«Ու թեկուզ ողջ աշխարհն էլ գոռա՝ չկաս, ես միշտ սպասելու եմ, որ կգաս»․ Գարիկ Արեւիկյան

Կիսվել

Մեր կայքի թղթակից Հովհաննես Սարգսյանը այս անգամ պատմում է հայրենյաց նահատակ Գարիկ Էդիկի Արեւիկյանի մասին

Գարիկ Էդիկի Արևիկյանը ծնվել է 1997 թվականի նոյեմբերի 7-ին Շիրակի մարզի, Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղում ։ 8 տարեկանից զբաղվել է տարբեր սպորտաձևերով և պարով։ 2009-2014թթ. հաճախել է Քիք-բոքսինգի պարապմունքների, Վրաստանում, Մոսկվայում մասնակցել առաջնությունների, արժանացել է բազմաթիվ մեդալների, պատվոգրերի, գավաթների, դիպլոմների ։

Գարիկի քույրը Մերին, մեզ հետ զրույցում, մեծ հպարտությամբ է պատմում իր մարզիկ – հերոս եղբոր մասին, միևնույն ժամանակ կսկիծով։ Հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո, 2015 թվականին ընդունվել է Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը, սովորել է սպորտային խաղեր /վոլեյբոլ / բաժնում ։ 2017-2019թթ.Գարիկ Արևիկյանը Բրազիլական Ջիու-ջիթսու մարզաձևում Հայաստանում և միջազգային ասպարեզում բարձր է պահել հայոց եռագույն դրոշը, բազմիցս գրավելով առաջին հորիզոնականը, արժանացել բազմաթիվ մեդալների, պատվոգրերի, գավաթների ։

2019 թվականին, կարմիր դիպլոմով ավարտել է ինստիտուտը և նույն թվականի հուլիսի 3-ին զորակոչվել Հայոց բանակ, հայրենիքին իր սրբազան պարտքը տալու։ Ծառայության է անցել ԼՂՀ Մեխակավանի /Ջաբրայիլ / զորամասում ։Եղել է հրետանավոր, կրտսեր սերժանտ, տիրապետել է նաև «մինամիոտ» և «պեկա» զենքերին ։ Պատերազմի ծանր օրերին Ջաբրայիլից տեղափոխվել է Հադրութ, Ֆիզուլի, այնուհետև Մարտունի։ Մեկ ամիս, 3 օր մասնակցել է ծանր մարտերի և հերոսաբար անմահացել հոկտեմբերի 30-ին անօդաչուի հարվածից։

Հերոս Գարիկի վերջին զանգը մայրիկի տիկին Հերմինեի հետ եղել է հոկտեմբերի 29-ին, հերոսի վերջին խոսքերն էին «Մամ, Մարտունին կարծես դրախտ լինի, ոնց թողնենք ախր»… ։Հերոս Գարիկ Արևիկյանը, հասցրեց բազում երեխաների ծանոթացնել իր շատ սիրելի մարտարվեստին և ամենաթանկը, իր կյանքը նվիրաբերեց, որպեսզի նրանք կարողանան ապրել խաղաղ երկնքի տակ։ Գարիկը տան միակ տղան էր, մի քույր, մի եղբայր են։ Մայրը տիկին Հերմինեն ուսուցչուհի է, դասավանդում է Փանիկի միջնակարգ դպրոցում, հայրը Էդիկը մեկնում է արտագնա աշխատանքի։ Գարիկը շատ էր խորացել սպորտի մեջ, մրցումներից երբևէ առանց մեդալների չէր վերադառնում, ինչքան մրցույթների մասնակցեր, պատվավոր տեղեր էր զբաղեցնում։

Գարիկը շատ համեստ էր, ընկերասեր, կարող է բազում խնդիրներ ունենար, բայց երբ իրենից օգնություն խնդրեին, իր բոլոր դժվարությունները մի կողմ թողած, առանց մեկ րոպե վարանելու կհասներ օգնության։Վրաստանում խայտառակ պարտության է մատնել իր մրցակցել և արժանացել սև գոտի Դան կարգի։ Ցավոք, Աբու – Դաբիում կայանալիք մրցման ժամանակ զինկոմից ծանուցագիր եկավ ու այդպես չթողեցին, որ գնար մասնակցեր։ Նա նաև ընդհանուր խառը մենամարտերի /MMA/չեմպիոն էր, պրոֆեսիոնալ մարզիկ, նրան փայլուն ապագա էր սպասվում, նշում է հերոսի քույրը։

Այս մարտարվեստի հայազգի ներկայացուցիչ, աշխարհի բազմակի չեմպիոն Էդվին Նաջմին, ով վերջերս այցելել է հերոս Գարիկի հայրենի տուն և նրա շիրիմին, գրառում է կատարել իր սոցիալական էջում «Հանգչիր խաղաղությամբ, Հերոս։ Նա շատերի նման երազում էր Ջիու-ջիթսուի մասին, սակայն պարտքի կանչով, իր կյանքը նվիրաբերեց հանուն մեր ժողովրդի ու հայրենիքի պաշտպանությանը։ Երջանիկ եմ, որ հանդիպել եմ այսպիսի լեգենդի և մարտիկի։ Մենք հավերժ կհիշենք քեզ» – գրել է Նաջմին։

Գարիկի մասին ցավով է խոսում Հայտնի պրոֆեսիոնալ մարզիկ ֊մարզիչ,Եվրոպայի չեմպիոն, ACB կարգի չեմպիոն, ընդհանուր խառը մենամարտերի չեմպիոն Սարգիս Վարդանյանը․
« Գարիկը շատ հեռանկարային մարզիկ էր, միասին անցկացրել են պարապմունքներ, նրան շատ մեծ ապագա էր սպասվում։ Գարիկի վերջին 2 մարտերն էլ եղավ ադրբեջանցու հետ, մեկը ռինգում, ամենավերջինը եղավ կռվի դաշտում» ։

Ես դուրս էի եկել Գարիկի ընտանիքի հետ նրա բացակա հանդիպումից, բայց երկար ժամանակ իմ ականջներում նրա քրոջ՝ Մերիի խոսքերն են. «Ու թեկուզ ողջ աշխարհն էլ գոռա չկաս.. Ես միշտ սպասելու եմ, որ կգաս»։

Հավերժ փառք մեր բոլոր Հերոսներին ։

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » «Ու թեկուզ ողջ աշխարհն էլ գոռա՝ չկաս, ես միշտ սպասելու եմ, որ կգաս»․ Գարիկ Արեւիկյան