Նախարար Պապիկյանը ներկայացրեց Շիրակի նոր մարզպետին․ հրաժարական տված Տիգրան Պետրոսյանը ներկա չէր

Կիսվել

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Շիրակի մարզի պաշտոնյաներին՝ համայնքապետերին, պետական տարբեր հիմնարկներ ղեկավարներին, ուժային կառույցների ներկայացուցիչներին պաշտոնապես ներկայացրեց Շիրակի նորանշանակ մարզպետ, վիրաբույժ Հովհաննես Հարությունյանին։

Ներկա էին նաև «Իմ քայլը» դաշինքի՝ Շիրակի մարզից ընտրված պատգամավորները։ Հանդիպումը սկսվեց պատերազմում նահատակվածների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։ Նախարարը նշեց, որ իր օրոք երրորդ մարզպետն է նշանակվում Շիրակի մարզում, և որ նրանց գործունեությունը մեկ մյուսի շարունակությունն է:

«Լիահույս եմ, որ պարոն Հարությունյանը նույնպես այդ ավանդույթը կշարունակի, և այն փոփոխությունները, որոնք 2018 թվականից սկսած՝ մենք ձեռնարկել ենք մարզում, դրանք շարունակական կլինեն։

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Տիգրան Պետրոսյանին, ինչ-ինչ պատճառներով նա ներկա չէ, շնորհակալ եմ բարեխիղճ աշխատանքի համար, հետագա գործունեության մեջ նրան հաջողություն եմ մաղթում։

Նոր մարզպետին՝ պարոն Հարությունյանին, այս դժվարին ժամանակաշրջանում ուզում եմ շնորհակալություն հայտնել իր ուսերին այս բեռը վերցնելու, այս պատասխանատվությունը, որովհետև ընթացիկ տարում և առաջիկայում մենք կարևոր անելիքներ ունենք։ 2020 թվականը մեզ համար բարդ տարի էր՝ սկսած նոր կորոնավիրուսի համաճարակից, արցախյան պատերազմը, որն այս փուլում մեզ համար նոր մարտահրավերներ են ի հայտ բերել։ Եվ ամենակարևորը մեր ողնաշարը շտկելու, մեր ոտքերի վրա ամուր կանգնելու խնդիրն է»։

Նախարարը, դիմելով նորանշանակ մարզպետին, ասաց, որ այս փուլում մարզում կարևոր է միասնության, համերաշխության մթնոլորտի ստեղծումը։ «2020 թվականի իրադարձությունները նաև որոշակի փոփոխություններ պիտի մտցնեն մի շարք հարցերում, նաև տարբեր հարցերի նկատմամբ մոտեցումներում, որովհետև շատ գործընկերներ թե՛ պատերազմի ժամանակ, և թե՛ մինչ այդ՝ համավարակի դեմ պայքարի ընթացքում իրենց դրսևորել են արժանվույնս, և մենք պիտի գնահատենք նրանց արածը, նրանց վաստակը։

Շնորհակալություն եմ ուզում հայտնել այն համայնքապետերին, որոնք արձագանքելով հնչած կոչերին՝ առանց մի վայրկյան մտածելու նետվեցին առաջնագիծ։ Շնորհակալ եմ ձեր պատասխանատու, հայրենիքին նվիրված լինելու վարքագծի համար»,-ասաց նախարարը Սուրեն Պապիկյանը նշեց, որ 2021 թվականին ծրագրերը շարունակվելու են․ մասնավորապես Գյումրիի տեսքի վերականգման աշխատանքները շարունակվելու են։

Նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանն էլ իր ելույթում, անդրադառնալով 2020 թվականի արհավիրքին, հույս հայտնեց, որ 2021 թվականն ու հետագա տարիները կլինեն վերածննդի տարիներ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Աղբյուրը՝www.aravot.am

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Նախարար Պապիկյանը ներկայացրեց Շիրակի նոր մարզպետին․ հրաժարական տված Տիգրան Պետրոսյանը ներկա չէր