Մեր հայրենակիցը․ Հրանտ Թադեւոսյան (Թաթոս)

Կիսվել

Ապրիլի 20-ին է ծնվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ, մեր հայրենակից (նա ծնվել է 1938 թվականին, Արթիկի շրջանի Արեւշատ գյուղում) Հրանտ Հովհաննեսի Թադևոսյանը (Թաթոս) ։ Այս առիթով մեջբերում ենք AR TV –ի տեսագրած անչափ հետաքրքիր հարցազրույցը եւ «Հայզինվոր» թերթի լրագրող Գայանե Պողոսյանի հոդվածը նրա մասին։

Գայանե Պողոսյան

« ԵՍ ԻՆՁ ԵՄ ՆԿԱՐՈՒՄ»

80-ամյա նկարիչ Հրանտ Թադեւոսյանը մեզ դիմավորեց արվեստանոցի մուտքի մոտ: Ու ներկահոտի   փոխարեն ռունգերիս դիպավ դաշտային ծաղիկների խենթացնող բույրը: Մի պահ չհասկացա՝  ահռելի կտավով մեկ սփռված մուգ թանաքագույն նարդոսի բո՞ւյրն է տարածվել սենյակով մեկ, թե սեղանին դրված դաշտային կակաչներն են բուրում այդքան նուրբ ու անուշ: …Ամենուր գույներ էին: Ասես` օդն էլ էր  գունավոր, ասես՝ գույները լցվում էին երակներդ, ներկում արյունդ ու հոգիդ:

… Ի՞նձ էր թվում, թե ինչ-որ թախիծ կար անգամ հուռթի կնոջ ընդգծված կորերը  «զսպող» կարմիրի մեջ… ու մեղմ, բայց տիրական դեղինի, որ կնոջ անուրջների արտացոլանքն էր կտավի վրա:

-Վարպե՛տ, ինչ-որ տիրական տխրություն կա այս բազմագույն լուսեղեն հրճվանքի մեջ: Ես չեմ կարող բառերով բացատրել. սովորական գույն է, տաք է, վառ է, բայց…

-Հայրս 19 տարեկանում մահացավ, մայրս` 17: Հայրս զոհվեց Հայրենական պատերազմում, մայրս մահացավ հորս զոհվելու լուրն ստանալու պահին: Ինձ որբատուն տարան: Երբ արցունքդ ոչ ոք չի սրբում, դու սովորում ես անարցունք լաց լինել: Երբ ընկնում ես, քերծում ոտքդ, բայց քեզ կրծքին սեղմող ու ամոքող չկա, սովորոմ ես ինքնուրույն ոտքի կանգնել ու, ցավը ներս արած, շարժվել առաջ: Ես ջանում եմ թույլ չտալ, որ իմ  մանկության հույզերն ու ապրումները մտնեն կտավ, բայց, պարզվում է, երբեմն անզոր եմ լինում փակել նրանց ճանապարհը:

-Ասում են` ոչ մի ուժ չի կարող խլել մեր մանկության  երազանքները, հավատը ու անգամ արցունքների միջից ժպտալու ունակությունը:

-Արթիկի որբատան հարեւանությամբ քարհանքում գերմանացի ռազմագերիներ էին աշխատում: Նրանք շատ տխուր էին, ու ես երբեմն իմ ուտելիքից բաժին էի հանում նրանց: Փոխարենը` նրանք փոքրիկ արձանիկներ  էին պատրաստում ինձ համար տուֆ քարի յուղից:

-Քարի յո՞ւղ: Երբեք նման բան չեմ լսել:

