Գիտականի ու գեղարվեստականի զուգորդումը դպրոցում. երեք ուսուցիչների նոր նախաձեռնությունը

Կիսվել

Ժամանակակից դպրոցում հիմնարար խնդիր է ուսուցման այնպիսի մեթոդների կիրառումը, որոնք սովորողի համար մտածելու և ստեղծագործելու միջավայր են ձևավորում՝ այդ ամենը պահելով հետաքրքրաշարժության, լուծումների անսպասելիության և բազմազանության ալիքի վրա: Նմանատիպ հնարքի օրինակ է երևույթի գիտական ու գեղարվեստական կողմերին զուգահեռ անդրադառնալը:

Այդ նպատակով ուսուցիչներ Զարուհի Պետրոսյանը, Աիդա Պետրոսյանը և Զավեն Պետրոսյանը «Տարվա լավագույնները» մրցույթին ներկայացրել են «Գիտականի ու գեղարվեստականի զուգորդումները» ծրագիրը՝ արժանանալով հաղթողի կոչմանը: Ծրագրի հեղինակները վստահեցնում են՝ նախագծի արդյունավետությունն ապացուցվել է համագործակցող ուսումնական հաստատություններում՝ Արթիկի թիվ 3 ավագ, թիվ 2 հիմնական և Շիրակի մարզի Նոր Կյանքի միջնակարգ  դպրոցներում:

Նախագծի հեղինակներն առաջարկում են ծրագիրը սկսել միջին դպրոցից՝ հետագայում այն շարունակելով ավագ դպրոցում․

 «Մեր ծրագրի նպատակն է՝ դասապրոցեսում ներդնել ուսուցման նոր և այլընտրանքային ձևեր, որոնք կնպաստեն սովորողների իմացական, ճանաչողական, հաղորդակցման և գործնական բնույթի հմտությունների համապարփակ զարգացմանը: Գիտականի ու գեղարվեստականի զուգորդումը դասերի կամ արտադասարանական միջոցառումների ժամանակ հնարավորություն կտա տվյալ առարկայի մեկ դասաժամի (մեկ միջոցառման) ընթացքում խնդրահարույց իրավիճակներ ստեղծելով՝ հնարավորինս մեծ թվով աշակերտների ներգրավել դասապրոցեսում և ըստ այդմ՝ առավել մրցակցային դարձնել դասը»,- Erit.am–ի հետ զրույցում նշում է ծրագրի համահեղինակ Զարուհին և հավելում, որ դասի ընթացքում նկարագրվող երևույթի բնագիտական մեկնաբանությանը կհաջորդի գեղագիտական դրսևորումների անդրադարձը կամ հակառակը, ինչպես նաև դրանում կներառվեն հետազոտության տարրեր ու խաղեր:

«Բացի այդ՝ կբարձրանա «լիրիկների» հետաքրքրությունը բնագիտության, իսկ «ֆիզիկներինը»՝ գեղարվեստականի նկատմամբ: Աշակերտները կզգան մաթեմատիկական, գեղարվեստական և ալգորիթմական ոճի մտածողությունների հրապույրն ու անհրաժեշտությունը, ավելի շատ կառնչվեն տեղեկատվական տեխնոլոգիաների և օտար լեզուների հետ, ինչպես նաև կմեծանա տարբեր առարկաների ուսուցիչների ստեղծագործական կապը: Մեր ներկայացրած 100 էտյուդներից յուրաքանչյուրում («Էտյուդներ՝ մտքի և հոգու ելևէջներից») որևէ երևույթի կամ հասկացության գիտական մեկնաբանությանը նախորդում է բանաստեղծական, պատկերավոր նկարագրությունը և ավարտվում նկարչի, երգահանի, քանդակագործի ու ճարտարապետի աշխատանքի վերլուծությամբ: Այնտեղ կան նաև այլ հետաքրքրաշարժ նյութեր»,- ծրագրի մանրամասներն է ներկայացնում նախագծի մյուս համահեղինակը՝ Աիդան: 

Մեր զրուցակիցները նշում են, որ ծրագրի «Տիեզերքի թաքնված գաղտնիքները» տեսազրույցների շարքը աշակերտներին տանում է տիեզերքի խորքերը՝ ուսուցչի խոսքը համեմելով պոեզիայով, երաժշտությամբ ու արվեստով․

«Արշալույսի ու մայրամուտի պահերի երկնքի բոցավառումները և՛ ֆիզիկա են, և՛ զգացմունք, աստղերը, գիսավորների և խավարումների դիտումները  աստղագիտություն են, բայց նաև բանահյուսություն ու նկարչություն, երբ համաստեղությունները և լուսատուների գունապնակը կերպարների անկրկնելի նախշեր են ստեղծում ու դառնում առասպել: Այսպես է զրուցարանում բացահայտվում անսահման տիեզերքը և ստիպում է աշակերտին՝ խորհել բնության օրենքների շուրջ ու հնարավորինս ավելի շատ բան սովորել»,- ծրագրի մյուս բաղադրիչն է ներկայացնում ուսուցչուհի Զարուհին:

