«Տեր լինելու զգացողությունն իմ մեջ ընդգծված է… »

Կիսվել

«Տարիներ առաջ արածս հարցազրույցը լուսավոր մարդու հետ․․․ Թղթերս փորփրելիս գտա «Միհր» հանդեսում ու որոշեցի թարմացնել»։ Մեր հայրենակցուհի Մարիամ Կարապետյանի խոսքերն են։ Նրա հարցազրույցը՝ դերասան, ռեժիսոր, « Ագուլիս» տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Մանարյանի հետ, առաջին անգամ տպագրվել է 2009 թվականին, «Միհր» հանդեսում։ Այնքանով, որ այն շատ ակտուալ է, մեջբերում ենք։ 

-Պարո՛ն Մանարյան, երկու տարբերակ առաջարկեմ։ Կա՛մ ժամանակային հաջորդականությամբ գնանք ՝ սկսելով մանկությունից, կա՛մ Էլ խախտենք ժամանակի բնական ընթացքը եւ մեր օրերից մինչեւ մանկություն գնանք։ 

-Անենք, ինչպես ուզում ես, բալե՛ս։

-Լավ, այդ դեպքում սկսենք մանկությունից։ Այնքան բան եք անում մանուկների համար։ Հիմնադրել եք «Ագուլիս»   տիկնիկային թատրոնը։ Դա ինչ-որ ակունք ունի՞ Ձեր մանկության մեջ։

-Չեմ կարծում, պարզապես դա ի վերուստ տրված սեր է մանուկների նկատմամբ: Ծնվել եմ Իրանի Արաք քաղաքում՝ Կովկասից տարագրված ծնողների ընտանիքում։ Հայաշատ է եղել ժամանակին Արաք քաղաքը: Ծնողներս այնտեղ թատրոն են հիմնադրել։ Մկրտվել եմ մի հայկական եկեղեցում, որը, չգիտեմ այդպես էր, թե իմ հիշողության մեջ է այդպես մնացել, մեջք մեջքի էր իրանական մզկիթի հետ։ Շատ սերտ էին հարաբերությունները տեղացիների եւ հայերի միջեւ: 12 տարեկան էի, երբ մեր ընտանիքը տեղափոխվեց Թեհրան։ Այնուհետեւ ապրել ենք Թեհրանում։ Հաճախել եմ հայկական դպրոց: 1935թ. հայկական դպրոցը փակվեց շահի հրամանով, դրանից հետո պարսկական դպրոց եմ գնացել։

-1946 թ. մի խումբ ընկերների հետ հայրենիք եկաք, իսկ հետպատերազմյան տարիներին հայրենիքը քայքայված էր ու ջլատված։ Հիասթափության պահեր եղե՞լ են։

-Ո՛չ, ո՛չ, ո՛չ, ո՛չ, վստահաբար ոչ։ Առաջին խումբը, ոը հայրենադարձվեց, 11 երիտասարդներից էր բաղկացած, ես էլ այդ խմբի, այսպես ասած, կապիտանն էի։ Այդ երիտասարդները հետագայում լավ անուն թողեցին հասարակության մեջ: Նրանցից էին մեր սքանչելի արձակագիր Աբիգ Ավագյանը, Հովհաննես Բադալյանը, հետագայում գիտության թեկնածուներ, դոկտորներ։ Դրանք շատ ծանր տարիներ էին, այո՛, եւ բոլոր նրանց գանգատները, ովքեր հիմա դժգոհում են, մի տեսակ ծիծաղելի են թվում՝ այդ տարիների հետ համեմատած: Հիմա շատ դժվար է նրա համար, ով չի ուզում աշխատել: Սովետական միության տարիներին գլուխ պահելու հնարավորությունները մեծ էին, իսկ հիմա գլուխ պահելը մի քիչ պակասել է: Աշխատելու ժամանակ է հիմա, բայց նաեւ անհարիր, անճիշտ ճարպկության ժամանակ: Դա, իհարկե, շատ է դառնացնում ինձ, որովհետեւ ոչ միայն հասարակության մի մասն ապրում է այդպես, մտածում է այդպես, այլեւ շատ երիտասարդներ են ուզում այդ ճանապարհով ընթանալ։ Բայց կարծում եմ, որ սա էլ կշտկվի։

