Համայնքային այցելություններ. ՍՊԱՆԴԱՐՅԱՆ համայնք

Կիսվել

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը սկսել է համայնքային այցելությունները, որոնց մեկնարկը տրվել է մարզպետի ծննդավայրից՝ Սպանդարյանից։

«Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակվելուց հետո համայնքներ այցելելություններս սկսում եմ հայրենի գյուղից։ Ինձ համար պատիվ է այցելել այն գյուղը, որտեղից ես եմ, որտեղ իմ պապի ու տատի գերեզմանն է։ Շատերիդ հետ ունեմ բարեկամական ու հարազատական կապ և հիմա այստեղ եմ՝ լսելու ձեր մտահոգությունները, գնալու ձեր խնդիրների լուծման հետևից»,-հանդիպման մեկնարկին ասել է Հովհաննես Հարությունյանը։

Մարզպետի գլխավորությամբ, մարզպետարանի ոլորտային պատասխանատուները, լսել են համայնքի բնակիչների մտահոգությունները, որոնք, մասնավորապես, վերաբերել են արոտավայրերի պակասին, ճանապարհների հիմնանորոգմանը։ Անդրադարձ է կատարվել համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին, որոնց առնչությամբ Շիրակի մարզպետը նշել է․ «Սուբվենցիոն ծրագրերի իրականացումը Շիրակի մարզի համայնքներում մի շարք խնդիրների լուծման բերեց, սա իսկապես շատ ողջունելի է, թեկուզ միայն այն առումով, որ այս ծրագրերը պետություն-համայնք ստացված ու հաջողված համագործակցության լավագույն օրինակներ են։

Սուբվենցիոն ծրագրերն ավելացել են այս տարի և շուտով, դրանց վերջնական հաստատումից հետո, կսկսվեն նախագծա-նախահաշվային աշխատանքները, որոնցից հետո նաև անմիջական շինարարական աշխատանքները»։Նշենք, որ Սպանդարյանում նախորդ տարի սուբվենցիոն ծրագրով տեղադրվել է արևային ֆոտովոլտային 30 կվտ հզորությամբ համակարգ՝ 78 հատ 385 վտ հզորությամբ արևային պանելներ և 30 կվտ հզորության փոխակերպիչ։ Կայանը տարեկան կարտադրի 42560 կվտ/ժ էներգիա։ Համայնքը 2021 թվականին ևս ներչկայացրել է սուբվենցիոն հայտ, որով նախատեսվում է ոռոգման ներքին ցանցի համակարգի կառուցում 23 մլն դրամի շրջանակներում, գումարի 65 տոկոսը տրամադրելու է պետությունը, 35 տոկոսը համայնքային ներդրում է լինելու։

Շիրակի մարզպետն այցելել է Սպանդարյանի դպրոց, հանդիպել դպրոցի աշխատակազմին, զրուցել աշակերտների հետ, հորդորել նրանց՝ լավ սովորել․ «Մեր վաղվա օրն ու ապագան դուք եք, լավ սովորեք, սիրելի երեխաներ, մեր երկրի զարգացման հեռանկարն ու լուսավոր ապագան կերտողն եք դուք։ Մեր բոլորի համար մեջքը շտկելն ու հույսով առաջ նայելը ամենակարևոր պայմանն է»։

Մարզային իշխանության ներկայացուցիչներն այցելել են նաև Սպանդարյանի մանկապարտեզ, որը կառուցվել է տարածքային զարգացման հիմնադրամի տրամադրած միջոցներով, նախատեսված է 75 երեխաների համար։ Հովհաննես Հարությունյանը հորդորել է համայնքապետին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ մանկապարտեզի աշխատանքը սկսելու ուղղությամբ։Շիրակի մարզպետը պատասխանել է նաև լրատվամիջոցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են պետության կողմից իրականացվող ծրագրերին, ճանապարհաշինական աշխատանքներին, ինչպես նաև առաջիկա քաղաքական իրադարձություններին


Աղբյուրը՝ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Համայնքներ » Համայնքային այցելություններ. ՍՊԱՆԴԱՐՅԱՆ համայնք