Զավեն Պետրոսյանի խոսքով՝ գիտականի ու գեղարվեստականի զուգորդումը նաև դասավանդման մեթոդիկայի տարբեր տարրերի ներգրավման հնարավորություն է ընձեռում, մասնավորապես, ֆրոնտալ դասավանդումից անցում փոքր խմբերի հետ աշխատանքի, տեղեկատվության հաղորդումից՝ դեպի նյութի ինքնուրույն յուրացում, այդ թվում՝ քննադատական և ստեղծագործական մտածողության որակների զարգացում, ինչպես նաև տվյալ թեմային նվիրված դասաժամերի քանակի արհեստական մեծացում, օրինակ՝ բնագիտություն+արվեստ:

Ըստ ծրագրի հեղինակների՝ գաղափարները և հասկացությունները, որոնք ընտրվում են նման մոտեցմամբ ուսուցման համար, պետք է ողջամիտ հաջորդականությամբ (պարբերականությամբ) ուսուցանվեն, որպեսզի չխաթարվեն դասագիտական այլ սկզբունքներ՝ տվյալ առարկաների առանձնահատկությունները և պահանջվող խորությունը: Ծրագիրն իրականացնելու կարևոր նախապայման են նաև ուսուցիչների պատրաստվածության մակարդակը, աշակերտական համակազմի նախնական գիտելիքները, նախասիրությունները, ժամանակի թելադրած առաջնահերթությունները և այլն․

«Կարևոր է հարցնել աշակերտներին, թե ի՞նչ են նրանք ցանկանում սովորել, և վստահաբար ականատես կլինեք աշակերտների ակտիվ մասնակցությանն ու բարձր առաջադիմությանը, երբ լսեք, թե նրանք ինչպես են պատասխանում իրենց իսկ առաջադրած հարցերին: Մեր փորձը ցույց է տալիս, որ երբ դպրոցում կա համապատասխան ավանդույթ (բանավիճային ակումբներ, ակտիվ գործող աշակերտական խորհուրդներ և այլն), ապա ինտեգրված որևէ միավորի կամ երևույթի բազմակողմ քննարկման մոդելի ստեղծման նախաձեռնողները հաճախ իրենք՝ աշակերտներն են դառնում»,- փաստում են մրցույթի հաղթող ուսուցիչները:

Նրանք վստահ են՝ գիտության ու գեղարվեստականի զուգորդումները հաճախ վճռորոշ դեր են խաղում աշակերտների ապագայի տեսանկյունից, և նրանք գիտակցված մասնագիտական ընտրություն են կատարում, օրինակ՝ «Ճարտարապետություն», «Արդյունաբերական դիզայն», «Համակարգչային գեղագիտություն» և այլ մասնագիտությունների ուղղությամբ:

«Երբ դպրոցում աշակերտների շրջանում ընդունվում է երևույթի բազմավեկտոր ուսուցման մոդելը, այլ ուսուցիչներ ևս գալիս են նույն դաշտ՝ իրենց գաղափարներով ու առաջարկություններով: Գիտականի ու գեղարվեստականի զուգորդումներով ուսուցման արդյունավետությունը մենք բազմիցս փորձել ենք  հիմնավորել ինչպես տարբեր պարբերականներում տպագրված հոդվածներով, պատրաստած տեսաֆիլմերով ու գիտագործնական կոնֆերանսներում ունեցած ելույթներում, այնպես էլ՝ պրակտիկ աշխատանքում»,- նշում են ծրագրի հեղինակները և հավելում, որ մանկավարժական հանդեսներում ևս բարձրացրել են այդ հարցը՝ արդեն կոնկրետ թեմաների կառուցվածք-առաջարկով կամ իրենց վարած դասերը վերլուծելով:

Ուսուցիչները վստահեցնում են՝ ծրագրով նախատեսված բոլոր նախաձեռնությունները համագործակից դպրոցների աշակերտները և ծնողները խանդավառությամբ են ընդունել. կտրուկ մեծացել է աշակերտների հետաքրքրությունը, գիտելիքների քանակն ու որակը, ինչպես նաև մասնագիտական ճիշտ կողմնորոշումը:

Նյութը պատրաստեց՝ Հեղինե Հովհաննիսյան

Աղբյուրը՝ erit.am

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Հասարակություն » Գիտականի ու գեղարվեստականի զուգորդումը դպրոցում. երեք ուսուցիչների նոր նախաձեռնությունը