Պատարագ Հայրենյացի «Սուրբ Աստվածածին» եկեղեցում

Կիսվել

Այսօր, նոյեմբերի 23-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Նիկողայոսի տոնը։ Այն նշվեց նաեւ Հայրենյաց համայնքում, ուր աղոթք արվեց նաեւ  երջանկահիշատակ, գյուղի մեծ բարեկամ, ծնունդով Հայրենյացից Ռաֆիկ Հարությունյանի հոգու հանգստության համար։

Վաղ առավոտից հավատացյալներով լեցուն էր Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Հայրենյաց գյուղի 138-ամյա «Սուրբ Աստվածածին» եկեղեցին։

Գյուղի եկեղեցու քահանան, Տեր Եղիշեն, մատուցեց Սուրբ պատարագ՝ նվիրված հրաշագործ, սքանչելագործ Սուրբ Նիկողայոսին։ Քահանան իր աղոթքում մասնավորապես նշեց. «Սուրբ Նիկողայոսը, մանուկներին, երեխաներին նվերներ է միշտ բաժանել, դրա համար էլ ահա, այս խորհուրդն ունի»։

Տեր Եղիշեն, աղոթեց նաև Հայրենյացի Սուրբ Աստվածածին եկեղեցու բարերարներից, երջանկահիշատակ, մեծ հայ, արդյունաբերող, ծնունդով Հայրենյացից Ռաֆիկ Հարությունյանի հոգու հանգստության համար։

Ռաֆիկ Հարությունյանը եղել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, «ՆԱՐԵԿ» ընկերության հիմնադիր նախագահ ։ Նա ավագագույն տնտեսական գործիչներից է, ով դեռևս խորհրդային տարիներին, վարելով բարձր և պատասխանատու պաշտոններ, արժանապատվորեն պահպանել էր սեփական դիմագիծը, սկզբունքայնությունը։

Նոյեմբերի 26֊ը բարերար Ռաֆիկ Հարությունյանի ծննդյան օրն է։ Նոր սերունդն հավանաբար քիչ բան գիտի արժանավոր մեր հայրենակցի մասին, սակայն նրա ժամանակակիցները ավելի՛ քան գնահատում են։ Բավական է կարդալ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության պաշտոնական կայքէջում (http://umba.am/) նրա մասին հիշատակուները։ Մասնավորապես  Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյան գրում է .– «Նորանկախ Հայաստանում 1990-ականների սկզբներին գործարարությունը նման էր փոթորկված ծովի. միայն քչերը գիտեին՝ հանպատրաստից ինչ անել եւ ինչպես։ Այդ բացառիկներից մեկը նախորդ հասարակարգում մեծ շկոլա անցած Ռաֆիկ Հարությունյանն էր, ով դարձավ մեր նոր բիզնեսի առաջին ու հմուտ նավապետերից մեկը։ Նա թեեւ մեր ավագ ընկերն էր, բայց հայրական ջերմությամբ ու բարեհոգությամբ սովորեցնում էր, որ բիզնեսը այն հենման կետն է, որը պիտի զորացնի մեր պետականությունը։ Ինքը հինը քանդողներից չէր, բայց նրանից վերցնելով օգտակարը՝ նորը ստեղծողներից էր։ Նա գործարարներիս համար օրինակ դարձավ ոչ միայն բիզնեսում, այլ նաեւ մարդկային ու գործընկերային հարաբերություններում։ Եվ պատահական չէր, որ մեր Միության գրեթե բոլոր համագումարներում նախագահողը, առաջին արժեւորողն ու գնահատողը ինքն էր՝ հրաշալի ընկեր ու բարերար Ռաֆիկ Հարությունյանը…»:

Ռաֆիկ Հարությունյանն հեռացավ այս կյանքից ՝ մարդկային եւ ծնողական իր արժանիքները փոխանցելով ընտանիքին, զավակներին։ Վերջին 4 տարիներին  Ռաֆիկ Հարությունյանի հարազատները, կինը՝ տիկին Հասմիկը, դուստրերը՝ Սոնան, Ամալյան, Աննան գալիս են հայրենի գյուղ։ Ի դեպ, նրա ավագ դուստրը՝բանասիրական գիտությունների դոկտոր, Վենետիկի համալսարանի պրոֆեսոր Սոնա Հարությունյանը նույնպես չի խախտում այդ ավանդույթը։ Եւ դա մարդկային արժեհամակարգի ուսուցման մի իրական դաս է։

Այս տարին ևս բացառություն չեղավ։ Նրանք այցելեցին գյուղ, հյուրընկալվեցին սիրելի միջավայրում, հանդիպեցին եւ պատգամներ փոխանցեցին Հայրենյացի բոլոր մանուկներին՝ նրանց բաժանելով ոչ անակնկալ նվերներ։ Եւ դա  իրենց շատ սիրելի հայրիկի հոգու հանգստության համար նաև։

Պատարագին մասնակցում էին նաև հավատավոր ուխտավորներ Արթիկից, Լեռնակերտից, Պեմզաշենից, ինչպես նաև Հայրենյաց գյուղի հավատավոր բնակիչները։ Այն հավատավորները, ովքեր կնքված են և հաց չէին ճաշակել, նրանց քահանան բաժանեց նշխարք։Պատարագի ժամանակ հնչեց Ներսես Շնորհալու «Առավոտ լուսոն», ինչպես նաև Գրիգոր Նարեկացու տաղերից։ Նվագակցում էին Արթիկի թեմի հոգեւոր երգչախումբը և Լեռնակերտի եկեղեցու մանկական երգչախումբը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

 Արթիկ Նյուզ կայքի մշտական թղթակից ֊բարեկամ

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Պատարագ Հայրենյացի «Սուրբ Աստվածածին» եկեղեցում