Հայրենյաց նահատակներ․ ՆՎԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կիսվել

Մեր թղթակից Հովհաննես Սարգսյանը հայրենյաց նահատակների մասին պատմող իր ակնարկների շարքում այս անգամ անդրադարձել է Տուֆաշեն գյուղի հերոս զավակ Նվեր Հայկազի Գրիգորյանի մասին։

ՆՎԵՐ ՀԱՅԿԱԶԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ։Ծնվել է 2000 թվականի նոյեմբերի 11-ին, Շիրակի մարզի, Արթիկի տարածաշրջանի Տուֆաշեն գյուղում ։Հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո, 2019 թվականին զորակոչվել է Հայոց բանակ հայրենիքին սրբազան պարտքը տալու։ Ծառայել է ԼՂՀ Մարտակերտի զորամասում։ Պատերազմի ընթացքում զանգել է ծնողներին ու միշտ ասել, որ ամեն ինչ կարգին է։

Նվերը ընտանիքի միջնեկ զավակն էր, ունի եղբայր ու քույր։ Հերոսի եղբայրը Նոդարը, մեզ հետ զրույցում նշեց. «Շատ բարի, աշխույժ, աշխատասեր երեխա էր, շատ երազանքներ ուներ Նվերը, ազատ ժամանակ շատ սիրում էր նկարել, ինչպես նաև մեքենա վարել»։ Նա հերոսաբար զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 29-ին։ Հարազատները երկար ժամանակ լուր չեն ունեցել նրա մասին, անհետ կորած էր համարվում, մինչև հունվարի 15-ը։ Հերոս Նվեր Գրիգորյանը հուղարկավորվել է հայրենի Տուֆաշեն գյուղում։ Հավերժ փառք մեր բոլոր Հերոսներին ։

Չխնայելով ոչինչ, խիզախաբար մարտնչել է Մարտակերտի, ապա նաև Մարտունու պաշտպանական դիրքերում։ Հրամանատարի մահվանից հետո, իր վրա է վերցրել հրամանատարությունը, ոչնչացրել է թշնամու 80-ից ավելի զինվորի, հոկտեմբերի 29-ին փրկել է 20-25 վիրավոր մարտական ընկերների կյանք և իր պահած դիրքում հերոսաբար զոհվել է հանուն հայրենիքի, ոչ մի մետր հետ չնահանջելով։

Խմբագրության կողմից․ Հոդվածն արդեն տպագրվել էր, երբ խմբագրություն զանգեց մեր հերոսի եղբայրը։

Նա հայտնեց, որ այսօր իրենք հյուրեր են ունեցել։ Առիթը՝

2020 թվականի սեպտեմբերի 27-ին, հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում, Արցախի Հանրապետության սահմանները պաշտպանելու, ցուցաբերած արիության և խիզախության համար, այսօր մարտի 3-ին, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող կրտսեր սերժանտ Նվեր Հայկազի Գրիգորյանը, ԱՀ նախագահի հրամանագրով, հետմահու պարգևատրվել է«Մարտական ծառայություն» մեդալով։ Եւ այդ մեդալը հանձնվեց Նվերի ծնողներին։

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Հասարակություն » Հայրենյաց նահատակներ․ ՆՎԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