Ձմեռ Պապիկի դերը երեխայի կյանքում

Կիսվել

Ինչո՞ւ է այդքան կարևոր Ձմեռ Պապիկի դերը երեխայի կյանքում: Եվ ո՞ր տարիքից է հարկավոր պատմել լեգենդի մասին, որպեսզի պակաս տրավմատիկ լինի երեխայի համար -այս մասին խոսում «ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոնի հոգեբան, ՌԴ Արհեստավարժ Հոգեթերապևտների Լիգայի գործող անդամ, ՆԼԾ պրակտիկ, Արտ-Թերապիայի Արևելաուկրաինական Ասոցիացիայի անդամ, Արտ-Թերապևտ, հոգեբան ՏԱԹԵՎ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ։

<< Նախատոնական օրերին գրեթե բոլոր ընտանիքներում ամենաակտուալ հերոսը Ձմեռ Պապն է:
Ինչո՞ւ է այդքան կարևոր Ձմեռ պապիկի դերը երեխայի համար: Ո՞ր տարիքից է հարկավոր պատմել երեխային լեգենդի մասին:
Մանկությունը ամենահեքիաթային շրջանն է մեր կյանքում: Այդ շրջանում,անգամ, չեն զարմացնում թռչող ձիերը, խոսացող կառքերն ու կենդանիները, մենք հավատում ենք որ կա մի մեծ, հեքիաթային պալատ, որտեղ ապրում են մուլտֆիլմի հերոսները: Հեքիաթների բոլոր հերոսները օգնում են երեխաներին լուծել առօրյա կյանքում հանդիպող իրենց խնդիրները: Սովորեցնում են լինել անկեղծ ու քաջ, հավատարիմ ու պատասխանատու, բարի ու արդար: Բայց սովորեցնում են ոչ թե, ինչպես ուսուցիչ, այլ կախարդական օրինակներով, հեքիաթային իրավիճակներով և հրաշալի, գերող պատմություններով: Ձմեռ Պապը ամենադրական հերոսներից մեկն է: Նա բարի է, ուժեղ, իմաստուն, շռայլ ու արդարամիտ: Երեխան երբ սկսում է ճանաչել աշխարհը հեքիաթների միջոցով, դրական կերպարները նույնականանալու ամենալավ օրինակներն են: Նա սովորում է լինել բարի, տոլերանտ, կիսվում է ընկերների և հարազատների հետ, օգնում է: Բավական դրական ազդեցություն ունի, որ Ձմեռ Պապիկի հետ հանդիպումը տարվա մեջ ընդամենը մեկ անգամ է լինում: Եվ երեխան սովորում է լինել համբերատար: Միևնույն ժամանակ երեխան սկսում է ընկալել տոնի իմաստը, կարևոր արժեքներ ճանաչել:
Ձմեռ Պապիկին ուղղված նամակը նույնպես ունի խորքային հոգեբանական նշանակություն, մինչ երեխան գրում է, նա սկսում է գիտակցել՝ ինչ է ցանկանում և հստակ ձևակերպել միտքը: Դա զարգացնում է ինքնուրույն սեփական արարքները զարգացնելու և գնահատելու կարողությունը, մոտիվացիան:
Այս ամենին զուգընթաց, սակայն շատ կարևոր է, որ երեխան որոշակի տարիքային փուլում ինֆորմացված լինի Ձմեռ Պապիկի լեգենդի մասին:
Երեխային տրամադրում են հավատալ հեքիաթին, իսկ հետո ասում են, որ այդ ամենը ճիշտ չէ, խնդիր, որ անհանգստացնում է շատ ծնողներին: Շատ դեպքերում ծնողները խուսափում են այդ հարցին լուծում տալ, զգուշանում են, որ հիասթափություն կապրի երեխան այդ պահին, վատ դաս կլինի և կսկսի նույն կերպ ստել մեծահասակներին: Բայց այդ վախերը անտեղի են: Ձմեռ պապիկի մասին հեքիաթը չի կարելի խաբեություն անվանել: Շատ դեպքերում ծնողները փորձում են գտնել այդ «ճիշտ» տարիքը, երբ երեխան, իբրև թե պետք է դադարի հավատալ Ձմեռ Պապիկին:
1-2 տարեկանում երեխան կարող է նույնիսկ վախենալ հերոսից: Եվ դա նորմալ է: Չէ՞ որ երեխան դեռ նոր է սկսում ճանաչել աշխարհը:
Հրաշքի նկատմամբ հավատը սկսում է ձևավորվել 2,5-3 տարեկանում հեքիաթների շնորհիվ, խաղերի, այդ թվում և Ձմեռ Պապիկի մասին լեգենդի: Այդ տարիքում երեխաների մոտ ակտիվ է երևակայելու ընդունակությունը: Հորինված սյուժետները օգնում են նրան տարանջատել՝ որտեղ է իրական և որտեղ երևակայական աշխարհը: Երեխան շատ արագ սկսում է հասկանալ, որ կախարդական աշխարհում ամեն բան հնարավոր է, իսկ իրականությունը լրիվ այլ բան է:
5-6 տարեկանը միջանկյալ տարիք է: Երեխան կարող է հասկանալ խնդիրը, քանի որ անալիտիկ մտածողությունը արդեն զարգացած է: Այդ տարիքում երեխաները սկսում են կիսել ինֆորմացիան հասակակիցների հետ և իրենցից ավելի մեծերի: Եվ որպեսզի ծնողի նկատմամբ վստահությունը չկորչի, կարևոր է, որ հենց նրանք պատմեն երեխային Ձմեռ Պապիկի լեգենդի մասին: Այդ տարիքում նրանք ընդունակ են տարբերել լավ սուտը վատից: Այդ հմտության շնորգիվ էլ լեգենդի հետ հրաժեշտը անցավ է լինում: Նրանք չեն բարկանում և չարանում ծնողների վրա այն բանի համար, որ իրենց ստել են, և չեն էլ սկսում մտածել այդ մասին: Ընդհակառակը, շատ երեխաներ ավելի ուրախանում են, որ «մեծացել» են:
Լավ կլինի ծնողները հիշեն, որ ճիշտ չէ, երբ Ձմեռ Պապիկին «օգտագործում» են դաստիարակչական նկատառումներով, օրինակ՝ «Եթե քեզ խելոք չպահես, նա քեզ նվերներ չի բերի»:
Շատ դեպքերում դեռահասներն էլ են ձևացնում, որ հավատում են Ձմեռ Պապիկին: Դա արդեն հավատ չէ, այլ մանիպուլյացիա ծնողի նկատամամբ: Ինչո՞ւ է դա անում դեռահասը, միգուցե հեքիաթը ավելի երկարացնելու նպատակով: Երբեմն դեռահասին ավելի հարմար է այդ տարբերակը, նա ստանում է նվերներ Ձմեռ Պապիկից, իսկ եթե ասել, որ չի հավատում, ապա նվերներ այլևս չեն լինի:
Նույնիսկ մեծահասակները շարունակում են անգիտակցաբար հավատալ Ձմեռ Պապիկին: Դա, առհասարակ հրաշքին սպասելն է, հավատալ կյանքում որևէ դրական փոփոխության, ինչ-որ տեղ լինել «մանուկ», ուշադրության պահանջ ունենալ: Իսկ եթե դա առավել խորքային բնույթ է կրում, արդեն կարող ենք խոսել անձի ինֆանտիլության>>։

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Մշակույթ » Ձմեռ Պապիկի դերը երեխայի կյանքում