Տուֆաշենի դպրոցում բացվեց Նվեր Գրիգորյանի անվան դասարան

Կիսվել

Տուֆաշենի միջնակարգ դպրոցում բացվեց անմահ հերոս Նվեր Գրիգորյանի անվան դասարան։ Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Տուֆաշեն գյուղի միջնակարգ դպրոցում կայացավ «Կյանքն անցողիկ է, անունը՝ ցմահ» խորագրով հուշ – ցերեկույթ՝ նվիրված արցախյան պատերազմում հերոսաբար զոհված Նվեր Հայկազի Գրիգորյանին։


Միջոցառման ժամանակ ցուցադրվեց տեսաֆիլմ, որտեղ Նվերի մանկության, պատանեկության, երիտասարդության, բանակային ծառայության լուսանկարներն էին ամփոփված։ Դպրոցի ռազմագիտության դասարանը անվանակոչվեց անմահ հերոս, ավագ սերժանտ Նվեր Գրիգորյանի անվամբ։

Հուշ – ցերեկույթին ներկա էին հերոսի ծնողները, հարազատները, Տուֆաշենի գյուղապետ Արտակ Եգորյանը, գումարտակի հրամանատար Պավլիկ Արամյանը, միջնակարգ դպրոցի տնօրեն Ժան Ոսկանյանը, դպրոցի մանկավարժական կոլեկտիվը, աշակերտներ, համագյուղացիներ։

Դպրոցի տնօրեն Ժան Ոսկանյանը նշեց, որ մանկավարժական խորհրդի միաձայն որոշմամբ է ընդունվել դպրոցի ռազմագիտության դասարանի անվանակոչումը շրջանավարտ, անմահ հերոս Նվեր Գրիգորյանի անվամբ։

Տնօրենը բնութագրելով Նվերին՝ նշեց. «Նվերը, մեր այն լավագույն շրջանավարտներից էր, ով ուներ շատ մեծ կազմակերպչական ջիղ, յուրաքանչյուր հարցում նա առաջինն էր, շատ սիրում էր բնությունը, միշտ պատրաստ էր օգնելու բոլորին, շատ բարի էր»։

Գումարտակի հրամանատար Պավլիկ Արամյանը նշեց. «Կուզենայի, որ մեր բոլոր երիտասարդները նմանվեն Նվերին, նա իրոք հերոս էր, նա քաջ գիտակցում էր, որ հերոսանալու հավանականությունը շատ մեծ է, սակայն չէր կռվում լոկ հերոսանալու համար, այլ կռվում, մարտնչում էր հայրենիքի, մեր սուրբ հողի համար, Նվերը կռվում էր անձնվիրաբար՝ չխնայելով ոչինչ, նա նվիրյալ մարտիկ էր»։

Նվեր Գրիգորյանը պատերազմի ընթացքում ցուցաբերած բացառիկ խիզախության, արիության համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու արժանացել է «Մարտական ծառայության» մեդալի, որը գումարտակի հրամանատարը հանձնեց հերոսի ծնողներին։

Հերոսի մայրը՝ տիկին Էլմիրան էլ նշեց. «Նվերը ոչ մի անգամ դժգոհ չի եղել ծառայությունից, միշտ ասում էր՝ մամ ջան, շատ լավ եմ, ամեն ինչ կարգին է, չմտածեք, մի անհանգստացեք։ Վերջին օրն էլ կապի մեջ է եղել, հոր ու եղբոր հետ խոսել, ասել է՝ լավ եմ։ Հրամանատարը զոհվել է, ու նա իր վրա է վերցրել հրամանատարությունը»։

Միջոցառման ավարտին ներկաները հարգանքի տուրքը մատուցեցին հերոսի շիրիմին, ծաղիկներ խոնարհեցին, խնկարկեցին։

Գրիգորյանների ընտանիքը, երկար ժամանակ լուր չունենալով իրենց որդուց՝ Նվերից, կարծել է, թե անհետ կորած է։ Սակայն երկու ամիս անց իմացել են ցավալին, Նվերը հերոսացել է հանուն հայրենիքի։ «Ծառայում էր Մարտակերտի զորամասում։ Չխնայելով ոչինչ՝ Նվերը խիզախաբար մարտնչել, պայքարել է Մարտակերտի, ապա Մարտունու պաշտպանական դիրքերում։ Պատերազմի ժամանակ Նվերին տեղափոխել էին Մարտունի 2։ Հրամանատարի մահից հետո եղբայրս իր վրա է վերցրել հրամանատարությունը, ոչնչացրել թշնամու 80֊ից ավելի զինվորի։ Հոկտեմբերի 29֊ին փրկել է 25 զինակից ընկերների կյանքը և հենց նույն օրը հերոսաբար զոհվել իր պահած դիրքում` ոչ մի մետր չնահանջելով»,-նշեց հերոսի եղբայրը՝ Նոդարը։ 

Նվերը ընտանիքի միջնեկ զավակն էր, ունի քույր ու ավագ եղբայր։ Նա հունվարին պիտի զորացրվեր։ 20֊ամյա Նվերի հերոսանալու լուրն ընտանիքը իմացել է հոկտեմբերի 31֊ին, սակայն, քանի որ մարմինը չէին կարողանում գտնել, հույս են ունեցել, որ որդին ինչ ֊որ տեղ թաքնվել է և ողջ է։ Հունվարի 17֊ին, սակայն, ԴՆԹ փորձաքննությամբ գտել են Նվերի մարմինը։

Հավերժ փառք, մեր բոլոր հերոսներին։

Հովհաննես Սարգսյան

Աղբյուրը՝ asparez.

։

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Տուֆաշենի դպրոցում բացվեց Նվեր Գրիգորյանի անվան դասարան