-Եկաք հայրենիք, ու սկսվեց…

-Այո: Ընդունվեցի թատերական ինստիտուտ։ Ընդ որում, ծնողներիս խոստացել էի, որ թատրոնի հետ գործ չպետք է ունենամ, որովհետեւ նրանք երկուսն էլ դերասաններ էին, իսկ սփյուռքում դերասան լինելը տաժանակիր գործ է։ Ծնողներս չէին ուզում, որ ես այդպիսի դժվարին կյանքով ապրեմ՝ մտածելով, որ հայրենիքում էլ թատրոնը նույն դժվարությունները կունենա։ Բայց այդպես չէր, իհարկե։ Հետո էլ, եթե Աստված որոշել է, որ դու պիտի դերասան լինես, ուրեմն լինում ես։ Ես գրեցի ծնողներիս եւ թույլտվություն խնդրեցի՝ դերասան դառնալու, եւ ընդունվեցի թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը։ Հետո էլ՝ թատրոն, կինո, շրջագայություններ եւ այսպես շարունակ…

– Շատ են ասում՝ կյանքի փորձը կարեւոր է, կյանքի փորձր դասեր է տալիս: Ձեր կյանքի փորձր մշակե՞լ է ապրելու ինչ-որ օրինաչափություն, սկզբունք, թե՞…

-Ես միայն գիտեմ, ինձ համար գոնե այդպես է եղել, որ պետք է քաղաքացի լինել: Միայն ապրել կնշանակի գլուխ պահել։ Դրանով կարելի էր նաեւ լավագույնս զբաղվել Հայաստանից դուրս։ Այդ հնարավորությունը կար, բայց Հայաստան էինք եկել, որ հայ դառնանք, հայրենիք ունենանք: Թեեւ Իրանում քեզ շատ լավ են վերաբերվում, զգացնել չեն տալիս, որ տերն իրենք են, բայց մեկ է, երկիրը նրանցն է, դու էլ ուրիշ տեղ ես տեր։ Մենք էլ եկանք, որ տեր կանգնենք մեր երկրին: Դրա համար էլ տեր լինելու զգացողությունն իմ մեջ մի քիչ ընդգծված է։

-Անցումր թատրոնից կինո՞։

-Դա եղբորս շնորհիվ եղավ: Նա ռեժիսոր է, եւ այնպես է ստացվել, որ ողջ .կյանքում մենք համազործակցել ենք, մինչեւ հիմա էլ շարունակում ենք։

-Աշխատել եք նաեւ Գորիսում, այնտեղ տիկնիկային թատրոն եք ստեղծել: Գնում էիք Ձե՞ր նախաձեռնությամբ, Ձե՞ր կամքով:

-Այո: Իսկական դերասանը չի կարող մնալ մի տեղում եւ աշխատավարձ ստանալով` աշխատել: Թափառել է պետք: Ես նույնպես «տիտիկ անող» չեմ եղել: Հիմա, դե, մեծացել եմ արդեն, դժվար է ավելի: Երիտասարդ ժամանակ ուրիշ էր: Շրջագայելիս հանդիսատես է փոխվում: Զգում ես հանդիսատեսի շունչը, ներկայությունը, հանդիսատեսի չբարձրաձայնած պահանջը քեզանից, եւ պետք է նրան ընդառաջ գնաս:

-Տարբե՞ր է հանդիսատեսը:

-Մի բանով է տարբեր: Ինչպե՞ս ասեմ, որ վիրավորական չհնչի: Դա պարզապես մշակութային մակարդակի տարբերություն է: Բայց երբ դու անմիջականորեն շփվում ես նրա հետ, այդ տարբերությունն էլ չես զգում, որովհետեւ նա գալիս է թատրոն, ուրեմն թատրոնի գաղափարները նրան պետք են, նա դրանցով ապրում է: Ճիշտ է, հանդիսատեսի տարբերությունից ելնելով` երբեմն վերաբերմունքի դրսեւորման տարբերություն էլ է զգացվում: Մարզերում հանդիսատեսը շատ ավելի անմիջական է, շատ լավն է, քաղաքում մի քիչ ավելի զուսպ է:

-Սարսափունի («Փանջունի»), նկարիչ Ռուժ (« Ծուղակ»), Վիլհելմ («Նավապետների շաբաթը»), Բանտի հսկիչ (« Նամակ ուղղիչ տնից »), վերջապես հենց Ձեր անունով դերը հանրահայտ  «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմում եւ այլն, եւ այլն… Կերպարների բնավորությունից Ձեր բնավորության համար երբեւէ ինչ-որ բան վերցրե՞լ եք:

-Դերասանն այնքան տարբեր կերպարներ է մարմնավորում, հանդիպում է այնքան տարբեր մարդկանց ու սեփականացնում նրանց բնավորությունները, որ հատուկ բնավորություն է ձեռք բերում: Դառնում է մի տեսակ… կոսմոպոլիտ ասենք, ինչ ասենք… Դերասանն իր մարդկային կառուցվածքով կարծես պլաստիրին պիտի լինի, որ կերպարը կարողանա նրանից իր ուզածը դուրս բերել` դիմացինին համոզելու համար: Եթե դերասանը չկարողացավ կամուրջ հաստատել բեմի ու դահլիճի միջեւ, կարճ ժամանակ հետո կմտածի. «Չէ, թատրոնն ի՞նչ տեղ է որ: Այստեղ քիչ են վճարում, չի լինի ընտանիք պահել»: Կգնա ուրիշ գործի:

