամ մայր հայրենիք է գալիս 1991թ. ապրիլին՝ պատշաճ վերաբերմունքի է արժանանում Վեհափառ Վազգէն Ա-ի կողմից: Հայր Կոմիտաս Ծ. Վրդ. Մանուկեանը Սուրբ Էջմիածնի հիւրանոց-վանատանը 40 օր մնալուց յետոյ, նշանակւում է Շիրակի մարզի, Արթիկ շրջանի Փանիկ գիւղի հոգեւոր հովիւ:

Իսկ ինչպէ՞ս ստացուեց, որ Հայր Կոմիտաս Ծ. Վրդ. Մանուկեանը նշանակուեց հէնց Փանիկ գիւղի հոգեւոր հովիւ…

Այդ տարիներին Փանիկ համայնքը՝ Պետրոս Նահապետեանի գլխաւորութեամբ, ով գիւղի պատմութեան ուսուցիչն էր եւ Սուրբ Աստուածածին եկեղեցու կառուցողների տոհմից, մտահոգ էր գիւղացիների հոգեւոր դաստիրակութեան համար, եւ սրա համար է, որ նա մեծ ջանքեր էր գործադրում, որպէսզի գիւղում կրկին վերաբացուի եկեղեցին: Գիւղի հաւատաւոր ժողովուրդն էլ ուզում էր, որ հոգեւոր հովիւն էլ լինի Մխիթարեան Միաբանութիւնից:

Գերյ. Վարդապետն արդէն 70 տարեկան էր, երբ Հայաստանում սկսեց իր առաքելութիւնը:

Հայր Կոմիտասի միջոցով սկսուեց Հայաստանի հոգեւոր առաքելութիւնը, որ դադարել էր վեց տասնամեակ առաջ՝ անաստուած վարչակազմի հալածանքների հետեւանքով:

Այսպիսով, 1991 թ. նոյեմբերին առաջին անգամ գիւղ է գալիս Հայր Կոմիտաս Ծ. Վրդ․ Մանուկեանը: Հայր Կոմիտասը սկսում է լայն գործունէութիւն ծաւալել, ինչպէս հոգեւոր, այնպէս աշխարհիկ կեանքում։ Նրա անմիջական ջանքերի շնորհիւ եկեղեցու վերանորոգումից յետոյ 1992 թ․ օգոստոսի 16-ին վերաբացւում է եկեղեցին, որտեղ էլ երկար դադարից յետոյ պատարագ է մատուցւում, ձեռամբ Արհի. Տէր Ներսէս Արքեպս․ Տէր-Ներսէսեանի։

Գերյ. Հայր Կոմիտասը նախ մաքրեց եկեղեցու տարածքը։ 6 տուն կար այնտեղ կառուցուած, բոլորը քանդեց։ Եկեղեցուն կից կառուցեց 1992-1993 թթ․ մի գեղեցիկ քահանայատուն, որտեղ եւ ապրում է 6 տարի: Հայր Սուրբի անմիջական ջանքերով կառուցուեց նաեւ Եկեղեցու տարածքի պարիսպը, ընդարձակուեց եւ վերանորոգուեց եկեղեցու մօտ գտնուող հիւանդանոցի շէնքը եւ համալրուեց բժշկական սարքաւորումներով, իրագործեց փակ եւ բաց մարզադաշտի կառուցումը։ Նրա նուիրուածութիւնը եկեղեցուն, համայնքին, ժողովրդին գործի մէջ է դնում նոյնիսկ իր հասանելի թոշակը, որ գոնէ քարի վրայ մի քար էլ աւել դրուի։

Հայր Կոմիտասը վախճանուեց 1997թ. սեպտեմբերի 2-ին Աշոցքի Տիրամայր Նարեկի հիւանդանոցում, թոքերի այտուցի հետեւանքով:

Հայր Կոմիտաս Ծ. Վրդ. Մանուկեանին յուղարկաւորեցին Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ եկեղեցու բակում:

2017 թուականին՝ Գերյ. Հայր Կոմիտաս Ծ. Վրդ. Մանուկեանի մահուան 20-րդ տարելիցին, Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի եւ Փանիկ համայնքի բարեպաշտ զաւակների անմիջական ջանքերով շուրջ 60 պտղատու ծառ տնկուեց (տանձ եւ խնձոր): Այգին անուանուեց ի յիշատակ Գերյ. Հայր Կոմիտաս Ծ. Վրդ. Մանուկեանի:

Յիշատակն Արդարոց Օրհնութեամբ Եղիցի:

Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցու ժողովրդապետ

Հայաստանի Հայ Կաթողիկէ Երիտասարդաց Միութեան նախագահ

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Համայնքներ » Հայր Կոմիտաս Ծ. Վրդ. Մանուկեան՝ Փանիկի բարի Հայրիկը