-Տուֆ քարը ճեղքելիս մեջից շոկոլադանման թանձր զանգված է թափվում: Մենք որբատան երեխաներով ուտում էինք դա: Անուշ համ ուներ: Նաեւ պլաստիլինի նման կարող էիր ձեւ տալ ու տարբեր առարկաներ պատրաստել: Մի օր էլ  ռազմագերիների պատրաստած արձանիկների նմանությամբ փորձեցի  ինքս պատրաստել: Ու ստացվեց: Ընկերներս զարմանում էին, թե ինչպես եմ կարողանում ձեւ տալ դոնդողանման զանգվածին: Ավելի ուշ սկսեցի դեմքեր, ծառ ու ծաղիկ նկարել գրիչով ու գունավոր մատիտներով: Ես շատ մոտ էի բնությանը, կարող էի գլուխս գետնին դրած ժամերով դիտել միջատների հավասար, կանոնավոր ընթացքը, նրանց կազմակերպված  աշխատանքը, ուսումնասիրել ծաղկի թերթերն ու տերեւների ներդաշնակ գծերը: Ես մասնակցեցի դպրոցականների հանրապետական ցուցահանդեսին, որի ժյուրիի նախագահը Մարտիրոս Սարյանն էր, ու շահեցի առաջին մրցանակը: Մարտիրոս Սարյանն անձամբ մեդալը կախեց վզիցս ու ինձ ներկեր նվիրեց: Իմ մասին գրեցին «Պիոներ կանչ» թերթում: Ազգականներս, որոնց կորցրել էի պատերազմի տարիներին, կարդալով հոդվածը, եկան, գտան ինձ: Այդ ժամանակ արդեն Ուրծաձորի որբանոցում էի: Ու առաջին անգամ  տեսա մեկին, որը իմ արյունակիցն էր, իմ հարազատը: Երբ հորեղբորս տղան` Խաչիկը,   գրկեց  ու մազոտ այտը հպեց դեմքիս,  սրտիս մեջ ինչ-որ բան ալիք տվեց …70 տարի է անցել, բայց չեմ մոռանում այդ զգացողությունը:

-Ձեր գույների մեջ  այնքան սեր, լույս ու ջերմություն կա: Հիմա ես մտածում եմ, որ Ձեր չստացած քնքշանքն է այդքան շռայլորեն թափվում կտավներից:

-Ես ինձ եմ նկարում: Իմ կտավների վրա իմ ամբողջ կյանքի հույզերն են: …Որբանոցում մեր օրը  տենդագին  պայքար էր սովի դեմ, ու մինչ օրս ես ուրիշի տանը ամաչում եմ հաց ուտել: Որքան էլ սոված լինեմ, ասում եմ՝ կուշտ եմ:

ԵՍ ԻՆՁ ԵՄ ՆԿԱՐՈՒՄ

…Իմ  հոգում երբեք չեն ջնջվի այն ամիսները, երբ նոր էի վերադարձել բանակից ու բառացիորեն փողոցում էի ապրում, քնում էի երկաթուղային կայարանի նստարաններին: Հետո, երբ ընդունվեցի մանկավարժական ինստիտուտի նկարչության բաժինը, ինձ սենյակ տվեցին հանրակացարանում: Սա մեծ շքեղություն էր` ծածկ ունենալ գլխի վերեւում ու փափուկ անկողին: Սա երջանկությանը հավասար բան էր ինձ համար: Բայց իսկական երջանկությունն սկսվեց հետո, երբ  մտա արվեստի աշխարհ. ծանոթացա ուսանող ընկերներիս՝ Մինաս Ավետիսյանի, Հենրիկ Իգիթյանի, Պարույր Սեւակի եւ այլոց հետ, բախտ ունեցա տեսնելու Գառզուին, Երվանդ Քոչարին, ժամանակի երեւելի մտավորականներին, լսելու նրանց զրույցները, որ մի ամբողջ մասնագիտական դասընթաց ու կյանքի դպրոց էին: Ես շնչեցի  արվեստի  օդը:

-Ե՛վ իմ սերունդը, ե՛ւ ներկայիս ուսանողները չենք տեսել այն, ինչ պատմում են Ձեր սերնդակիցները: Նրանք ասում են, որ երբ Փափազյանը, Սարյանը, Ներսիսյանը, Քոչարը քայլում էին փողոցով, մարդիկ խոնարհվում էին նրանց:

-Նրանք սրճարանում իրենց տեղն ունեին: Նստում էին ու զրուցում, իսկ մենք` երիտասարդներս, պատշաճ հեռավորություն պահելով, որ չխանգարենք, հավաքվում էինք նրանց շուրջն ու կլանված լսում, յուրացնելով ամեն բառն ու միտքը:

-Դուք մեծ նկարիչ եք: Հիմա, երբ Դուք քայլում եք փողոցով, մարդիկ խոնարհվո՞ւմ են Ձեզ: Դուք ու Ձեր սերնդի արվեստագետները Ձեր «մշակութային» ներկայությամբ  վեհացնում-գեղեցկացնո՞ւմ եք սրճարանների առօրյան….

