Հայրենյաց նահատակներ․ ԳԵՈՐԳԻ ԼՅՈՎԱՅԻ ՄԻՆԱՍՅԱՆ

Կիսվել

Օրերս ՀՀ նախագահի հրամանագրով մի շարք զինծառայողներ հետմահու պարգևատրվել են մարտական մեդալներով: Հետմահու պարգեւատրվածների թվում է նաեւ Հառիճ համայնքից 41-ամյա մայոր ԳԵՈՐԳԻ ԼՅՈՎԱՅԻ ՄԻՆԱՍՅԱՆԸ։ Գեորգիի հայրական օջախում մեդալը հանձնվեց ընտանիքին։

Արցախում զոհված 41-ամյա մայոր Գեորգի Լյովայի Մինասյանը սովորել և ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, երկար տարիներ այնտեղ է ծառայել, այնուհետև 2016 թվականի մարտին տեղափոխվել էր Արցախ:

«Արդեն 4.5 տարի էր, որ Քարվաճառում էր ծառայում, տեղափոխվելուց 1 ամիս հետո ապրիլյան պատերազմը սկսվեց, Թալիշում մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն է ունեցել… Ինքը և իր մի քանի ծառայակից ընկերներ կամավոր էին գնացել Թալիշի կողմ, կարող էին մնալ Քարվաճառում՝ ավելի հանգիստ պայմաններում ծառայեին, բայց… Այն, որ անունը քառօրյա դրեցին՝ քառօրյա չէր, 27 օրից ավելի ինքը եղել է  Թալիշում…»,- վերհիշում է Գեորգիի կինը՝ Անուշը:

Գեորգին երկու որդի ունի՝ 16 եւ 3 տարեկան «․․․Եթե զանգեր՝ երեխաները տանը չլինեին, պարտադիր պետք է նրանց առանձին զանգեր: Շատ հոգատար էր, լավ հայր, լավ զավակ… Բոլորի կողմից շատ սիրված էր, բոլորը շատ ափսոսում են, ով լսում է այս լուրը՝ մի ուրիշ ցավ է զգում:

Սեպտեմբերի 26-ի գիշերը՝ ժամը 23:00-ին, զանգեց, ասաց՝ հեռախոսս լիցքավորի, բայց մինչև ժամը 4-ը չէինք կարողանում, քանի որ կապ չկար, փոխանցում չէր լինում անել, բայց զանգել լինում էր, զանգեց ասաց՝ ի՞նչ եղավ, շտապ է պետք, կողքից ձայներ էի լսում՝ խառնաշփոթ էր: Վերջին անգամ նրա հետ խոսել եմ սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 11-ին, արդեն լուրերը նայել էի, հարցրեցի՝ ի՞նչ է այդտեղ կատարվում, պատասխանեց՝ ոչ մի բան, հանգիստ եղիր, ամեն ինչ նորմալ է, ասացի՝ հանգիստ չի, ես իրենց գիտեմ, ասա, ի՞նչ է այդտեղ կատարվում, ասաց՝ բան չկա, կռիվ-կռիվ ենք խաղում, հետո կզանգեմ, ու անջատեց: Ժամը 12:30 էլ իր մամայի ու քրոջ հետ է խոսել, ու դա վերջին զանգելն է եղել…»:

Անուշը նաև պատմեց, որ ավելի ուշ Գեորգիի ծառայակից ընկերները պատմել են, որ թշնամուն չի հաջողվել գրավել իրենց դիրքը հենց Գեորգիի շնորհիվ.

«Ընկերները պատմեցին, որ, երբ վտանգ են զգացել, Գեորգին նորակոչիկներին հետ է ուղարկել՝ թաքստոց, իսկ իրենք կռվել են ու թշնամուն ետ են շպրտել: ԱԹՍ-ի հարվածից է ամուսինս զոհվել, բայց այդ դիրքը չեն հանձնել»:

Գեորգին շատ նպատակներ ուներ, պետք է բնակարան գներ, քանի որ արդեն երկար տարիներ վարձով էին ապրում:

«Սեպտեմբերի 28-ին պետք է դիրքերից իջներ, իրեն պաշտոնի բարձրացում էին տվել, պետք է տեղափոխվեր Հադրութ՝ փոխգնդապետի կոչումով: Ասում էր՝ լավ է լինելու, գալու եմ, երեխեքին ուսման ենք տալու, տուն ենք առնելու, որովհետև արդեն 15 տարի վարձով ենք ապրում: Նպատակը դա էր՝ երեխաների ապագան բարելավեր…»,- ասաց զոհված սպայի այրին:

Գեորգի Մինասյանը զոհվել է սեպտեմբերի 27-ին, նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: (Մեջբերումները՝  լրագրող Նարեկ Խաչատրյանի հոդվածից)

ՀՀ նախագահի հրամանագրով մի շարք զինծառայողներ հետմահու պարգևատրվել են մարտական մեդալներով: Այդ թվում է նաեւ Հառիճ համայնքից ԳԵՈՐԳԻ ԼՅՈՎԱՅԻ ՄԻՆԱՍՅԱՆԸ։ Գեորգիի հայրական օջախում մեդալը հանձնվեց ընտանիքին։ Այս մասին պատմող տեսագրությունը, որը վերրված է Հովհաննես Դավթյանի ֆեսբուքյան էջից, կարող եք դիտել այս հասցեով՝ սեղմելով՝

https://www.facebook.com/hovhannes.davtyan.146/videos/1488884454792108

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Հասարակություն » Հայրենյաց նահատակներ․ ԳԵՈՐԳԻ ԼՅՈՎԱՅԻ ՄԻՆԱՍՅԱՆ