-Վարպե՛տ, այսօր մեր մշակույթը զարգանու՞մ է:

-Կարծում եմ` այո, միայն թե այդ զարգացումն ինչ-որ տեղ խաթարվեց բազում հեռուստաալիքներ ունենալու հետեւանքով: Մեր աչքը շատ է դուրսը: Հեռուստաալիքներն ունեն ֆինանսական հարցեր, իսկ այդ ֆինանսական հարցերը լուծել է պետք, ու հեռուստաալիքները գնում են ճակատային, պարզունակ ճանապարհով: Դրանից աղճատվում է հանդիսատեսի մտածողությունը: Չեմ ուզում վատ բան ասել, այդ ծրագրերում ներգրավված են շատ շնորհալի մարդիկ, բայց վերջերս կարծես մի տեսակ պատանեկան հոգեբանություն է մտել այդ մարդկանց մեջ: Շարունակ դավաճանություն, ատրճանակներ… Պատանի էինք, չէ՞, որ ատրճանակ էինք հանում, խաղում էինք, վազում էինք: Եվ դժվար է այդ ամենից հետո հանդիսատեսին թատրոն բերել եւ նրան իսկապես արժեքավոր բան մատուցել:

-Բայց ամբողջ աշխարհում է առեւտրային մշակույթը մրցակցում բարձր մշակույթի հետ, եւ շատ խնդիրներ միայն Հայաստանին չէ, որ բնորոշ են:

-Կարծում եմ` այդ համեմատությունը շատ մակերեսային համեմատություն է: Այն հասարակությունները, որոնցից մենք այսօր թատրոնի, կինոյի, հեռուստատեսության դրսեւորումներն ենք ընդօրինակում, անցել են բնական զարգացման ճանապարհ եւ հասել են այսօրվա աստիճանին: Մենք այդ ճանապարհը չենք անցել եւ ուզում ենք թռիչքով հայտնվել նրանց կողքին: Դա դառնում է ընդօրինակություն, դա նշանակում է կապկել: Միեւնույն խնդիրներին պետք է անդրադառնալ հայավարի, մեր հասարակությանը հարիր ձեւով: Երբ փորձեն այսպես մոտենալ խնդրին, կպարզվի, որ նաեւ հարցադրումների մեջ են շեղումներ թույլ տալիս` խոսելով հարցերի մասին, որոնց մասին այդքան էլ պետք չէ խոսել, եւ ընդհակառակն, զանց առնելով խնդիրներ, որոնք քննարկման կարիք ունեն: Ոչ մի իրեն հարգող հասարակություն չի կարող թույլ տալ այն, ինչ կատարվում էր, ասենք, Բուզանդի փողոցի բնակիչների հետ: Միգուցե հասարակությունն այլանդակ է եւ հանդուրժում է, բայց գոնե մի տեղ պե՞տք է լինի, որտեղ կարելի է խոսել այս մասին: Բայց այդ ո՞ր ներկայացումը կարող ենք ցույց տալ, որ այսպիսի խնդիրների է անդրադառնում: Ի վերջո, միշտ էլ խնդիրը լուծում է նա, ով ձեռքը գրպանն է տանում: Ամեն ինչ սեփականաշնորհվել է, բացի թատրոնից: Թատրոնին որոշակի գումար են տալիս ու ասում են` գնա՛ ներկայացումներ բեմադրիր: Իսկ ո՞նց կարելի է գումար վերցնել մեկից ու խոսել նրա դեմ: Այդպես չի լինում:

-Կա՞ն այսօր դրամատուրգներ, որոնց ստեղծագործությունները հաճույքով եք դիտում:

-Իհարկե, լավ ներկայացումներ ցուցադրվում են: Հենրիկ Մալյանի անվան Փոքր թատրոնում շատ լավ ներկայացումներ են ցուցադրվում, օրինակ` Աղասի Այվազյանի «Ցեղի ֆիզիոլոգիան»: Սոս Սարգսյանի ղեկավարած Համազգային թատրոնում, Դրամատիկական թատրոնում էլ եմ լավ գործեր դիտել: Շատ եմ ցավում, բայց դժվարանում եմ նույն ձեւով արտահայտվել Սունդուկյանի անվան թատրոնի մասին: Շատ են խոսում թատրոնի, թատերական գործիչների մասին, բայց այդ կարծիքների մեջ լուրջ վերլուծություններ չկան: Ինչու՞ թատրոնը հայտնվեց այս վիճակում, ինչու՞ թատրոնն այսօր հասարակական կյանքի դրոշակակիրը չէ: Տասնհինգ տարի է` այս երկրում ինչ ասես տեղի է ունենում` է՛լ պատերազմ, է՛լ ներքին խռովություններ, բայց դրանցից որեւէ մեկի արտացոլումը չենք տեսնում բեմի վրա: Նշանակում է` թատրոնը դադարում է կատարել իր առաքելությունը:

-Անհատների` դրամատուրգների, ռեժիսորների, դերասանների՞ խնդիր է, թե՞ ընդհանուր հասարակական մթնոլորտի, որը նաեւ Ձեր ասած հեռուստատեսային արտադրանքով է ձեւավորվում:

-Պետությունը իր ժողովրդի մշակութային ժառանգությունը պահպանելու խնդիր ունի: Այն պետությունը, որը չի զբաղվում այս եւ նման խնդիրներով, դադարում է պետություն լինելուց: Եվ խնդիրը միայն ֆինանսական չէ: Նախ եւ առաջ խոսքը վերաբերմունքի մասին է: Մինչդեռ անհեթեթությունն այնտեղ է հասնում, որ ներկայացման պրեմիերան տեղի է ունենում արտասահմանում` դեռ տեղի հանդիսատեսին չցուցադրված: Այնտեղ գովասանք ենք լսում ու սկսում ենք տարփողել, թե մեր այսինչ թատրոնն այսինչ երկրում այսպիսի մրցանակ է ստացել: Լավ, իսկ քո երկրի հանդիսատեսը ի՞նչ է ստացել դրանից:

-Հայ-իրանական մշակութային առնչություններին էլ անդրադառնանք: Հաճա՞խ եք լինում Իրանում, արդյոք սե՞րտ է շփումը:

-Զարմանալի բան է. մենք մի քանի հազար տարվա պատմություն ունենք: Իսկական հարեւանություն է եղել` իր բոլոր դրսեւորումներով: Հենց միայն այն, որ նրանք սրբորեն պահպանում են մեր սրբավայրերը, բարի վերաբերմունքի վառ արտահայտություն է: Բայց մենք, կարծում եմ, դեռ անելիք ունենք այդ հարաբերությունները սերտացնելու գործում: Ես մեծապես զգում եմ իսկապես շահագրգիռ վերաբերմունքի կարիքը: Ուզում եմ, որ այդ հարաբերությունները ոչ միայն պաշտոնական բնույթի լինեն, այլեւ իսկապես սերտ, մշակութային խորը շերտեր շոշափող: Եթե մենք իրանական մշակույթի հետ բարեկամություն անեինք այնպիսի սրտացավությամբ, ինչպես ռուսականի հետ ենք անում, շատ հարցերում ավելի կշահեինք:

-Պարո՛ն Մանարյան, «Ագուլիսով» սկսեցինք, «Ագուլիսով» էլ ավարտե՞նք մեր զրույցը:

(Նախ ժպտում է…)
– «Ագուլիսը» պետական թատրոն չէ, եւ մեծ դժվարությամբ է ապրում: Բայց ամեն մի դժվարություն մի նոր ձեռքբերման կարելի է վերածել: Այս փոքրիկ դահլիճում, որտեղ ընդամենը հիսուն հոգի է տեղավորվում, ստեղծվեց զարմանալի անմիջական կապ դերասան-տիկնիկների եւ երեխաների միջեւ: Այստեղ երեխան կարող է տիկնիկի հետ հարց ու պատասխանի մեջ մտնել: «Երեք խոզուկներ» հեքիաթի բեմադրության ժամանակ հաճախ է լինում, որ խոզուկները չեն կարողանում մինչեւ տասը հաշվել, հաշվում են, օրինակ, այսպես` մեկ, վեց, հինգ, տասը, երեխաներն էլ միջամտում են, ուղղում են տիկնիկներին: Ավելի մեծ դահլիճում դա հնարավոր չէ, որվհետեւ անկարգության կվերածվի: Իսկ մեր թատրոնը տարբերվում է, այն իր հստակորեն տարբերվող դեմքն ունի: Սա 21-րդ խաղաշրջանն է: Անկեղծորեն ասում եմ` արդեն շատ եմ հոգնել եւ նույնիսկ որոշել էի չսկսել խաղաշրջանը, բայց այնքան են զանգահարում, որ ակամա շարունակում ես նորից հաղթահարել դժվարությունները: Այս խաղաշրջանում էլ կբեմադրենք «Երեք խոզուկներ», «Հենզելն ու Գրետելը», «Ճիբլոն եւ կատուները», «Պոչատ աղվեսը»,« Ծիտը»… Որ երեխա ունենաս, ձեռքից կբռնես ու կբերես մեր թատրոն:

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Մշակույթ » «Տեր լինելու զգացողությունն իմ մեջ ընդգծված է… »