-Երբ ես փողոցով քայլում եմ, ինձ չեն ճանաչում, ուր մնաց՝ խոնարհվեն: Փոխարենը՝ շատ լավ ճանաչում են շոու-բիզնեսի աստղերին: Ո՞ւմ է պետք այսօր իմ ասելիքը: Հիմա շատ ավելի պահանջված են աստղերի սիրային արկածների մասին հրապարակումները: Որովհետեւ տարիներ շարունակ հեռուստատեսությունն ու զանգվածային լրատվամիջոցները «պարտադրեցին» իրենց առաջարկը: Վերջերս իմ 80-ամյակին նվիրված անհատական ցուցահանդեսն էր, որտեղ ներկայացնում էի լավագույն գործերս: Դուք հեռուստատեսությամբ որեւէ գովազդ տեսա՞ք:

-Ո՛չ: Մինչդեռ Ձեր ցուցահանդեսը մշակութային բացառիկ միջոցառում էր:

-Դուք եք այդպես մտածում, այդպես են մտածում արտերկրում, որտեղ ցուցադրվում են իմ աշխատանքները, այդպես են մտածում արվեստի օտարազգի քննադատները, իսկ Հայաստանում նրանք, ովքեր ձեւավորում են մշակութային քաղաքականությունը, կարծում են, որ մշակութային բացառիկ միջոցառում է այս կամ այն կոմիկ դերասանի խեղկատակությունը կամ երգչի արաբա-թուրքական կապկումները: Քանի դեռ մշակութային քաղաքականությունը չի դարձել ազգային անվտանգության ծրագրի մաս, քանի դեռ չի կարեւորվել մշակույթի դերը ազգապահպանության ու երկրի կենսունակության համատեքստում, ունենալու ենք այն, ինչ ունենք այսօր:

ԵՍ ԻՆՁ ԵՄ ՆԿԱՐՈՒՄ

-Կարելի է  հեծանիվ չհայտնագործել ու վերադարձնել խորհրդային մոդելը:

-Խորհրդային շրջանն էլ իր թերություններն ուներ. կար ընդգծված հովանավորչություն, ու եթե դու քո մտածողությամբ ու քաղաքական հայացքներով հարազատ չէիր վերեւներին, կարող էին այնպես փակել օդդ, որ շունչդ կտրվեր: Ես 20 տարի ոչ մի կտավ չեմ նկարել: 30-ից մինչեւ 50 տարեկան: Տարիներ, որոնք արվեստագետի կյանքի ամենաբեղուն շրջանն են: Չեմ նկարել, որովհետեւ իմ նկարները մերժվում էին, չէին ցուցադրվում, հանվում էին ալբոմներից: 1989-ին, երբ երկրում ազատության զարթոնք էր, երբ մեկը մյուսի հետեւից ջարդվում էին խորհրդային կարծրատիպերը, ես մեկ տարում 390 կտավ նկարեցի:

-Այն ամենը, որ չէր ասվել, որ հավաքվել էր հոգում, ժայթքեց:

-Այո՛: Իմ առաջին անհատական ցուցահանդեսը լուսաբանելիս լրագրողն ասաց, որ նկարներս լույսի անակնկալ բռնկում են  մեր մշակույթի երկնակամարում: Իմ ամենամեծ ներշնչանքը բնությունն է: Բնության կատարելությունը, գեղեցկությունը, վեհությունը: Ես վերցնում եմ բնության ամենագեղեցիկ պատառիկներն ու տեղադրում եմ կտավի վրա` գույների սեպագրերում ամփոփելով ասելիքս:

Մի անգամ Գառզուն կտավ էր նայում, որի վրա մեծ ու անխաթար ճերմակություն կար: «Տեսեք,- ասաց Գառզուն,- այս պատը նույնպես սպիտակ է: Բայց կտավին պատկերված սպիտակը, ի տարբերություն պատի սպիտակի, ասելիք ունի, էմոցիա, պատում»:

-Այն, ինչ ասում եք, բացարձակ ճշմարտություն է: Այս գույները, այս պատկերները կարող են մաքրել ամենաաղճատված հոգին անգամ, բայց քանի՞ մարդ է նայել Ձեր  կտավները, քանի՞ դպրոցական, քանի՞ ուսանող, քանի՞ զինվոր…

ԵՍ ԻՆՁ ԵՄ ՆԿԱՐՈՒՄ

-Ի՞նչ անեմ, ասեմ՝ եկեք իմ կտավները նայե՞ք: Իմ պարտքը նկարելն է, ես նկարում եմ: Մնացածը կազմակերպելու համար պատկան մարմիններ կան:

