Շնորհավոր ծնունդդ, մեծ հայ

Կիսվել

Արթիկ Նյուզ կայքի թղթակից, Հայրենյացից Հովհաննես Սարգսյանը, ով խնամքով եւ հոգատարությամբ է նյութեր ուղարկում իր անվանի հայրենակիցների մասին, իր հերթական ակնարկն է ուղարկել իր արժանավոր հայրենակցի՝ Պերճ Սողոյանի մասին։ Նա գրում է, որ Հայրենյաց գյուղում այսօր նշվել է Հայրենական մեծ պատերազմի վետերան, վաստակաշատ սպա, գնդապետ ՊԵՐՃ ԹԱԴԵՎՈՍԻ ՍՈՂՈՅԱՆԻ ծննդյան 95-ամյակը։

Նա գրում է․
« Այսօր, մարտի 15-ը, Հայրենական մեծ պատերազմի վետերան, վաստակաշատ սպա, Ոստիկանության պաշտոնաթող գնդապետ, մեծ հայ,իմ հարազատ, ծնունդով Շիրակի մարզի, Արթիկի տարածաշրջանի Հայրենյաց գյուղից ՊԵՐՃ ԹԱԴԵՎՈՍԻ ՍՈՂՈՅԱՆԻ ծննդյան օրն է, լրանում է հոբելյանական 95-ամյակը։

Հայրենյացի գերեզմանատանը, նրա շիրիմին, այսօր ծաղիկներ խոնարհեցին, խնկարկեցին նրա հարազատները՝ Երևանից կինը տիկին Ալլան, Վանաձորից թոռները, Վանաձորի գուսան Զաքարյանի անվան Մշակույթի տան տնօրեն Ասատուր Սողոյանը, նրա եղբայրը՝ Արտաշես Սողոյանը, Վահանը, Վարդիշաղը, մյուս հարազատները՝ Անահիտը, Մարինեն, ծոռները՝ Սամվելը, Անին Հայրենյաց գյուղի բնակիչները, նրա ընկերները։

Բոլորը կարոտով են հիշում նրան, մասնավորապես նշելով, որ նա բոլորին հասնող, շատ բարի, կամեցող, գթառատ, մեծ սրտի տեր, հիանալի անձնավորություն էր։ Թոռը՝ Ասատուր Սողոյանը, ինձ հետ զրույցում նշեց. «Պերճ Սողոյանը՝ իմ պապիկը, մեծի հետ մեծ էր, փոքրի հետ փոքր, նա շատ մեծահոգի, շատ բարի, յուրահատուկ անձնավորություն էր, նրա պատգամները մենք կատարում ենք, նա միշտ մեզ խորհուրդներ էր տալիս, օգնում ամեն հարցում, հուշեր պատմում պատերազմից, փոխանցում իր գիտելիքները »։

Իսկ նրա ծոռը՝ Անի Սողոյանը, պատմեց, որ հենց պապիկի Պերճ Սողոյանի խորհրդով է ընտրել դատավորի մասնագիտությունը և այժմ սովորում է Երևանի պետական համալսարանում։

Պերճ Թադևոսի Սողոյանը, ծնվել է 1925թվականի մարտի 15-ին, Շիրակի մարզի Արթիկի շրջանի Հայրենյաց, այն ժամանակ Սոնգյուռլի գյուղում ։Բարձր առաջադիմությամբ ավարտել է հայրենի գյուղի 7-ամյա դպրոցը, ուսումը շարունակել Լենինականի Մանկավարժական ուսումնարանում։ Ուսումնարանը նոր ավարտել և Հայրենյացի դպրոցում հայոց լեզու էր դասավանդում, երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը։ Թիֆլիսի կրտսեր հրամկազմի դպրոցում սովորելուց հետո, 1943 թվականին մեկնում է ռազմաճակատ։ Մասնակցում է Ղրիմում, Բելառուսում, Քյոնիքսբերգում, Մերձբալթյան հանրապետություններում Էստոնիա, Լատվիա, Լիտվա մղվող մարտերին։Երկու անգամ վիրավորվել է, սակայն ապաքինվելուց հետո կրկին մեկնել ռազմաճակատ։ Եղել է լեգենդար մարշալ Հովհաննես Բաղրամյանի զինվորը ։

