Հայրենյացում ծաղիկներ խոնարհեցին ու խնկարկեցին հայրենիքի նահատակ Կարեն Մնացականյանի շիրիմին

Կիսվել

Փետրվարի 10-ը, Հայրենյաց գյուղի հերոս Կարեն Կարապետի Մնացականյանի ծննդյան օրն էր։ Այդ օրը, Հայրենյացի եղբայրական գերեզմանոցում իրենց խոնարհումը, հարգանքի տուրքը մատուցեցին նրա հարազատները, համագյուղացիները, ծառայակից ընկերները։

Այդ օրը կլրանար Կարենի ծննդյան 19-ամյակը, այս տարեդարձը շատ խիստ տարբերվեց մյուսներից, բոլորը լուռ, արցուքոտված ու հպարտությամբ ընտանիքը։ Ներկա էին նաև Հայրենյացի գյուղապետ Գևորգ Մարտիրոսյանը, նրա տեղակալ Վարդան Կոստանյանը, դպրոցի տնօրեն Մասիս Ոսկանյանը, փոխտնօրեն Էմմա Սալմոյանը, դպրոցի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվը։

Կարեն Կարապետի Մնացականյանը, ծնվել է 2002 թվականի փետրվարի 10-ին, Շիրակի մարզի, Արթիկի տարածաշրջանի Հայրենյաց գյուղում ։Ծննդավայրի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանը ավարտելուց հետո, Կարենը որոշեց գնալ Գյումրի, ընդունվեց Արհեստագործական ուսումնարան, ոսկերչական բաժին ։Գեղեցիկ մատանիներ, վզնոցներ էր պատրաստում։ Ավարտեց ու անմիջապես ընդունվեց նաև Գյումրիի Ավտոդպրոց, գնաց վարորդական դասընթացների, ավարտեց, ստացավ վարորդական իրավունքի վկայական։ 2020 թվականի հուլիսի

22-ին բանակ զորակոչվելու օրը միասին մեր մատուռ գնացինք, մոմեր վառեց, Սուրբ գրքով աղոթեց ու գնաց ։

Ծառայում էր Դիլիջանի N զորամասում, նշանակելով 2-րդ ՌՀԴՆ-ի կառավարման դասակի վարորդ-ռադիոհեռախոսավարի պաշտոնին։ Ծառայության ընթացքում իրեն դրսևորել է որպես բարեխիղճ, կարգապահ, պատրաստակամ, կամային բարձր որակներով օժտված հայրենասեր զինծառայող։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքական սանձազերծած պատերազմի ընթացքում, շարքային Կարեն Մնացականյանը զորամասի կազմի մեջ ընդգրկված է եղել Արցախյան Հարավային հատվածի պաշտպանությունում, մասնավորապես դիվիզիոնի կառավարման դասակի կազմով, զբաղեցրել են դիվիզիոնի հրամանատարական դիտակետը, կատարել են դիտարկում, վարել հրետանային հետախուզությունը, սպասարկել և կրակաճշտում կատարել հրետանու կրակը։

Մարտական գործողությունների ժամանակ, ցուցաբերելով սառնասրտություն, խիզախություն և մասնագիտական բարձր վարպետություն, հաջողությամբ իրականացրել է դիտակետի անձնակազմի տեղոխումը հետախուզության վարման շրջաններ, անձամբ կատարել է հրետանային հետախուզություն և ունեցավ կարևորագույն մասնակցություն գնդի կրակի կառավարմանը, լինելով ընդամենը 2 ամսվա ծառայող։ Ցավոք, հոկտեմբերի 13-ին, ժամը 15։00-ի սահմաններում, հակառակորդի ԱԹՍ-ի հարվածից Կարենը իր զինակից ընկերների հետ միասին, ստանալով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ, ընկավ հերոսի մահով, բռնելով հավերժի ճամփան ։

Զորամասի հրամանատարության ներկայացուցիչները իրենց զորակցությունը և երախտիքի խոսքը հայտնեցին հերոս Կարենի ծնողներին և տեղի կրթօջախին նման հայրենիքի նվիրյալ դաստիարակելու համար ։Մեզ հետ զրույցում Կարենի հայրը Կարապետ Մնացականյանը, նշեց որ իրենց տան մոտակայքում արհեստանոց է կառուցել, որպեսզի Կարենը բանակից զորացրվելուց, հայրենիքին Սուրբ պարտքը տալուց հետո գար ու աշխատեր, ցավոք չհասցրեց ։

Կարենը շատ խելացի, աշխատող, թասիբով, բոլորին օգնության հասնող երիտասարդ էր։ Տանեցիներին օգնում էր գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս։ Երազում էր դառնալ հմուտ ոսկերիչ, Երևանում ունենալ ոսկերչական սրահ։ Նա տան ավագ զավակն էր, ունի քույր ու երկու եղբայր։ Նա մայրիկիս աշակերտն էր, մայրս նրա դասվարը միշտ ասում է, Կարենը շատ լավ մաթեմատիկա գիտի, խնդիրը կարդում է ու միանգամից լուծում, շատ խելացի էր, կշռադատված, բնավորությամբ շատ համեստ էր, քչախոս, ճակատագրով հայրենիքի պաշտպան։

Կարենի քույրը Գոհարը իրենց տան անկյունում նկարել է մի ծառ ու այնտեղ փակցրել սիրելի եղբոր քաղաքացիական և ծառայողական նկարները։ Կրտսեր եղբայրը Սամվելը ասաց, որ Կարենը երբ զանգում էր ասում էր իմ ընկերները զոհվում են այստեղ, ես ինչպես նրանց թողնեմ ու գամ, նա կռվել է մինչև վերջին շունչը հանուն հայրենիքի։ Հավելենք, որ օրեր առաջ, հունվարի 28-ին Հայոց բանակի կազմավորման 29-ամյակի օրը, Գյումրիի Արհեստագործական ուսումնարանում կազմակերպվել էր հուշ – ցերեկույթ նվիրված, հերոս Կարենին և ուսումնարանի մյուս հերոսներին։ Հաջորդ օրը, հունվարի 29-ին Հայրենյացի միջնակարգ դպրոցում ևս կայացավ հուշ ցերեկույթ «Կյանքս կյանքիդ» խորագրով, որը նվիրված էր Կարեն Մնացականյանի և Արցախյան առաջին պատերազմում զոհված Էդուարդ Ղազարյանի պայծառ հիշատակին ։ Հավերժ փառք և խոնարհում մեր բոլոր Հերոսներին։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ, գյուղ Հայրենյաց

Կարեն Մնացականյանի 19-ամյակի արարողության մասին հուզիչ նկարահանում է կատարել նաեւ Ցայգ ՀՌ աշխատակիցը։ Տեսանյութը դիտելու համար սեղմել՝

https://www.facebook.com/TSAYGlTV/videos/207097904472653

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Հայրենյացում ծաղիկներ խոնարհեցին ու խնկարկեցին հայրենիքի նահատակ Կարեն Մնացականյանի շիրիմին