Իմքայլականները գնում են մարզեր․Շիրակի մարզում նրանք կլինեն օգոստոսի 5-ին

Կիսվել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է ամռան ընթացքում այցելել
մարզեր ` պարզելու բնակիչների տրամարդրվածությունը, այն խննդիրները, որոնք շարունակում են հուզել մարդկանց:

Օգոստոսի 5-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վահագն Թեւոսյանը, Գայանե Աբրահամյանը, Արթուր Հովհաննիսյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Մերի Գալստյանը, Հայկ Գեւորգյանը եւ Արուսյակ Ջուլհակյանը քաղաքացիների հետ հանդիպումներ կանցկացնեն Շիրակի մարզում՝ 10:00 – Շիրակ գյուղում, 12:00 – Գյումրիում, (հրապարակ), շրջայց քաղաքում, հանդիպումներ կունենան նաեւ 14:30 – Նոր Կյանք գյուղում, 16:00 – Մարալիկում, Խմբի մի մասը 10:30.կլինի նաեւ Անի Պեմզայում։


Մեր հարցին, թե նախատեսո՞ւմ են արդյոք եւ ե՞րբ են այցելելու Արթիկ, որտեղ շատ կուտակված խնդիրներ կան, որ հարկ է բարձրացնել խորհրդարանում, Գայանե Աբրահամյանը պատասխանեց՝ << Հետո առանձին ենք գալու Արթիկ, Ամասիա ու մյուս համայնքները հաջորդ այցով կացնենք անպայման>>։


ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԹԵՄԱՅԻ ՇՈՒՐՋ ԱԺ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԳԱՅԱՆԵ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԵՏ, ՈՎ ԵՂԵԼ Է ՄԱՐԶԵՐ ՄԵԿՆԵԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՂՆԵՐՑ

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ իրենք ամռանը պատգամավորական խմբերով շրջելու են Երեւանում եւ մարզերում բնակիչների հետ հանդիպելու համար: «Լուսավորականներն» էլ հանդիպման են գնում այն բնակարանները, որտեղից էլեկտրոնային նամակներ են ստանում: Մենք տեղեկացանք, որ ԱԺ իշխանական խմբակցության պատգամավորներից մարզ մեկնելու նախաձեռնողներից է եղել խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը: Վերջինիս հետ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է` պարզելու համար, թե ինչ նպատակ է հետապնդում խմբակցության նախաձեռնությունը:

-Տիկի՛ն Աբրահամյան, ինչո՞ւ խմբակցությունում որոշվեց ամռանը մեկնել մարզեր, ո՞րն է այդ ամենի նպատակը:

 -Մենք գնալու ենք բոլոր մարզերը, ըստ ցանկության` պատգամավորները հերթագրվում են, թե որ մարզ են ցանկանում գալ` կախված նաեւ իրենց համար հարմար օրերից: Ըստ օրերի` պատգամավորները գրանցվում են: Նպատակը` քարտեզագրել մարզային խնդիրները, մարդկանց հետ խոսել, հասկանալ իրենց մտահոգող խնդիրները, ցույց տալ նաեւ, որ մենք իրենց կողքին ենք շարունակաբար, ոչ թե ընտրությունից ընտրություն, ինչպես նախկինում է եղել: Մեր մարզային պատգամավորները շատ ակտիվ են, ամբողջ տարվա ընթացքում ենք շփվում մարզերում ապրող բնակչության հետ, բայց նրանք, ովքեր համապետական ցուցակով են ընտրված, նրանք, ովքեր Երեւանի տարածքներից են ընտրված, մեծ հաշվով այդ հնարավորությունը շատ հաճախ չեն ունենում: Ու սա հնարավորություն է համակարգային քարտեզագրելու խնդիրները, որոնք հետագայում օրենսդրական փոփոխությունների կհանգեցնեն: Այսինքն` հիմնականում տեսնել, թե մարզերում ինչ մտահոգող խնդիրներ կան, ու ինչ լուծումներ դրանք պետք է ստանան: 

-Իսկ այդ ամենը հանձնարարվե՞լ է խմբակցության ղեկավարության կողմից, ինչպե՞ս եք եկել այդ եզրահանգման, որ պետք է ամռանը շրջել մարզերով:

-Չէ, սա մի քանի պատգամավորների կողմից նախաձեռնություն է, բայց, բնականաբար, ողջունվել է ամբողջ խմբակցության կողմից, եւ հստակ իրականացնում ենք այդ նախաձեռնությունը: Ես կրկնում եմ, որ շատերը անհատական սկսել էին իրենց այցելությունները մարզեր, բայց սա նաեւ թիմային աշխատանքի ձեւ է, որ մեզ ճանաչեն նաեւ թիմ, ու որպես խմբակցություն ենք ցանկանում այցելությունները կատարել: Ես կարծում եմ, որ սա շատ կարեւոր է, ու հստակ ուզում եմ շեշտել, որ մենք չենք ուզում գնալ, այսպես ասած, կաբինետային հանդիպումներ ունենալ, այլ մենք ուզում ենք հենց գյուղերում, գյուղամիջում մարդկանց հետ խոսենք, մարդկանց մտահոգություններ լսենք, այսինքն` ոչ թե գյուղապետեր, մարզպետեր եւ այլն, այդ մակարդակում հանդիպումներ լինեն, այլ ուղղակիորեն մարդկանց հետ շփվելով:

 -Բայց նման նախաձեռնությամբ առաջինը հանդես է եկել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, եւ իրենք արդեն բավական երկար ժամանակ է` շրջում են մարզերով: Դա՞ է եղել նաեւ պատճառներից մեկը, որ իմքայլականները որոշեցին իրենք եւս մարզային այցելություններ ունենալ արձակուրդային շրջանում:

-Ես կարող եմ ասել, որ այս առաջարկը արել եմ դեռեւս մայիս ամսվա կեսերին, որ ամռան ամիսները դա իրականացնենք, ու մեր զբաղվածության պատճառով ինչ-որ չափով հետաձգվեցին մեր այցելությունները: Ի դեպ, պատգամավոր Հայկ Կոնջորյանն էլ է այս առաջարկը արել, այնպես որ, սա շատ վաղուց էր քննարկվել մեր խմբակցությունում, այն նոր չէ: Իրականում, սա նորմալ պրակտիկա է, սա ամեն մեկի ներքին պատասխանատվության խնդիրն է: Բնականաբար, ամեն մարդ ինքն է որոշում` ինչպես պետք է վարվի:

-Ըստ Ձեզ` մարզերում սպասո՞ւմ են իշխանության ներկայացուցիչներին, որովհետեւ ակնհայտ է, որ արդեն դժգոհություն է հասունացել նոր իշխանությունների վարած քաղաքականությունից:

 -Ես տարբեր մարդկանց հետ հանդիպել եմ վերջին ժամանակներս, ու շատ նորմալ են ընդունում, եւ այն ապոկալիպտիկ տպավորություններն են առկա ֆեյսբուքում, բացարձակ իրական կյանքում չկան, բայց վստահ եմ, որ մտահոգություններ կան, ու գիտենք, որ դրանք դեռ չեն վերացել, ու, բնականաբար, պատրաստ ենք նաեւ քննադատության, ոչ թե պատրաստ ենք, այլ հենց քննադատության ու բողոքներ լսելու համար ենք գնում: Սա է հիմնական առաքելությունը, այսինքն` մենք չենք գնում, որ մեզ` վայ, ինչ լավ է` դուք եկաք եւ այլն: Կարծում եմ, բոլորս էլ պատրաստ ենք քննադատություններ լսել, որովհետեւ, ի վերջո, գնում ենք այդ բողոքները լսելու եւ դրանց լուծում տալու համար: Հստակ գիտակցում ենք, որ ակնկալիքները չափազանց մեծ են, մենք էլ ամեն ինչ անում ենք դրանք արդարացնելու համար:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ 

Աղբյուրը՝ «Ժողովուրդ» օրաթերթ 

ՀԳ Այս նախաձեռնությունը հրաշալի է եւ հուսադրող, այն աշխատանքային բացառապես նոր ձեւաչափ է բերու ԱԺ՝ գնալ եւ իմանալ ժողովրդից, լսել այն մարդկանցից, որոնք իրենք են խնդիրներ բարձրացնում։


Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Հասարակություն » Իմքայլականները գնում են մարզեր․Շիրակի մարզում նրանք կլինեն օգոստոսի 5-ին