Նոր հյուրատուն Շիրակի մարզում՝ տուֆից պատրաստված արվեստի գործերով

Կիսվել

Գյուղական տուրիզմը զարգացնելու նպատակով ՄԱԿ-ը ներդրումներ է կատարել Շիրակի մարզի հյուրանոցային բիզնեսում։ ՄԱԿ-ի «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի աջակցությամբ այսօր Պեմզաշեն համայնքում բացվեց «ՏուֆԱրտ» անունը կրողը հյուրատունը, որի հիմնադիրը  ծննդով պեմզաշենցի, տուրիզմի ոլորտի մասնագետ Հովհաննես Մարգարյանն է։

ՄԱԿ-ն այս հյուրատան կառուցման համար 10 միլիոն դրամի ներդրում է կատարել, մնացած ծախսերը հոգացել է հիմնադիրը։ Հովհաննես Մարգարյանը հյուրատան է վերածել իր հայրական տան թոնրատունը, որը կառուցվել էր 1828 թվականին և գտնվում էր կիսաքանդ վիճակում։ Նրա նպատակը ոչ այնքան շահույթ ստանալն է, որքան դրսից եկած զբոսաշրջիկներին տուֆ քարի միջոցով հայկական մշակույթն ու հայոց պատմությունը պրոպագանդելն է։

Հյուրատան բակի պատերի վրա Հայոց այբուբենն է, Արարատն է, Հայոց թագավորների զինանշաններն են, տուֆից պատրաստված թռչնատառեր են:

Ըստ ներդրողի, տեղում կանցկացնեն նաև վարպետաց դասեր՝  նվիրված քարի արվեստին, ավանդական ճաշերի պատրաստմանը, տեղում արդեն մրգերից օղի  ու չեչիլ պանիր են արտադրում։ Հովհաննես Մարգարյանի ասելով, տուրիզմն առաջիկա 20 տարում Հայաստանում գերակա ճյուղ է լինելու, քանի որ Հայաստանն ունի մեծ պոտենցիալ, հարուստ մշակույթ, հատկապես հյուրասիրման առանձնահատուկ մշակույթ, որը պիտի բացահայտել, ցուցադրել։

 Թեև, ըստ մեր զրուցակցի, կան օրենսդրական որոշակի բացեր տուրիզմի զարգացման համար։ «Վերջին երկու տարում խանգարողներն ավելի քիչ են, բայց օրենսդրական մեծ բաց կա, որը նախորդ քսան տարվա ընթացքում ու մինչև հիմա խոչընդոտում է», -ասում է նա։

Թե ինչ կցուցադրի գյուղական վայր այցելող զբոսաշրջիկներին, վերջինս ասում է․ «Մենք գտնվում ենք Արագածի արևմտյան փեշին, որը շրջապատված է միջնադարյան ճարտարապետական համալիրներով,  կան նա վաղ միջնադարյան ճարտարապետական համալիրներ, քարե դարի բնակարանատեղիներ, դամբարաններ, և որ ամենակարևորը՝ կա Արագած լեռը»։  

 Ներդրողը վստահ է, որ բավականաչափ աշխատատեղեր կստեղծի թե՛ իր համայնքի, թե՛ կողքի համայնքների բնակիչների համար, օրինակ՝ քանդակագործը նրա հարևանն է։ ՄԱԶԾ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի ղեկավար Արման Վալեսյանն էլ նշում է, որ Պեմզաշենը տուրիզմի քարտեզի վրա իր ուրույն տեղը կզբաղեցնի։

«Արագած սարն այն ռեսուրսն է , որը  պետք է հրամցնել և օգտագործել։ Արագած սարը հիմնականում օգտագործվում է  Արագածոտնի մարզի կողմից, սա կլինի առաջին քայլը, որ սկսենք օգտագործել շիրակցիների կողմից», -ասաց Արման Վալեսյանը։ Նա նաև նշում է՝ առաջին անգամ է, որ Հայաստանում ստեղծում են մի վայր, որտեղ ոչ միայն կարելի է հյուրընկալվել, այլ տեսնել, թե ինչպես է տուֆը դառնում արվեստի գործեր։

ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Միհայելա Ստոյկոսկան էլ  իր ելույթում  նշեց․ «Ես հիացած եմ այստեղով, ոչ միայն տեղանքով, այլ  նաև հրաշալի է, որ տուֆը վերածում են արվեստի։ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջություն» ծրագրի ամբողջ նպատակն է  գյուղերում գտնել ,այսպես ասած,  չեմպիոնների, հերոսների, որոնք որոշակի բան ունեն և նրանց օգնենք, որպեսզի կարողանան մտնել զբոսաշրջային  շուկա և կարողանան ցուցադրել իրենց ունեցածը, կարողությունները։ Ես վստահ եմ, որ Հայաստանի գյուղական համայնքներն ու վայրերը շատ մեծ ներուժ ունեն և կարողանան ճիշտ ներկայացնել և դարձնել զբոսաշրջային վայր»։

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն էլ ասաց, որ երբ խոսում ենք Արթիկի տարածաշրջանի մասին, առաջին խորհրդանիշը տուֆն է, և բնական առավելությունները վերածվելու են լավ հնարավորությունների համայնքների զարգացման համար։ Նա նաև ասաց, որ 2019 թվականին Գյումրու տուրիզմի ոլորտում գրանցված ակտիվությունն ապացուցեց, որ այս մարզն ունի մեծ պոտենցիալ։ Ըստ մարզպետի, Գյումրիում  տասնյակ շինթույլտվություններն են տվել  հյուրանոցներ ու հյուրատներ կառուցելու համար, Գյումրին կդառնանա Հայաստանի  հյուսիսի հիմնական զբոսաշրջային կենտրոններից մեկը։ Սակայն, ըստ մարզպետի, շատ կարևոր է, որ մարզը  բացի Գյումրիից, ունենա  այլընտրանք առաջարկելու , և տվյալ դեպքում  Արագածի փեշերին ստեղծվում է յուրահատուկ միջավայր, որը մեծ հնարավորություն է  գյուղի զարգացման։ «Լավ մոդել է  ուրիշներին ցույց տալու, որ այս մոդելը կարող է աշխատել  մեր մարզի մեծ թվով գյուղերում և բացի գյուղատնտեսական գործունեությունից, կարելի է տնտեսական նմանատեսակ գործունեություն ծավալել»,-ասաց մարզպետը։

Պեմզաշենի համայնքապետ Անան Ոսկանյանն էլ տեղեկացրեց, որ Պեմզաշենը 800- 850 տնտեսություն ունի, պեմզաշենցիները Մուշից են եկել, որոնք սիրում են իրենց սովորույթները, ավանդույթները պահպանել։ Ըստ համայնքապետի, Պեմզաշենը ժամանակին եղել է քաղաքատիպ ավան, այստեղ հիմնարկ-ձեռնարկություններ են եղել, թե՛ գյուղի տղամարդիկ, թե՛ կանայք  աշխատել են, ավելի զարգացած են եղել,  քան մյուս համայնքների բնակիչները, սակայն տուրիզմը իրենց համար նորություն է։ Ըստ համայնքապետի,  Պեմզաշենում քարի մշակմամբ վաղուց են զբաղվել, յուրահատուկ վարպետներ ունեն, նրանց գործերը անընդմեջ տանում են ՌԴ տարբեր քաղաքներ,նույնիսկ խաչքարեր են տարել Ֆրանսիա, Երուսաղեմ։

 Ի դեպ, ՄԱԿ-ի զարգացման  «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի աջակցությամբ սա արդեն 4-րդ ծրագիրն է Շիրակի մարզում․ նախագծերից մեկը Գյումրիում ստեղծված  «Գըվուգ» գաստրոտունն է, մյուսը՝ Արփի լճում «Էկոտուն»-ն է, երրորդը՝ Սարիարում Սարգսյանների հյուրատունն է։  

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Աղբյուրը՝ aravot.am


Թեմայի առնչությամբ դիտեք նաեւ Ցայգ-ի տեսանյութը՝

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Համայնքներ » Նոր հյուրատուն Շիրակի մարզում՝ տուֆից պատրաստված արվեստի գործերով