Պատերազմից հետո Պերճ Սողոյանը, նախ սովորում է Երևանի Մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում,դառնում է Կոմերիտմության Արթիկի շրջկոմի առաջին քարտուղար, ապա շարունակում է կրթությունը, սովորում է Մոսկվայի Պետանվտանգության կոմիտեի բարձրագույն դպրոցում, որն ավարտելուց հետո աշխատանքի է անցնում Պետանվտանգության համակարգում ։

Հետագայում աշխատանքը շարունակում է հայրենիքում։ Աշխատում է Արթիկում, Կիրովականում, ապա տեղափոխվում է Երևան՝ մշտապես զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ։ 1955 թվականին Պետանվտանգության մայոր Պերճ Սողոյանը նշանակվում է Կիրովական քաղաքի ներքին գործերի բաժնի պետ։ Պաշտոնավարում է 12 տարի ։1967-1972թթ. Երևանի 26 կոմիսարների շրջանի, 1972-1985թթ Արարատի շրջանի ներքին գործերի բաժնի պետն էր։ Պատերազմի ժամանակ, ցուցաբերած բացառիկ խիզախության համար, Պերճ Սողոյանը արժանացել է բազմաթիվ մեդալների, շքանշանների «Փառքի» «Հայրենական մեծ պատերազմի», «Քյոնիքսբերգի գրավման» ու պետական պարգևների, զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ։ Բանակում, Ոստիկանությունում, Պետանվտանգության համակարգում նրա ծառայության ընդհանուր տարիները անցնում են չորս տասնյակից։

2014թվականին, մահվանից ամիսներ առաջ, ինձ հետ հարցազրույցի ժամանակ նշեց. «Երիտասարդ էինք 20-22 տարեկան անփորձ տղաներ։ Շատերիս սրտում գուցե վախ կար, բայց շատ կարճ ժամանակ անց վախը հաղթահարվեց։ Բոլորս գիտեինք, գիտակցում էինք, որ նահանջելու տեղ չունենք։ Շատ զոհեր տվեցինք, բայց հաղթեցինք արիաբար։ Ֆաշիզմը խեղդեցինք հենց իր բնում Բեռլինում։ Ինչ հերոսներ ունեցանք։ Հենց միայն հայ ազգը ինչ զորավարներ տվեց։ Նոր սերունդը բոլորին պետք է ճանաչի անուն առ անուն»։

Երբ պատերազմը ավարտվեց, ամիսներ անց՝ 1945-ի դեկտեմբերին, Պերճ Սողոյանը հաղթանակած վերադարձավ հայրենի օջախ Հայրենյաց գյուղ, փոքրիկները ոտաբոբիկ ձյան հաստ շերտի վրայով քայլելով հասել էին գյուղի ծայրը նրան դիմավորելու։ Մինչև կյանքի վերջին օրը, այս սրտառուչ տեսարանը չէր ջնջվում պատերազմի վետերան Պերճ Թադևոսի Սողոյանի հիշողությունից։ Վախճանվել է 2014 թվականի նոյեմբերի 22-ին Երևանում։ 5 տարի առաջ, ծննդյան 90-ամյակի օրը,

Վանաձորում, Հայքի հրապարակում, Խորենացու փողոցում գտնվող այն շենքում, որտեղ երկար տարիներ ապրել է Պերճ Սողոյանը, տեղադրվել է հուշատախտակ, որի մոտ ևս հարազատները միշտ հավաքվում են նրա ծննդյան օրերին, Մայիսի 9-ին Հաղթանակի օրը և միշտ հիշում նրան։ Վաստակաշատ, սկզբունքային սպայի, վստահելի գործընկերոջ, լավ մարդու Պերճ Սողոյանի պայծառ հիշատակը միշտ վառ է բոլոր հարազատների, ընկերների, նրան ճանաչողների սրտերում ։

Հ. Գ.2020թվականը հոբելյանական է մեծ հայ Պերճ Սողոյանի համար, քանի որ լրացավ նրա ծննդյան 95-ամյակը, իսկ Մայիսի 9-ին կլրանա Հաղթանակի օրվա 75-ամյակը»։

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Համայնքներ » Շնորհավոր ծնունդդ, մեծ հայ