Ոչ պրոֆեսիոնալ պեղումներ միջնադարյան եկեղեցու տարածքում՝ նախարարության թույլտվությամբ

Կիսվել

«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության «Հետք» ինտերնետային թերթն այսօր տեղադրել է կայքի լրագրող Մարինե Մարտիրոսյանի հոդվածը՝ Արթիկ քաղաքի կենտրոնում գտնվող երկու ՝ Սուրբ Գեւորգ  եւ Սուրբ Աստվածածին եկեղեցիների մասին: Ծանր եւ տտիպ մտորումների առիթ հանդիսացող այս հոդվածը ամենեւին չի մեղմում արթիկցիների արդարացի եւ տեղին ցասումը՝ մինչեւ ե՞րբ պետք է խոնահված մնան մեր քաղաքի ոգու զարկերակ այս եկեղեցիներները, որոնք օր առ օր փլուզվում են՝ վկայելով անտարբերության կամ ոչ ճիշտ լուծումների մասին։

Ճարտարապետ Ռազմիկ Քարտաշյանը, ծրարից հանելով Արթիկի միջնադարյան Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում արված լուսանկարները, ցույց է տալիս անմիջապես եկեղեցու մոտ արված փորվածքները, որոնք մեծ անցքերի են նման: Ասում է, որ պեղումները մասնագիտորեն հիմնավորված չեն, եւ ինքն ավելի շատ նմանեցնում է գանձագողության ձեռագրի:

Լուսանկարների մի մասն Ռ. Քարտաշյանն արել է 2018-ի հոկտեմբերին, մյուս մասը՝ 2019-ին: Դրանցում հողային շերտի ուղղանկյունաձեւ փորվածքներ են եկեղեցու պատերի անմիջական հարեւանությամբ: 2018-ի հոկտեմբերերի 12-ն արված լուսանկարում եկեղեցու տարածքում երեւում է տրակտոր, որը, Ռազմիկ Քարտաշյանի խոսքով, նախատեսված է եղել հողային շերտը մաքրելու համար, ինչն անթույլատրելի է պեղումների իրականացման ժամանակ:

1

Շիրակի մարզի Արթիկ քաղաքի կենտրոնում են գտնվում երկու խոնարհված եկեղեցիներ՝ Սուրբ Գեւորգը (մեծ, հայտնի է նաեւ որպես Սուրբ Լուսավորիչ) եւ Սուրբ Աստվածածինը (փոքր, հայտնի է նաեւ Մարինե անունով), որոնք համարվում են միջնադարյան Հայաստանի ճարտարապետության բացառիկ հուշարձաններ: Այս մասին հայտնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի կայքը:

2

Երկու եկեղեցիների կառուցման ստույգ ժամանակը հայտնի չէ: Հատակագծային ուսումնասիրությունից ելնելով՝ Սուրբ Գեւորգը թվագրվում է 7-րդ, իսկ Սուրբ Աստվածածինը՝ 4-6-րդ (այլ աղբյուրներում՝ 5-7-րդ) դարերով: Եթե Սուրբ Գեւորգ եկեղեցուց բացակայում է ծածկը, ապա Սուրբ Աստվածածնից կիսով չափ պահպանվել են միայն պատերը, եւ հայտնի չէ նաեւ, թե երբ կամ ինչի հետեւանքով է ավերվել եկեղեցին: Սուրբ Աստվածածինը համարվում է բազիլիկից գմբեթավոր եկեղեցիների անցում կատարած առանձնահատուկ եկեղեցիներից մեկը: Եվ հենց այս տեսակետից էլ միջնադարյան ճարտարապետության բացառիկ նմուշներից է

Արթիկցի Ռազմիկ Քարտաշյանը 1976-1992 թթ.եղել է Արթիկի գլխավոր ճարտարապետը, 1992-1995 թթ.՝ Արթիկի քաղխորհրդի գործկոմի նախագահ, իսկ 1998-ից մինչ օրս «Վեմքար» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենն է:

Ռ. Քարտաշյանը նշում է, որ մինչեւ 1970-ական թթ. Արթիկի կենտրոնում գտնվող ու իրար հարեւան Սբ. Գեւորգ եւ Սբ. Աստվածածին եկեղեցիների տարածքը լցվել էր տարերայնորեն կառուցված հին բնակելի տներով ու օժանդակ շինություններով, եւ շատ քիչ կետերից էր հնարավոր դիտել եկեղեցիները: Սբ. Գեւորգ եկեղեցին օգտագործվում էր որպես Արթիկի սովխոզի պահեստ: Ըստ Քարտաշյանի՝ 1976 թ. հնարավոր եղավ այն ազատել այդ կարգավիճակից:

