ՄԱՐԻԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. մեր հայրենակցուհին

Կիսվել

Մարտի 3-ը Գրողների համաշխարհային օրն է: Այս առիթով տպագրում ենք մեր տաղանդավոր հայրենակցուհի Մարիամ Կարապետյանի գրական ստեղծագործության մի փոքրիկ հատված՝ «Մոմավառություն»  շարքը, նաեւ մեջբերում պատառիկներ պոեզիայի մասին նրա խոհերից։

Մոմավառություն

Մենք ենք՝

այսպես փոխված առանց պատուհասների,
տների հետ համընկած կյանքերս,

և մեր պարտքերը՝ քամիների բոլոր կողմերում
առանց պատմությունների հանգչող,

անհուսալի հեռու ո՞ր վայրերից…

***
Մենք իրար մասին գիտենք
այս բառերը դյուրաբեկ,
մեր այցն առավոտվա մեջ
նույն բառերի շուրջ է
պտտվում:
Պատմություններ ենք հավաքում
մեր աչքերի համար,
նրանք, որ երկար են մնում
աչքերի մեջ:
Մենք այնքան քիչ գիտենք,
միայն արվեստական,

և մեր օրերը ճաշակով հատվում են…

***
Ամեն գիշեր դարակս
քանդում էի
ու հասնում էի վարդին
չորացած:

Ես, իմ լավագույն
համբերությունը,

այս ընտանիքները`
աղոթելու համար,

և ճաշակով իրերը
ամբողջական…

***
Այնտեղ` ջաղացի յոթ քարի տակ,
երբ հյուրերն արդեն Աստծունը չեն,
անձրևի ժամերին
չկարողացա տոնել առավոտդ
և երեկոդ տոնեցի:

Այս ջրերն արդեն խամրում էին…

***
Եղածը` գեղեցիկ բլուրներով,
որ հոգում հաճելի բան էր թողնում-
պատում
և բոլոր հիշվող բաներով
հիացնում էր-
փուխր փոշիների երիզներ.

Ի՜նչ լավ մթնոլորտներ էին:
Հերթով ավելանում էին
օրերի անունները
և մարող տատանումներն օրերի`
հարթմնի,
փակ աչքով տեսած արագիլ:

Օրերին արարներ հակվեցին…

Կողմնակին

Բառերն աչքերի կողքով անցան
հեշտ
վրիպող
առանց պատահող էջերի:
Օրեր, որ դեռ չեն լրվել,
միջոցներ…
Գիշերների՞ հետաձգեցինք
մեր քայլելը,
թե՞ ամպոտ առավոտների,
և ո՞ւմ ձեռագրերին նմանվեցինք:
Ավարտնե՞ր ի չիք դարձան,
ձայնե՞ր շատացան,
ավելի լավ ժամանակների՞
մնացին մտքերը:
Ո՞ր դիրքերից վրա հասավ
մութը,
անպատրաստության ի՞նչ պահերի,
և ո՞ր ընթացքները
պահին սևեռվեցին՝
լռելու: Ճանապարհ անցնելու մտքեր:
Եվ ի՞նչ սովորական չէր դարձել,
էլ ի՞նչ անհետացման ձևեր:
Ճամփին մնացածի հետքերով՝
օրեր, որ մենակ էին և գեղեցիկ:
Այդ հետքե՞ր են մնում շնչելուց,
ամբողջ լինելու խոնջություն:
Ինչպե՞ս կապվեցին իրար
երկարած ժամերը-
հանդիպածների հանդարտ
գոհություն…

Պոեզիայի գալու ժամը

Պատմություն.
թե կարող ես՝
օտարների և բնիկների համար:
Հասած ցորենի նախշ՝

ամբողջ, օտար և լի:

Իրար կպչում են այս հմայքները.
դիմահայաց կողմեր՝
թավշե արևներով:

Ահա զսպված մտքեր,
օտարների խոսքեր,

ահա մոլորություն:

Հանդիպում են իրար
այս օտարները

պատմություններում…

«Սա հույզի միջավայրն է, այն օբյեկտիվ իրականությունը, որը շրջապատել է բանաստեղծին բանաստեղծական ապրումի ծննդյան պահին: Նա ցանկանում է բանաստեղծություն տեղափոխել ոչ միայն իր ապրումը, այլև միջավայրը, եթե այն նույնիսկ անմիջականորեն չի առնչվում իր հույզի հետ: Դա լիակատար ամբողջականության ձգտումն է, որի չգիտակցված ու անհասանելի նպատակը, գուցե, ամեն բան ասող մեկ բանաստեղծությունն է»:

« մաքուր բանաստեղծություն ունենալու համար պետք է ազատվել մեր այսօրվա պոեզիային բավական բնորոշ էկլեկտիկությունից ու դրանով դառնալ ավելի պարզ, միևնույն ժամանակ` ավելի խորքային: Այստեղ բյուրեղանում է պահը: Իսկ եթե մի օր վերանան բոլոր հոգսերն ու խնդիրները, բանաստեղծությունը սաղմոսի, շարականի, փառաբանության, օրհներգի կվերածվի»

«Մտքի համար բավարար չէ բառային թաղանթը, ու կարծես շըրջանցվում է տրամաբանության այն ճշմարտությունը, որ միտքը ձևավորվում է բառային թաղանթով: Այս բանաստեղծությունում միտքն ու հույզը հանդես են գալիս կարծես որպես առանձին մեկ գոյություն, որն անկախ է ցանկացած պատկերից: Խորությունը գալիս է ինքնիրեն, առանց սենսացիայի ու զարմանքի, հայտնաբերվում է պարզագույն տարրերի մեջ: Բառն ու պատկերը դառնում են ոչ թե ձև, այլ տարածք» : 

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Մշակույթ » ՄԱՐԻԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. մեր հայրենակցուհին