-Նկարիչների միություն կա, մշակույթի նախարարություն կա…  Ես հասկանում եմ, որ արվեստի մարդիկ, հատկապես մեծ արվեստագետները, հեռու են պայքարից, բայց հանուն մեր ժողովրդի, հանուն մեր ապագայի, պետք է թափ տալ, թմբիրից հանել ստեղծագործական միությունները ու ճիշտ աշխատաոճ հուշել մշակույթի նախարարությանը: Մեր հայրենիքում ստեղծվում է բարձր մշակույթ, բայց, ցավալի է, որ այն հասու չէ  ժողովրդին, չի դառնում նրա սեփականությունը ու չի կատարում իր  կարեւոր առաքելությունը: Գուցե ասածս մերկապարանոց հնչի, բայց մեր անհանդուրժողականությունը, կոպտությունը, ընչաքաղցությունը, բարության ու սիրո պակասը, իմ կարծիքով, ուղղակիորեն կապված են  այն ցածր մշակույթի հետ, որով տասնամյակներ շարունակ  սնել  են մեր հոգին, մեր զգացմունքներն ու մտքերը:

…Դուք դասավանդում եք, ուսանողներ ունեք: Երիտասարդ սերունդն է՞լ է տաղանդավոր:

-Հրաշալի երիտասարդություն ունենք՝ ազատ, անկաշկանդ, ազնիվ, համարձակ: Պարզապես պիտի ճիշտ վերաբերվել նրանց, չխանգարել, ճանապարհ տալ:  Ընդունելության ժամանակ մի աղջիկ լիքը սխալներ էր արել, տեխնիկային չէր տիրապետում, բայց ես զգացի, որ տաղանդավոր է: Բոլորը ցածր էին գնահատել, բացի ինձնից, ու աղջկա միավորները չէին հերիքում ընդունվելու համար: Ես խնդրեցի բացառության կարգով բուհ ընդունել նրան: Երկու տարի անց Իտալիայում  կազմակերպված միջազգային մրցույթում աղջիկը Գրան պրի շահեց:

Երիտասարդության մասին խոսելիս չեմ կարող հիացմունքս ու խոնարհումս չհայտնել այն զինվորներին, որոնք պաշտպանել ու պաշտպանում են մեր հայրենիքի սահմանները, որոնց գուրգուրելը, որոնց հոգսերը հոգալը բոլորիս պարտականությունն է: Անձամբ ես պատրաստ եմ կիսաքաղց ապրել, միայն թե՝ զինվորը կուշտ լինի, տաք հագուստ ունենա, լավ զինված լինի…

ԵՍ ԻՆՁ ԵՄ ՆԿԱՐՈՒՄ

Ի դեպ, շատ դրական կարծիքներ եմ լսել պաշտպանության ներկայիս նախարար Դավիթ Տոնոյանի մասին: Ուզում եմ Ձեր միջոցով նրան փոխանցել իմ նկարների ալբոմը, շնորհավորել պաշտպանության գերատեսչությունը ղեկավարելու` իրեն ընձեռված պատվի համար, մաղթել հաջողություններ` հանուն մեր հայրենիքի ազատության, հանուն մեր ժողովրդի անվտանգության, հանուն հայոց անհաղթ բանակի: Ես մի մեծ կտավ եմ նկարել՝ «Մայիսյան զով քամի» վերնագրով. զինվորը զենքը ձեռքին հսկում է հայրենիքի սահմանն ու զինակից ընկերոջ քունը, որը զենքին հենված ննջում է: Կտավը ուժի ու սիրո ներբող է: Եվ ես այն պիտի նվիրեմ պաշտպանության նախարարությանը:

-Վարպե՛տ, «Հայ զինվորի», բանակի անունից շնորհավորում եմ Ձեր ծննդյան 80-ամյակը: Երկար, շատ երկար ապրեք, մեր ժողովուրդն  արժանի է ունենալու Ձեզ նման նկարիչ, արժանի է այն հզոր ժառանգությանը, որ Դուք եք կերտել: Շնորհակալ եմ Ձեր կտավները կրկին դիտելու բարեբախտության համար: Ձեզ անսահման երջանկություն եմ մաղթում:

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Մշակույթ » Մեր հայրենակիցը․ Հրանտ Թադեւոսյան (Թաթոս)