Սա պետք է դառնա մշակույթ

Կիսվել

<<Շատ բարի օր ստացվեց: Եվս մի բեռնատար աղբ պակասեց մեր անտառից: Շնորհակալություն բոլորին>>։ Գրում է ֆեսբուքյան օգտատեր, մեր համաքաղաքացի Ռոբ Բիչախչյանը (Rob Bichakhchyan):

Դեռ մի քանի օր առաջ համացանցում պտտվում էր իրազեկում՝ Սիրելի արթիկցիներ, եկեք կարանտինը դարձնենք ավելի կանաչ ու ավելի մաքուր։Կամ՝

Ափսոսում եմ, որ կայքը առայժմ չունի մանրամասներ՝ անտառում անցկացված մաքրության կիրակնօրյակից։ Սակայն կատարված մի քանի լուսանկարները արդեն իսկ խոսուն են։

Առավոտյան, մեր քաղաքի կենտրոնից անտառի եւ բնության նվիրյալներին ավտոբուսը տարավ բնությունից մեզ ժլատորեն բաժին ընկած այս փոքրիկ կախարդական վայրը՝ անտառ։

Լուսանկարներից ոմանց գիտեմ, ոմանց՝ ոչ։ Բայց անկասկած է, որ բոլորն էլ նույն՝ բարձր արժեհամակարգի եւ ըմբռնումի, համայնքի հանդեպ նույն սիրով եւ նվիրումով մարդիկ են, որոնք գործով ցույց տվեցին՝ ինչպես են սիրում համայնքն ու համայնքապատկան անտառը։

Համացանցում լուսանկարների արձագանքները շատ էին, ու ցավ է, որ արձագանքողները մաքրության կիրակնօրյակն անցկացնողների թվում չէին։ Անկեղծ է շատերի ափսոսանքը, որ չեն գնացել եւ մասնակցել անտառի մաքրության օրվան։ Անկասկած, կարծրատիպային մտածողությունն է խանգարել՝ ինչ որ մեկը պետք է անի եւ դա իր գործը չէ։ Մինչդեռ․․․Իրավունք եմ վերապահում նրանց եւ բոլոր արթիկցիներին հորդորս ուղղել․ մաքրությունը անտառում մեկօրյա ակցիա չէ, դա բոլոր անտառ գնացողներիս գործն է, եւ անտառը (բնությունը) մաքուր պահելը պետք է արմատավորվի մեզանում որպես մշակույթ։

Այս նվիրյալները օրինակը ցույց տվեցին։ Մաքրության այսպիսի օրինակ պետք է ցույց տալ ամեն օր՝ ամեն մեկն իր ետեւից հավաքելով եւ դուրս բերելով իր ետեւից մնացած թափոնները։ Այո, սիրենք մեր փոքրիկ անտառը․ սիրենք՝ խնամելով եւ մաքուր պահելով այն։

Թող մեր երեխաները հանգստանան այսպիսի մաքուր եւ վայելուչ միջավայրում։

Ա․Նահապետյան

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Համայնքներ » Սա պետք է դառնա մշակույթ