Մեր միջավայրում մշտապես մնացող ԱՐՏԻՍՏԸ

Կիսվել

Մեր մեծարելի հայրենակից Ազատ Գասպարյանի հիշատակի օրվա կապակցությամբ մեր կայքում տեղադրում ենք լրագրող, հրապարակախոս, ՀԳՄ անդամ Հովհաննես Պապիկյանի հուշերից։


․․․ԱԶԱՏ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ մահացավ հիվանդանոցում, 2013-ի օգոստոսի 2-ին: Ինքը շատ թեթեւ էր վերաբերվում իր հիվանդությանը, մտածում էր, թե թոքերի թերեւ բորբոքում է, կանցնի: Չանցավ: Եվ մենք նրան Երկնային հեռուներ ուղեկցեցինք օգոստոսի 5-ին:

Սունդուկյանի անվան թատրոնում հավաքված՝ յուրաքանչյուրս մեր մտքերի հետ, Ազատի հետ ունեցած մեր բազում հանդիպումների հուշերի մեջ քրքրվելով, մեր անզորության մեջ Աստծուն (մեղայ Աստծու) մեղադրելով, թե՝ «Ո՞ր եք տանում, ախր, այնքա՜ն քիչ են մնացել կարգին դերասանները, կարգին ընկերները…»: Աստված իրեն լավ էր զգում, որ Ազատի նման ԱՐՏԻՍՏԻՆ, Ազատի նման բացսիրտ, ազնիվ հոգու տեր մեր ընկերոջը տարավ իր մոտ:
Ու մնացին հուշերը: Ամեն տարվա ապրիլի վերջին Արթիկում իր ընկերոջ՝ «Լմբատ» անսամբլի ղեկավար, վաղամեռ Հենրիկ Սուքիասյանի հիշատակի երեկոն վարող Ազատը, Չարենցի ծննդյան օրը պոետի հուշակոթողի մոտ իր ասմունքով Չարենցին «վերակենդանացնող» Ազատը, թատրոնում ու կինոյում իր կերպարների յուրօրինակ մեկնաբան Ազատը… Եւ ընկերը՝ իր անվանը բնորոշ ազատ հարաբերություն ստեղծող, իր ներկայությամբ առանձնահատուկ տրամադրություն ու ջերմություն բերող, հումորի ծով, աշխույժ, կենսախինդ, հազար ու մի ծրագրերի մեջ խեղդված Ազատը:


Նախավերջին հանդիպումը «Կարոտի ճամփաներ» իմ գրքի շնորհանդեսին էր Ազգային գրադարանում: Նախապես ունենալով գիրքը, ինքն էր ընտրել իր ընթերցելիք հատվածները: Բազմամարդ սրահում ես հաճությամբ լսում էի Ազատի ընթերցումն ու մտածում, թե իմ գրածը մի բան չէր, բայց Ազատի ընթերցմամբ դարձավ նկատելի մի բան. ի՜նչ սիրով էր ընթերցում, ասմունքողի, դերասանի ի՜նչ (այս օտար բառն օգտագործեմ) նյուանսներով էր զարդարում ու կոկում տեքստը: Եվ այդ ամենի մեջ անկեղծ սերը ընկերոջ հանդեպ, որ այդ գիրքը գրել է՝ Արեւմտյան Հայաստանից ստացված տպավորություններով:
Վերջին հանդիպումը սահմանադրական դատարանի իմ աշխատասենյակում էր, ուր, պարտադիր աշխատանքին զուգընթաց, նաեւ գրքեր էին գրվում ու ֆիլմեր նկարահանվում: Եկել էր Լեւոն Միրիջանյանին նվիրված ֆիլմի տեքստը կարդալու: Լավ միջավայր էր՝ իմ գործընկեր Շուշանիկի մատուցած սուրճն էր վայելում, կում անում կոնյակից ու չէր շտապում գնալ: Ի՜նչ լավ է, որ տեսախցիկը չէի անջատել… Ազատը հանկարծ սկսեց Չարենցի «Դալիտան» արտասանել: Դա ուրի՜շ ասմունք էր. ամբողջ գիտակից կյանքում Չարենց ասմունքող ԱՐՏԻՍՏԸ ուրի՜շ մի ոգեւորություն ուներ այդ պահին, կարծես լսողները ոչ թե միայն ես ու Շուշանիկն ենք, այլ մի ընդարձակ լսարանում հավաքված բազմություն: Ափսոս, որ տեսագրությունից հանած լուսանկարը մի բա չի որակի իմաստով, բայց դե Ազատն է, իր ոգեւորության, պահին, Չարենցով ապրող իր կերպարի մեջ:

…Ի՜նչ ավելացնեմ այս ամենին: Ցավս ասեմ՝ նրան հրաժեշտ տալու այս հիշողությամբ, ցավս ասեմ՝ նրան վաղաժամ կորցնելու, նաեւ՝ մխիթարությունս, որ ԱԶԱՏ ԳԱՍՊԱՐՅԱՆ Արտիստը, մարդը, ընկերը… մնում է մեր հիշողության մեջ:
Սա Ազատին չէ, որ պետք է, սա մե՛զ է պետք, որ նրանից ստացած հոգեւոր հարստությունը պահպանենք՝ դրանով շարունակ հարուստ մնալով:
Լո՜ւյս քո արդար շիրիմին, Ազատ սիրելի․․․

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Մշակույթ » Մեր միջավայրում մշտապես մնացող ԱՐՏԻՍՏԸ