Գունային խառնաշփոթ-հանգստություն

Կիսվել

<<Արարե՜լ, արարե՜լ, արարե՜լ…>>, այսպիսին է մեր հայրենակից տաղանդավոր նկարչուհու` Լիլիթ Տոնականյանի կարգախոսը, որով շարժվում է կյանքի ամեն պարագայում:

Օգոստսի 23-ին Արթիկի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տան կամավորների մեր թիմը հյուրընկալվեց Լիլիթի կողմից, (ի դեպ նա նույնպես կամավոր է և միշտ աջակցում է մշակույթի տանը):

Նկարչուհին մեզ դիմավորեց բակում ու ուղեկցեց դեպի իր արվեստանոց: Մուտք գործեցինք մի միջավայր, որտեղ ամեն բան կարծես այլ էր. տարբեր  կողմերից մեր առաջ էին բացվում նկարչուհու գլուխգործոցները և անկախ դիտողի ցանկությունից կլանում հայացքը: Նկարները սառած ու անտարբեր հայացքները կլանում էին, փոխարենը տալով մեծ ջերմություն: Գույները մարդու հոգին լցնում էին ջերմությամբ, սիրով, իսկ դրանց նայելիս կարող էիր անվերջ խորանալ ու տեսնել այնպիսի մանրուքներ, որոնք տեսնելու համար շատ բան հարկավոր չէր, միայն ցանկություն: Նկարչուհին մեծամասամբ նկարում է ծաղիկներ, քանի որ չի սիրում, երբ ծաղիկները թառամում են, իսկ նկարված ծաղիկները երբեք չեն թառամում:

Նկարելիս միշտ պետք է ունենաս քո ոգեշնչման աղբյուրը կամ մարդ, ում տեսնելիս կսկսես ավելի լավ աշխատել ու ստեղծագործել: Լիլիթին ոգեշնչում են ծնողներն ու բալիկը: Նա շեշտում է, որ ինչքան էլ վստահ լինի իր գործերի որակի մեջ, միշտ դիմում է ծնողների խորհրդին, քանի որ միշտ էլ կողքի աչքն ավելի շատ բան է նկատում, քան անձամբ նկարողը:

Նկարչուհին ծնվել է 1995թ. վարդագույն տուֆի հայրենիքում` Արթիկում: Նա 6 տարեկան հասակից սիրել է նկարել, հաճախել է Արթիկի գեղարվեստի դպրոց, ապա ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի գեղանկարչության բաժինը:

 Նկարչությունից բացի շատ է սիրում պարը: Պարը նույնպես հեշտ չէ,քանի որ պարելիս  պատասխանատու ես դառնում դահլիճում նստած յուրաքանչյուրի լավ կարծիքի համար: Ամեն արվեստ, ամեն գործ ունի իր նրբությունները, որոնց կարող է տիրապետել միայն նա, ով ունի ցանկություն ու մեծ աշխատասիրություն:

Ուսումնառության տարիներից սկսած մասնակցել է ցուցահանդեսների ու շրջապատին ապացուցել, որ ամեն դժվարություն ունի իր լուսավոր ելքը:

Նկարչուհին սկսնակ ստեղծագործողներին մաղթեց մեծ կամքի ուժ ու հորդորեց` ոչ մի պարագայում չհուսահատվել, չէ՞ որ, Աստված մի դուռը փակելով ավելի լուսավորն է բացում: Միշտ պետք է փնտրել ելքն ու հիշել, որ ինչ էլ լինի անվախ ու հաստատուն քայլեով պետք է մոտենալ երազանքին:

Հանդիպումը դիտելու համար սեղմել՝
https://www.facebook.com/lilit.tonakanyan/videos/3246742308728435

Իսկ մենք Լիլիթին մաղթում ենք մասնագիտական վերելքներ, նորանոր հաջողություններ և խոշոր առաջընթաց: Թող Ձեր շնորհիվ Արթիկը հայտնի դառնա ողջ աշխարհին: Բոլորին ապացուցեք, որ Արթիկը իր ներդրումն ունի Հայաստանի զարգացման գործում:

Նոնա Միքայելյան

ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի Լրագրության 2-րդ կուրսի ուսանողուհի

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Մշակույթ » Գունային խառնաշփոթ-հանգստություն