Մեր զրուցակիցը նշում է, որ իր առաջարկով, հաշվի առնելով երկու եկեղեցիների բացառիկ նշանակությունը, Խորհրդային Հայաստանի մինիստրների խորհուրդը, որքան էլ այդ տարիների համար խիստ անհավանական կարող էր լինել, պետական միջոցներ հատկացրեց եկեղեցիների տարածքում գտնվող բնակելի տների եւ օժանդակ շինությունների քանդման-հեռացման եւ բնակիչներին փոխհատուցելու համար: Քանդվեց-հեռացվեց նաեւ թիվ 8 դպրոցի հարմարեցված շենքը, որը 4-5 մ հեռավորության վրա էր Սբ. Գեւորգ եկեղեցու հարավային պատից: Դպրոցի նոր շենքի կառուցման համար ֆինանսավորում հատկացվեց, իսկ ազատված 11 հազար քմ մակերեսով տարածքն էլ հետագայում հատկացվեց երկու եկեղեցիներին: 2007-ին, ըստ Քարտաշյանի, ինքն ու Արթիկի այն ժամանակվա գործող քաղաքապետը տարածքի կադաստրային վկայականը անձամբ են հանձնել կաթողիկոս Գարեգին Բ-ին:

Ռ. Քարտաշյանն ասում է, որ թեեւ Սբ. Գեւորգ եկեղեցին բարվոք վիճակում է՝ անգամ ճաքեր ու նստվածքներ չկան, վերականգնելն էլ ավելի քիչ ծախսատար է, այդուհանդերձ, այն վերականգնելու մտադրություններ առայժմ չկան: Փոխարենը հարեւան Սբ. Աստվածածինն է գրավում բարերարների ուշադրությունը: Սա, ըստ մեր զրուցակցի, անհասկանալի է:

Ռուսաստանաբնակ արթիկցիներին սկսել է հետաքրքրել Սբ. Աստվածածնի վերականգնումը

Արթիկցի ճարտապետը նշում է, որ 1970-ականներին Պոլիտեխնիկի ճարտարապետության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդրա Երեմյանը, ով նաեւ իր դասախոսն էր, պեղումներ է իրականացրել Սբ. Աստվածածնի տարածքում, ինչի արդյունքում ոչինչ չէր հայտնաբերվել: Ավելի ուշ Երեմյանն իր ուսանողներից մեկի հետ, ով ներկայում Մայր Աթոռի ճարտարապետներից է, եկեղեցու կոնսերվացիայի նախագիծ էր կազմել:

Երեմյանի պեղումներից 40 տարի անց Սբ. Աստվածածնի տարածքը գրավիչ է դարձել ռուսաստանաբնակ արթիկցի բարերարների համար: 2011-2012 թթ. մոսկվայաբնակ արթիկցի բարերարներից մեկը, Քարտաշյանի պատմելով, եկեղեցին վերականգնելու ցանկություն էր հայտնել, եւ վերականգնման նախագիծ էր ներկայացվել մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհուրդ, որը, սակայն, մերժվել էր՝ պատճառաբանությամբ, որ միայն ամրակայման աշխատանքներ կարելի է անել, իսկ վերականգնում՝ ոչ: Ըստ Ռ. Քարտաշյանի՝ տարբեր ժամանակներում ուսումնասիրող ճարտարապետների կողմից հաստատվել է այն մասնագիտական տեսակետը, որ եկեղեցին պետք է ամրակայել, սակայն նյութերի խստիվ սակավության պատճառով ամբողջական վերականգնումն անհնար է:

2018 թ. աշնանը ռուսաստանաբնակ մեկ այլ արթիկցի բարերար է հայտնվել, ով առանց պեղման թույլտվության, ինչպես Ռազմիկ Քարտաշյանն է ասում, միայն ակնադիտարկման թույլտվություն ունենալով, ապօրինի պեղումներ է կազմակերպել տարածքում: Քարտաշյանը կրկին ցույց է տալիս 2018-ի հոկտեմբերին իր արած լուսանկարները, որտեղ երեւում են եկեղեցու պատերի կողքին արված փորվածքները: «Մեր ահազանգից հետո պեղումները կասեցվեցին մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանի կողմից»,-նշում է ճարտարապետը՝ ավելացնելով, որ երկու անգամ գրավոր դիմել է կաթողիկոսին՝ նկարագրելով իրավիճակը, սակայն որևէ պատասխան չի ստացել:

Կաթողիկոսը չի արձագանքել ճարտարապետի ահազանգերին

2019-ի հոկտեմբերին Ռազմիկ Քարտաշյանը նախ հեռագրով, ապա գրավոր նամակով դիմել է Գարեգին Բ-ին՝ ահազանգելով Սբ. Աստվածածնի տարածքում կատարվող, մասնագիտորեն չհիմնավորված պեղումների վերաբերյալ:

«Վեհափառ Տեր, հանգամանքները ստիպում են անել մի եզրակացություն. Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնման շղարշի տակ թաքնված է մեկ այլ իրականություն՝ թալանել եկեղեցու սուրբ մասունքները: Այդ են ցույց տալիս 2018-ի հոկտեմբերին եկեղեցու ներսում, առանց լիազոր մարմնի համապատասխան թույլտվության, գանձագողությանը շատ բնորոշ տեղերում փորված անցքերը (նկ. 4-8): Իսկ նկար 6-ում հստակ երեւում է, որ քանդել են պահպանված հին սալը, կտրել տակի կրաշաղախի շերտը, փորել մինչեւ հիմնահատակը եւ, նույնիսկ քանդելով այն, մտել հիմքի տակը: 2019-ին պեղումները շարունակվեցին եկեղեցուն կից դրսի հատվածում, նույն գանձագողության ձեռագրով՝ բացելով հիմքերը եւ քանդելով հիմնահատակը: Նույնիսկ ոչ մասնագետը տվյալ նիշերում, սալահատակի տակ եկեղեցուն պատկանող քարեր չէր փնտրի»,- ասվում է նամակում:

4

Ճարտարապետ Քարտաշյանը նշում է, որ իր հեռագրի եւ գրավոր նամակի պատասխան այդպես էլ չի ստացել Մայր Աթոռից:

Պեղման թույլտվությունը չստացած՝ սկսել էին պեղումները

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը ենթակա պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության վերականգման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Կնյազյանը մեզ հայտնել է, որ Սբ. Աստվածածնի վերականգնման ծրագրի բարերարը Ռուսաստանի Արմավիր քաղաքի բնակիչ, արթիկցի Արմեն Մարտիրոսյանն է: Կնյազյանն ասում է, որ պեղման հայտ նախարարությունը ստացել է 2019-ի մարտին, թույտվությունը տրվել է ապրիլին:  

Եկեղեցու տարածքում տրակտորի առկայությանն անդրադառնալով՝ Գ. Կնյազյանն ասում է, որ այն երեւի շինաղբը տեղափոխելու համար էր, ապա ավելացնում, թե տարածքում աղբանոց էր: Գործակալության աշխատակիցը բացառում է, որ տեխնիկան կարող է մասնակցած լինել պեղումներին:

Դիտարկմանն էլ, թե մասնագետները եկել են եզրակացության, որ Սբ. Աստվածածինը պետք է միայն ամրակայվի, եւ վերականգնել հնարավոր չէ, Կնյազյանը պատասխանում է, թե նախագիծ կա, ըստ որի՝ հնարավոր է կատարել եկեղեցու վերականգնումն ու գմբեթավորումը: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ 2019-ի պեղումների արդյունքում 4-րդ դարով թվագրվող թաղումներ են բացվել, կան նաեւ ուշ շրջանի հետքեր, մասնավորապես, թոնիր է բացվել:

5

Պեղման համար, ըստ հայտի, նախատեսված է 1,5 միլիոն դրամ ներդնել: Թույլտվությունը, Գ. Կնյազյանի տեղեկացմամբ, մեկ տարի ժամկետով է, ինչից հետո հայտատուն կրկին կարող է դիմել նոր թույլտվության համար: Ընդ որում՝ փորվածքներն այդպես էլ բաց են մնացել ձմռան ամիսներին:

Գարիկ Կնյազյանը նշում է, որ պեղումներից հետո ներկայացվում է բաց, պեղված հատվածների ամրակայման նախագիծ, ինչը դեռ չի արվել, քանի որ աշխատանքներն ամբողջությամբ չեն ավարտվել:

Սպասում են Մայր Աթոռի համաձայնությանը

Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության վերականգման բաժնի ղեկավարն ասում է, որ պեղումները կանգնեցվել են այն բանից հետո, երբ հասել են եկեղեցու հարավարեւելյան անկյունային պատին, որը խիստ վթարված վիճակում է եւ կարող է փլուզվել: Այս պատն ապամոնտաժելու համար հայտ է ներկայացվել նախարարություն, որի գիտամեթոդական խորհրդում էլ քննարկվել է հարցը: Ըստ Գ. Կնյազյանի՝ քանի որ եկեղեցին պատկանում է Մայր Աթոռին, անհրաժեշտ էր ստանալ վերջինիս համաձայնությունը:

Մեր զրուցակիցը նշում է, որ 2019 թ. Մայր Աթոռը տվել էր տվել էր նախնական համաձայնություն՝ որոշակի վերապահումներով: Այսպես՝ Էջմիածինն անհրաժեշտ է համարել, որ պեղումներ իրականացնող կողմը ներկայացնի վթարային պատի քարերի ապամոնտաժման նախագիծ, ինչպես նաեւ հուշարձանի ամրակայման ու վերականգնման նախագիծ: Նախարարության աշխատակցի խոսքով՝ այս պայմաններն առաջ է քաշել նաեւ իրենց գիտամեթոդական խորհուրդը: Կնյազյանն ասում է, թե ինքը տեղյակ չէ՝ արդյոք պեղումներ իրականացնողները անհրաժեշտ նախագծերը ներկայացրել է Մայր Աթոռին, որից զատ՝ իր համաձայնությունը պետք է տա նաեւ նախարարությունը:

Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ տեր Նարեկ վարդապետ Ավագյանը «Հետքին» հայտնել է, որ իրենք սպասում են ապամոնտաժման աշխատանքների վերաբերյալ նախագծի ամբողջական փաթեթին, որպեսզի ներկայացնեն Մայր Աթոռի ճարտարապետական բաժին՝ պատի ապամոնտաժման թույլտվություն ստանալու համար: «Հուսանք ձմեռվա ընթացքում փաստաթղթային հարցերը կլուծվեն, եւ գարնանը կսկսենք աշխատել»,- ասաց նա:

Հարցին, թե տեղյակ է պեղումների ընթացքում հայտնաբերված գտածոներից, առաջնորդական տեղապահը նշեց, որ պեղողները կավե խողովակներ եւ այլ բեկորներ են գտել, բայց ինքը մանրամասնորեն տեղյակ չէ արդյունքից: Ըստ տեր Նարեկի՝ պեղումների մասին զեկույց է ներկայացվելու, ինչն իրեն եւս շատ հետաքրքիր է: Իսկ դիտարկմանը, որ պեղման թույլտվությունը տրվել է 2019-ի ապրիլին, այնինչ 2018-ի աշնանը Սբ. Աստվածածնի տարածքում արդեն իսկ պեղումներ էին արվել, մեր զրուցակիցը նշեց, թե գործն արվել է թույլտվությունը ստանալուց հետո: Նա բացառեց, որ պեղման հետեւում կարող է լինել գանձագողության ձեռագիր՝ այդ լուրերը համարելով զրպարտություն:

Տեր Նարեկի փոխանցմամբ՝ 2019-ի սեպտեմբերին, երբ ինքն արձակուրդում էր, Ռուսաստանում հանդիպել է բարերարի հետ: Իսկ թե ինչու է վերջինս ցանկանում հենց Սբ. Աստվածածինը վերականգնել, այլ ոչ, օրինակ, ավելի բարվոք վիճակում գտնվող Սբ. Գեւորգը, թեմի առաջնորդական փոխանորդը նշեց, թե բարերարի փոխարեն կդժվարանա պատախասնել այդ հարցին՝ հավելելով, որ եթե հիմա Սբ. Աստվածածինը չնորոգվի, ապա շատ վատ կանդրադառնա եկեղեցու վրա:

Ըստ հնագետների՝ ոչ պրոֆեսիոնալ պեղումներ են արվել

Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության վերականգման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Կնյազյանը մեզ հայտնել է, որ Սբ. Աստվածածնի պեղումները կատարում է հնագետ Լեւոն Մկրտչյանը:

Առհասարակ, հնագիտության մեջ գոյություն ունեն նեղ մասնագիտացումներ ըստ շրջանների: Մեր ստացած տեղեկություններով՝ Լեւոն Մկրտչյանի մասնագիտական ոլորտը բրոնզի դարն է, այնինչ Սբ. Աստվածածինը միջնադարյան կառույց է: «Հետքի» զրուցակից փորձառու հնագետները, ովքեր գործընկերային էթիկայից ելնելով, չցանկացան հրապարակային խոսել, զարմացան, թե ինչպես է նախարարությունը թույլատրել բրոնզի դարի մասնագետ Լ. Մկրտչյանին մոտենալ միջնադարյան կառույցին: Սա, ըստ մասնագետների, բավական պատասխանատու աշխատանք է, ինչի համար հնագետը նաեւ եկեղեցագիտություն պետք է իմանա:

Մասնագետներին նաեւ ցույց ենք տվել ճարտարապետ Ռազմիկ Քարտաշյանի արած լուսանկարները: Հնագետներն արձանագրել են երկու կետ՝ պեղումները կատարվել են ոչ պրոֆեսիոնալ ձեւով. առաջին՝ գրունտը ոչ թե հորիզոնական կտրվածքով շերտ առ շերտ մաքրվել է, այլ ուղղակի անցքեր են արվել, ինչը տարօրինակ է, երկրորդ՝ անհասկանալի է, թե ինչպես է միջնադարին չառնչվող մասնագետը թույլտվություն ստացել մոտենալ այդ շրջանի կառույցին: Սրանք հարցեր են, որոնք պետք է պատասխանի նախարարության գիտամեթոդական խորհուրդը:

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Հոգևոր » Ոչ պրոֆեսիոնալ պեղումներ միջնադարյան եկեղեցու տարածքում՝ նախարարության թույլտվությամբ